«ՀԱՊԿ-Հայաստան «սիրախաղը» սկսվել է այն ժամանակ, երբ Հայաստանը հետ կանչեց գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին. սա հայ ժողովրդի «ջանից» է դուրս գալու». Քաղաքագետ
Նախորդ շաբաթ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերին ՀԱՊԿ-ում միջոցառում կա, սակայն ինքը չի մասնակցելու, քանի որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ աջակցություն ստանալու համար, սակայն որևէ աջակցություն չի ստացել։
«Դեկտեմբերին ՀԱՊԿ-ում միջոցառում կա, ես նույնպես չեմ մասնակցում։ Հայաստանը նման որոշում չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու, բայց կարծում եմ՝ իմ մասնակցությունն այս ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Այն իրավիճակով, որ ՀԱՊԿ-ը փաստացի իր պարտավորությունները որևէ ձևով չի կատարում և չի կատարել արդեն իսկ, գնամ այնտեղ՝ ի՞նչ անեմ, կբացատրե՞ք ինձ»,- ասել էր Ալեն Սիմոնյանը։
Դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ չի մասնակցելու նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ նիստին, և դրա մասին տեղեկացրել էր իր գործընկերներին։
Ի՞նչ զարգացումներ սպասել ՀԱՊԿ-Ռուսաստան-Հայաստան տարաձայնություններից ու փոխադարձ մեղադրական հայտարություններից, այդ ամենն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։
168.am-ի հետ զրույցում ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը պատասխանելով այս հարցերին, նախ հիշեցրեց, որ ՀՀ օրվա իշխանությունները մինչև հրապարակային կասեին իրենց ավանդական դարձած հայտարարությունը, թե «Ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից», նման խոսակցություններ տանում էին տարիներ առաջ կուլիսներում, այսինքն՝ մի 2-3 տարի է՝ այդ թեզը մշակվում ու առաջ է տարվում, մինչև այն ժամանակ, երբ դարձրեցին հրապարակային։
«ՀԱՊԿ-Հայաստան այս «սիրախաղը» սկսվել է տարիներ առաջ, այն ժամանակ, երբ Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Եթե նկատել եք, վերջին շրջանում ակտիվ խոսում է ՀԱՊԿ նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, որը նախկինում պաշտոնից ելնելով՝ չէր կարողանում խոսել, իսկ այժմ, պաշտոնը թողնելուց հետո, ակտիվ մեկնաբանություններ է տալիս։ Նա բազմիցս նշել է, որ Հայաստանն այդպես էլ չի դիմել ՀԱՊԿ-ին թե՛ 2020 թվականին, թե՛ դրանից հետո, և թե՛ առհասարակ։ Եթե մենք նախկինում սրա մասին լսում էինք ոչ պաշտոնական, ապա այսօր պաշտոնական կա հենց նրա շուրթերից։
Այն հայտարարությունները, որոնք մենք լսում ենք, որ հայ պաշտոնյաներից իրենց բանավոր ասել են՝ մի դիմեք, դրա համար էլ իրենք չեն դիմել։ Այդ հայտարարությանը միշտ պատասխանում եմ, որ ամեն դեպքում, որքան էլ ասել են՝ մի դիմեք, իրենք պետք է դիմեին, թեկուզ օգնություն չստանային, բայց պետք է դիմեին։ Այսպես «սառը» պատերազմով չպետք է շարունակվի, պետք է հասկանան, կա՛մ աջ պետք է գնան, կա՛մ ձախ։ Կներեք, բայց այսքանից հետո հասկանալի է դառնում, որ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին»,- շեշտեց Մարիամ Հովսեփյանը։
Քաղաքագետն այս իրավիճակի լուծումը դեռ չի տեսնում, նրա կարծիքով՝ փոխադարձ բողոքներն ու քննադատությունները դեռևս շարունակվելու են, քանի որ կողմերից որևէ մեկը ցանկություն չունի առաջին քայլն անելու՝ իրավիճակը շտկելու համար։
«Իրավիճակը բավականին սուր է, և չի բացառվում, որ հունվար ամսից սկսած հայտնվենք ընտրության առաջ՝ կա՛մ այս կողմ, կա՛մ այն կողմ, քանի որ Հայաստանը վաղուց ՀԱՊԿ-ին այլընտրանք է փնտրում։ Անգամ հիշում եմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արման Բաբաջանյանը, որ այդ ժամանակ դեռևս պատգամավոր էր, հատուկ գնացել էր ԱՄՆ, որպեսզի օգնություն ստանային և ՆԱՏՕ մտնելու հիմքեր ունենային։ Դե, ԱՄՆ-ից էլ հնչել է, ինչպես միշտ, կլասիկ պատասխան, ասել են՝ քանի որ այս պահին դուք ՌԴ-ի հետ համագործակցում եք, որևէ բանով չենք կարողանալու օգնել։ Այսինքն՝ ասել են, որ Հայաստանը հրաժարվի Ռուսաստանից, որպեսզի իրենք էլ հասկանան, թե ինչ են անում։
Հիմա հարց է առաջանում՝ նման անցումային շրջանում հրաժարվել մի կառույցից ու նետվել մեկ այլ կառույցի գիրկ, արդյո՞ք ռիսկային չէ։ Սա էլ այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ում Թուրքիան բավականին լիդերական դիրքեր է զբաղեցնում, տրամաբանությունը չեմ հասկանում՝ մտնում ենք ՆԱՏՕ, որ նա մեզ ումի՞ց պաշտպանի, իր լիդերական պետություններից մեկի՞ց»,- հավելեց Մարիամ Հովսեփյանը։
Քաղաքագետի բնորոշմամբ՝ հետսովետական երկրներն Արևմուտքին հետաքրքիր են միայն նրանով, որքանով կկարողանան կոնկրետ հակառուսական լինել։ Այդ առումով կա Վրաստանի, Ուկրաինայի օրինակը, հետևաբար՝ ցավալի է տեսնել, որ այժմ էլ էստաֆետը հանձնել են Հայաստանի իշխանություններին, և քանի դեռ ամեն ինչ վերջնականապես կորած չէ, Հայաստանն ունի որոշակի հնարավորություններ իրավիճակը շտկելու։
«Տեսնենք, այս ամենն իր արդյունքին կհասնի՞ պատվիրատուների կողմից, թե՞ ոչ։ Իրավիճակը գնալով խորանում է, ու դա դուրս է գալու հայ ժողովրդի «ջանից»։ Ապրելով Ռուսաստանում, հասկանում եմ, որ այս գերտերության համար բոլոր պետությունները հավասար են, այսինքն՝ եթե կորցրեց Վրաստանին ու, այսպես ասած՝ առանձնապես ծանր չտարավ, Հայաստանին կորցնելուց հետո, չեմ կարծում, որ մեծ կորուստներ է ունենալու։ Ինչ վերաբերում է սովորական քաղաքացիներին, ապա այս ամենն իրենց վրա է անդրադառնալու։ Հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում ավելի հեշտ են պաշտոնապես տեղավորվում աշխատանքի, բժշկական օգնություն ստանում, մի շարք ծառայություններից օգտվում, բնական է, այս ամենն առաջիկայում դժվարանալու է։
Եթե վերադառնանք նույն համակարգին, ինչպես ԱՊՀ անդամ մյուս երկրների դեպքում, որ ՌԴ մտնելիս 7 օրում պետք է գրանցվել և այլն, ստացվում է բավականին բարդ համակարգ, որից պետք է գլուխ հանել։ Կարծում եմ՝ հունվարից կկիրառվի ձևաթուղթը, որը, մեկ տարի է՝ պատրաստվում է, որպեսզի օտարերկրացիները ՌԴ մտնելուց ստորագրում են, որը վերաբերում է սոլիդարություն պահպանելուն ներկա իշխանությունների հետ, որպեսզի նրանց դեմ ցույցերի չմասնակցեն, հակառակ դեպքում քրեորեն կպատժվեն, քանի որ այդ թուղթը երկիր մտնելուց հետո ստորագրել են»,- եզրափակեց Մարիամ Հովսեփյանը։