Ընդհանուր 1,3 մլն դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող Հ. Ղ.-ի կողմից մի շարք անձանցից տարբեր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ:
Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատանը վերջիններիս ազգականներին հուղարկավորելու նպատակով նախընտրելի տարածքներում գերեզմանատեղիներ տրամադրելու համար, 2023 թվականի մայիսի 22-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում միջնորդների միջոցով և գերեզմանատան բանվոր Ն. Վ.-ի օժանդակությամբ վերը նշված երեք անձանցից ստացել է համապատասխանաբար 500 հազար, 200 հազար և 600 հազար ՀՀ դրամ կաշառք:
«Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով 30.11.2023 թվականին քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ գերազմանատան վարիչը:
Նույն օրը Հ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հ. Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»,- ասցում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ևս 5 անձի մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու համար:
Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է:
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: