Ուսում և կյանքի կարգավորում
– Հա՛յր, շատ երիտասարդներ, երբ դեռ չեն որոշել, թե որ ճանապարհը պետք է ընտրեն, դժվարանում են իրենց ուսման մեջ առաջ գնալ: Նրանց շարունակ մտահոգում է ընտրության հարցը և ընթերցանության վրա չեն կարողանում կենտրոնանալ:
– Երբ որևէ երիտասարդ այդպիսի խնդիրներ ունի, ես ասում եմ. «Գիտե՞ս, որ այսօր կան մեծ սառնարաններ: Ուրեմն այդ հարցը դիր այդպիսի մի սառնարանի մեջ, մինչև որ վերջացնես ուսումդ: Չեմ ասում, որ մի կողմ նետես այն հարցերը, որոնք քեզ մտահոգում են, այլ պահպանես սառնարանում, մինչև որ վերջացնես ուսումդ: Եթե այժմ ուշադրություն չդարձնես քո ուսմանը, քո ընկերները կկարգավորեն իրենց կյանքը, կխաղաղվեն և հետո կաղոթեն քեզ համար, որպեսզի դու էլ կանոնավորես քո կյանքը»:
Անհրաժեշտ է, որ երիտասարդները շատ ուշադիր լինեն, որովհետև դա մարդու թշնամու` սատանայի նենգությունն է, որպեսզի երիտասարդների համար փորձություններ ստեղծի:
– Հա՛յր, մի աղջկա ասացի. «Եթե մտածում ես ամուսնության մասին, մի՛ սովորիր»:
– Իսկ մինչև ամուսնանալն ի՞նչ անի:
– Ավելի լավ է, որ մի համալսարան ավարտի կամ մի արհեստ սովորի, որովհետև նրա կյանքում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ իր ստացած ուսման կարիքն ունենա: Մի անգամ ինձ մի աղջիկ ասաց. «Մտածում եմ միանձնուհի դառնալ, սակայն շարունակ փոխում եմ միտքս»:
Նրան հարցրեցի. «Ո՞ր դասարան ես.: Պատասխանեց. «Տասնմեկերորդ դասարան, սակայն չեմ ցանկանում սովորել»:
Ասացի նրան. «Չե՞ս ցանկանում սովորել: Այդ դեպքում եկ ասեմ քո հորը, որ քեզ համար այծեր գնի, տա մի հովվաշուն, մի սրինգ, որպեսզի նվագես և արածեցնես նրանց: Դա քեզ դո՞ւր է գալիս: Հետևաբար, մի արհեստ սովորիր»:
Պատասխանեց. «Հա՛յր, այդ դեպքում, մինչև միանձնուհի դառնալու կամ ամուսնանալու որոշում կայացնելը, մնամ վանքում և սովորեմ խոնարհության արվեստը»:
Ասացի նրան. «Այդ արվեստը կարող ես սովորել նաև քո տանը, եթե ուրախությամբ ես ընդունում այն ամենը, ինչ որ ծնողներդ ասում են: Սկզբում վերջացրու դպրոցը, համալսարան ընդունվելու համար քննությունները տուր և երբ վերջացնես, կտեսնենք թե ինչ կանես»:
Պատասխանում է. «Հա՛յր, սակայն հինգ տարին շատ չէ՞ որոշում կայացնելու համար»:
Ասացի. «Շատ է, սակայն ի՞նչ անենք, քանի որ դեռ ոչինչ չես որոշել»:
Աղջիկն ասաց. «Դրա համար ե՞ս եմ մեղավոր, քանի որ անկայուն եմ»:
Պատասխանեցի. «Ոչ, սակայն կշեռքը մինչև հիմա չի թեքվում ոչ մի կողմը, ոչ էլ մյուս կողմը»:
Նման դեպքերում պետք է ասենք երեխաներին, որ ուշադիր լինեն և ժամանակը աննպատակ չանցկացնեն: Ուսման ընթացքում ինչքան հնարավոր է ապրեն հոգևոր կյանքով, վերցնեն դիպլոմը, որը պարտադիր է, իսկ հետո Աստված մեծ է: Այդ ժամանակահատվածում գտնեն մի լավ խոստովանահայր, որպեսզի իրենց օգնի, որ հեշտությամբ մի ճանապարհով կամ մյուսով չոգևորվեն, բայց նաև չհուսահատվեն: Լցվեն համբերությամբ, որպեսզի ավարտեն ուսումը և այդ ժամանակ այլևս հասուն կերպով կկարողանան որոշում կայացնել ավելի շատ նախապայմաններով կա՛մ մի ճանապարհի, կա՛մ մյուս ճանապարհի համար և անեն այն, ինչ որ կարծում են, որ լավ է Աստծու փառքի համար: Այսօրվա աշխարհի պատկերն այնպիսին է, որ երիտասարդների հասունացումը նպաստող հանգամանք է, որ հետագայում նրանց համար ամեն ինչ լավ լինի: Մասնավորաբար, երբ մեկը ոգևորվող է, պետք է շատ ուշադիր լինի, որպեսզի ոչ հասուն որոշումներ չկայացնի:
– Հա՛յր, կան երեխաներ, որ իրենց դասերը չեն սովորում, որովհետև նախընտրում են հոգևոր ուսումնասիրություններն ու աղոթքը:
– Ոչ, չպետք է թողնեն դասերը: Թող իրենց դասերին զուգահեռ հայրաբանական գրքերից ինչ-որ զորավոր գործ կարդան, աղոթեն, խոնարհվեն, որպեսզի հոգևոր կյանքի մեջ էլ հաստատուն մնան: Երբ շատ դասեր ունեն, կարող են ընդմիջումներ անել և աղոթել կամ սաղմոսներ կարդալ: Եթե ուզում են որևէ բան անել, որը հետագայի համար, դա էլ չեն կարող ճիշտ անել, որովհետև կմտածեն ընթերցանության մասին, իրենց ուսման մեջ առաջ չեն գնա և արդյունքում ոչինչ չեն անի: Մինչդեռ եթե սովորում են, շուտ կվերցնեն իրենց դիպլոմը և հետո կանեն այն, ինչ ուզում են: Ես երբ առողջարանում էի, ոչ աղոթում էի, ոչ էլ պահք էի պահում, ուտում էի այն, ինչ ինձ տալիս էին, որովհետև մտածում էի, որ ավելի լավ է այժմ օգնել բժիշկներին, որպեսզի նրանք էլ ինձ օգնեն, որ առողջանամ, իսկ հետո անեմ այն, ինչ ուզում եմ:
Ինձ մոտ գալիս են երեխաներ և գանգատվում, որ իրենց ծնողները շատ են ստիպում, որ կարդան: Եթե ես էլ նրանց ստիպեմ, չեմ օգնի: Որպեսզի հասկանան, որ չպետք է թողնեն իրենց ընթերցանությունը, նրանց այնպիսի երեխաների օրինակներ եմ բերում, որոնք չէին կարդում և հետագայում տանջվեցին, նաև այնպիսի երեխաների օրինակներ, որոնք կարդալու շնորհիվ հաջողության հասան: Մի դեպք պատմեմ:
Մի քաղաքում երկու հարևան տղաներ կային: Մեկը շատ խելացի էր: Սակավ ընթերցանությամբ առաջին դասարանից մինչև վերջին դասարանը շարունակ բարձր գնահատականներ էր ստանում: Մյուսը, որն այնքան էլ խելացի չէր, ջանասիրությամբ խելացի ընկերոջն էր հետևում: Այն աշակերտը, որ խելացի էր, հենց վերջացնում է տասներորդ դասարանը, մտնում է շրջապատ, թողնում դպրոցը, իսկ հետագայում ստիպված է լինում աշխատել մի ձեռնարկությունում որպես հավաքարար: Ամուսնանում է, ունենում երկու երեխա, սակայն ամեն ինչ դժվարությամբ է ձեռք բերում:
Մյուսը վերջացնում է իրավաբանության ֆակուլտետը, բարձրագույն կրթություն ստանալու համար գնում է նաև Եվրոպա: Մի օր այն ձեռնարկությունում, ուր աշխատում էր այդ խելացի երիտասարդը, սպասում էին նոր տնօրենին: Բոլորն ասում էին, որ նոր տնօրենը բարձրագույն կրթություն ունի: Եվ ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ այդ նոր տնօրենը իր համադասարանցին էր: Հենց որ հավաքարարը տեսավ նրան, ճանաչեց: Նրան այնպիսի հուսահատություն համակեց, որ ինքնասպանության երկու-երեք փորձ արեց: Մի մարդ նրան խորհուրդ տվեց, որ գա ինձ մոտ: Նա խոսեց ու ասաց.
– Իմ համադասարանցին իմ տնօրենն է:
– Դու նրանից ավելի բարձր պաշտոնի կլինեիր: Դու և քո երեխաները լավ կյանք կունենայիք և բարիքներ կգործեիք: Բավական չի՞, որ պատճառ դարձար, որ ընտանիքդ տանջվի, այժմ էլ ուզում ես ինքնասպա՞ն լինել, որ մահացու հարվածես նրանց և երեխներդ ո՞րբ մնան: Քեզ համար չեմ ցավում, որովհետև քո խելքից է տեղի ունեցել այն, ինչ տեղի է ունեցել: Քո երեխաների համար եմ ցավում: Հասկանո՞ւմ ես: Այժմ համբերությամբ լցվի՛ր: Ես հավատում եմ, որ Աստծու օգնությամբ նոր տնօրենն էլ քեզ լավ կվերաբերվի: Կարող է քեզ լավ պաշտոնի էլ դնել և եթե հանկարծ չհանգստանաս, մի ուրիշ աշխատանք գտիր: Քո երեխաներին մի՛ լքիր: Այդ ձևով շտկվեց:
Դրա համար ասում եմ, որ այն երեխաները, որոնք սովորում են, կարդում և չարչարվում են իրենց ուսման ընթացքում, առարկաներ պարտք չեն մնա, շուտ կավարտեն և հետագայում չեն տխրի: Ինչքա՜ն երեխաներ կան, որ ուսման ընթացքում առարկաներ են պարտք մնում և երբ վերջացնում են և որևէ գործի են նշանակվում, կրկին առարկաներ են պարտք մնում և խնդիրներ են ունենում:
– Հա՛յր, եթե մի երիտասարդ իր ուսման ընթացքում ծանոթացել է մի լավ մարդու հետ, ճի՞շտ է, որ ուսման ժամանակ ընտանիք ստեղծի:
Կարծում եմ, որ ինչքան էլ լավ մարդ լինի, դա կկատարվի ուսման հաշվին: Եթե նույնիսկ գտնի ամենալավ կողակցին և ամուսնանա, կլինի մի տանջանք և՛ կնոջ և՛ երեխաների համար: Ավելի լավ է, որ իր ամբողջ հոգևոր և մարմնական ուժերը կենտրոնացնի իր ուսման վրա, որպեսզի հանգիստ ավարտի իր ուսումը և հետո միայն կարգավորի այդ հարցը: Որովհետև եթե իր ուժերը ցրված են, շարունակ և՛ հոգեպես, և՛ մարմնապես կոտրված կլինի:
Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը