«Սա ստորություն է, 2 կոպեկ թոշակի համար մարդկանց ստիպում են մեկընդմիշտ հրաժարվել Արցախից. Արմեն Գրիգորյանին թող «մշտական փախչողի» կարգավիճակ տան». Լևոն Հայրյան
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախից բռնի տեղահանված հազարավոր արցախահայեր, որոնց բնակության վայրն ու տներն Ադրբեջանն օկուպացրել էր, Հայաստանում շարունակում են պահանջել կարգավիճակ։ ՀՀ-ում նրանք բախել են գրեթե բոլոր գերատեսչությունների դռները, սակայն ապարդյուն։
168.am-ի հետ զրույցում Հադրութից տեղահանված բնակիչ, «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանն ասաց, որ այս երեք տարիների ընթացքում իրենց խնդիրներից որևէ մեկը չի լուծվել, որովհետև ՀՀ կառավարությունը դրանք լուծելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ նպատակ ունի։
«Վիճակը շիլաշփոթ է, Կառավարության պրոֆեսիոնալիզմի ու աշխատելու ցանկության բացակայությունը ցուցադրվում է ամեն ինչում։ ՀՀ իշխանությունը ո՛չ աշխատել գիտի, ո՛չ էլ աշխատելու ցանկություն ունի, ոչ միայն արցախցի փախստականներին, այլև Հայաստանի ամբողջ ժողովրդին արհամարհում են։ Սրանք մի ժամանակ հայտարարում էին, որ Արցախը ռուսական պատասխանատվության գոտի է, հիմա էլ հայտարարում են՝ Հայաստանը միջազգային պատասխանատվության գոտի է, իսկ իրենց անելիքը միայն ուտել-խմել ու քեֆ անելն է»,- ընդգծեց Լևոն Հայրյանը։
Ինչ վերաբերում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ նախկին հանդիպմանը, որի ընթացքում պետք է քննարկեին իրենց կարգավիճակը հարցը, Լևոն Հայրյանն ասաց, որ այդ հանդիպումից հետո շատ ջրեր են հոսել։ Դրանից հետո տեղի է ունեցել մեծ ժողով, սակայն ՀՀ կառավարության որևէ անդամ, այդ թվում՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, չի գնացել ժողովին՝ ներկայացնելու, թե ինչպես է տեսնում արցախահայության կարգավիճակի հարցի լուծումը։
«Հասկանալի է, որ իրենք չէին ուզում մեզ փախստականի կարգավիճակ տալ, դրա համար էլ փախնում էին, չէին եկել։
Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է Արցախից բռնի տեղահանվածներին կարգավիճակ տալ, որից իսկի իրենք էլ գլուխ չեն հանում։ Վռազ-վռազ արել են, որ դրսից փող բերեն, որովհետև ի վիճակի չեն պահել 120 հազարի, գումարած 44-օրյայից հետո տեղահանված 20 հազար արցախցու։ Գիտե՞ք՝ այս իշխանության որ մոտեցումն է հետաքրքիր, որ 2023 թվականին բռնի տեղահանվածներին համարում են փախստական, իսկ 44-օրյայի ժամանակ բռնի տեղահանվածներին՝ ոչ։
Մեզ ասում են՝ ձեր թոշակները կտանք, եթե դառնաք ՀՀ քաղաքացի, սա ստորություն է։ Ստիպողաբար, 2 կոպեկ թոշակի համար մարդկանց ստիպում են մեկընդմիշտ հրաժարվել Արցախից ու փակել Արցախի էջը։ Այսինքն՝ իրենց տված թղթերի մեջ այսպիսի տող կա՝ «հայտնում եմ, որ որևէ երկրի քաղաքացի չեմ»։ Ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում մեզ ասում էին՝ դուք չեք կարող լինել փախստական, քանի որ ՀՀ քաղաքացիներ եք, հիմա արդեն հայտնաբերել են, որ ՀՀ քաղաքացի չենք, բա որտեղի՞ քաղաքացի ենք։ Սրանք ուզում են ռուսների ու թուրքերի առաջ քաշած ռեինտեգրացիայի պլանն առաջ տանել, բայց ես հստակ գիտեմ, որ որևէ արցախցի, մինչև Արցախը հայկական չլինի՝ այնտեղ չի վերադառնա։ Մեր իշխանությունն աշխատում է Ադրբեջանի պլանով՝ ռեինտեգրացիա անել արցախահայությանը։
Եթե այդպես է, ուրեմն՝ թող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին էլ «մշտական փախչողի» կարգավիճակ տան, Էդվարդ Ասրյանին էլ հետը՝ երկուսն էլ Արցախից են, բայց չգիտեմ՝ իրենց Արցախի անձնագրերը կա՞ն, թե՞ հրաժարվել են»,- նկատեց մեր զրուցակիցը։
Ըստ նրա, իշխանության գլխավոր նպատակն այն է, որ Արցախի էջը ջնջեն ու փակեն, քանի որ առիթը բաց չեն թողնում՝ ասելու, որ արցախահայության անձնագրերը «ճամփորդական» անձնագրեր են։ Հետևաբար՝ հարց է առաջանում՝ Արմեն Գրիգորյանը, Էդվարդ Ասրյանն ինչպե՞ս են ՀՀ-ում այդ անձնագրերով աշխատել։
«Գնացել եմ իմ վարորդական իրավունքը փոխելու, ինձ ասում են՝ Հադրութում ես հաշվառված, պետք է հանվի։ Հարցնում եմ, ինչո՞ւ պետք է հանվի, ձեր տված վկայականն է, Արցախում վարորդական իրավունք չեն տվել, իմ վարորդական իրավունքի վրա գրված է՝ ՀՀ ոստիկանություն։ Տեսեք՝ ինձ ինչ է ասում աշխատակիցը, ով փոխգնդապետ էր, ասում է՝ վաղն էլ կարող է մի ադրբեջանցի գա ու ինձանից վարորդական իրավունք պահանջի, ես չդիմացա ու պատասխանեցի՝ դե ուրեմն՝ Կառավարությունում նստած բոլոր պաշտոնյաները Ադրբեջանի քաղաքացիներ են»,- ասաց Լևոն Հայրյանը։
Նա նաև փոխանցեց, որ պետք է վերսկսեն իրենց բողոքի ակցիաները, քանի որ այսպես անորոշ իրավիճակում չեն կարողանալու երկար ապրել։