Պատերազմը լինելու է. Ալիևն ամբողջ Սյունիքն ու Հայաստանն է ուզում. Ռուբեն Գալչյան

Հոկտեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին կայացավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 5-րդ հանդիպումը, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ երկու հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման, նիստերի անցկացման աշխատակարգի տեքստը: Պայմանավորվել են սկսել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քարտեզագիր Ռուբեն Գալչյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, շեշտեց՝ անկախ նրանից, թե այս հանձնաժողովները քանի անգամ կհանդիպեն, Հայաստանը պետք է պնդի, որ որևէ հարցով քննարկում տեղի պետք է չունենա, քանի դեռ ադրբեջանական զորքը չի հեռացել Հայաստանի օկուպացրած տարածքներից։

«Ադրբեջանն օկուպացրել է Սև լճի տարածքը, գրավել Շորժայի մեծ մասը, Ջերմուկում է առաջ եկել, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում և այլ տարածքներում։ Եթե ընդունենք, որ Ադրբեջանն այդ տեղում կանգնած սկսի Հայաստանի հետ սահմանագծում և սահմանազատում անել, դա նշանակում է, որ Հայաստանն ընդունում է, որ օկուպացված տարածքն Ադրբեջանինն է։ Քանի դեռ Ադրբեջանի ղեկավար Ալիևը չի հայտարարել, որ դուրս է գալիս Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2021 թվականից հետո, Հայաստանի իշխանությունն իրավունք չունի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարելուն համաձայնություն տալ»,- ասաց Ռուբեն Գալչյանը։

Կարդացեք նաև

Քարտեզագրի խոսքով՝ երբ Ալիևը հրաժարվում է հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը, իսկ դրան հակառակ՝ Հայաստանի իշխանության ղեկավարը հայտարարում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, նշանակում է՝ դրանով Ալիևի ձեռքը տալիս է խաղաթուղթ՝ Հայաստանից վերցված տարածքներն իրենը համարելու համար: Մինչդեռ Ալիևը չունի անգամ իրավունք ոչ դրա, ոչ էլ Հայաստանից պահանջելու այդ «անկլավներ» կոչվածները, քանի որ ներկայիս Ադրբեջանը Խորհրդային Միության իրավահաջորդը չէ, իսկ անկլավները Խորհրդային Միության օրոք են ձևավորվել։

«Անկլավները տրվել են Ադրբեջանին 1936-1939 թվականներին. Խորհրդային Միությունը պարզապես գծել և տվել է։ Չկա արխիվային գեթ մեկ փաստաթուղթ, որն ապացուցի, որ Հայաստանը փաստաթղթով կողմ է եղել, որ այդ անկլավները տրվեն Ադրբեջանին»,- ասաց Գալչյանը՝ շեշտելով՝ միջազգային իրավունքի տեսակետից ևս ապօրինի է Ադրբեջանի պահանջը Հայաստանից։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանության ղեկավարի այն հայտարարությանը, որ պետք չէ Տիգրանաշենի կարևորությունն այդքան ընդգծել, Ռուբեն Գալչյանը պատասխանեց՝ եթե առանց նոր այլընտրանքային ճանապարհ կառուցելու՝ Տիգրանաշենը տան Ադրբեջանին, ապա Հայաստանի կապն իր հարավային սահմանի հետ կկտրվի։

«Ադրբեջանը Տիգրանաշենով չի բավարարվելու։ Պետք է ոչինչ չտանք Ադրբեջանին, հակառակ դեպքում ամբողջ Սյունիքն է ուզելու։ Ի վերջո, պետք է մի կետում կանգնել Ադրբեջանի առջև։ Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի ուզածը չտանք, պատերազմ կլինի, ապա դա լինելու է՝ ուզեն թե չուզեն։ Ալիևն ամբողջ Սյունիքն է ուզում, և Հայաստանը պետք է կանխի այդ ցանկությունները՝ այսօրվանից հրաժարվելով զիջել»,- ասաց Գալչյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս