«Եթե մարդու մասին չեն մտածում ու որոշումն ավելի են կարևորում, միշտ կարող են լուծում գտնել, ասեն՝ գումար չունեք, տարեք մեքենան վաճառեք». Բաբկեն Պիպոյան
2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն`
«Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մասով,
Միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 70% չափով՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մասով։
Մինչև 5 տարեկան ավտոմեքենաների գծով փոխհատուցվող գումարը կարող է կազմել 3,1 մլրդ դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մասով՝ շուրջ 25,6 մլրդ դրամ։ Արդյունքում, նշված ավտոմեքենաները Հայաստանում ֆիզիկական անձանց կողմից ձևակերպում ստանալու և փոխհատուցում կատարելու դեպքում պետբյուջերի զուտ եկամուտը կարող է կազմել շուրջ 15,6 մլրդ դրամ»,- նշված է ՊԵԿ որոշման հիմնավորումներում, որն ընդգրկվել է Կառավարության չզեկուցվող նախագծերում։
168.am–ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը խոսելով այս որոշման մասին, նախ ասաց, որ մարդիկ հայտնվել են անելանելի իրավիճակում՝ եթե ոչ բոլորը, առնվազն մի մասը։
«Ըստ էության մենք ունենք համակարգային խնդիր, ո՞րն է համակարգային պրոբլեմը՝ չի ապահովվում որոշումների կայացման հարցում ներառականություն, գործադիր մակարդակում չկա պրոֆեսիոնալիզմ։ Երբ լինում է որևէ խնդիր, այդ խնդիրը բնականաբար պետք է լուծվի, այդ խնդիրը հետևյալն է, արդյո՞ք վրացական պետհամարանիշներով պայմանավորված որոշակի չարաշահումներ են տեղի ունեցել, այո, այնպես չէ, որ խնդիր չկա և կարգավորման ինչ-որ դաշտ մտնելու կարիք կա։ Բայց երբ գործադիրը մտնում է պրոբլեմների դաշտ ու չի ապահովում ներառականություն, իր ինքնահավան, ինքնասիրահարված, կիսապրոֆեսիոնալ մոտեցմամբ շատ բարդ վիճակում է հայտնվում, որովհետև չի կարելի բոլորին հավասարեցնել»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։
Ըստ նրա, եթե գործադիրը կարողանար ապահովել ներառականություն, կհասկանար, թե ինչ խնդիրների առաջ կարող են կանգնել։ Այսինքն՝ եթե գործ ունեն թանկարժեք մեքենայի հետ, որով գնորդը հնարք է գտել ու մեքենա բերելով Հայաստան՝ չի մաքսազերծում, ընդամենը տարվա մեջ մեկ անգամ Հայաստանից գնում է Վրաստան ու վերադառնում, իսկ Կառավարությունն էլ հասկանում է, որ, մեղմ ասած՝ փող չունենալու խնդիր չունեցողը Կառավարությանը փող չտալու ձևը գտել է, սա խնդիր է, ու այն լուծելը մեկ բան է, իսկ 2-3 հազար դոլարանոց հին թվի մեքենա մաքսազերծելը՝ մեկ այլ բան։ Այդ պատճառով էլ Կառավարությունն իր որոշմամբ պետք է ապահովեր ներառականություն։
«Պետք է գտնեին համայնքին ու գտնեին համատեղ այնպիսի լուծում, որ մի քանի հոգու վճարելիք գումարների փոխարեն՝ հազարավոր մարդիկ նման բարդ վիճակում չհայտնվեին։ Բայց քանի որ այդ ներառականությունը չեն ապահովել, բախվելու են մեծ խնդիրների, ու հարց է առաջանում՝ այդ խնդրից պետությունը շահելո՞ւ է։ Ավելի քան վստահ եմ, որ այստեղ շատ մեծ ծավալի մեքենաներ պարզապես դուրս են տանելու ու վաճառեն, այսինքն՝ շրջանառությունը տեղի է ունենալու դրսում»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը։
Հարցին՝ եթե, օրինակ, հունվարի 1-ից քաղաքացին չկարողանա մաքսազերծել վրացական պետհամարանիշներով մեքենան, ի՞նչ է սպասվում նրան, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց՝ «պետությունը, գործադիրը ե՞րբ է խելոք ու տրամաբանված որոշում կայացրել, որպեսզի խելոք ու տրամաբանված հարցով դրա պատասխանը գտնենք»։ Նրա խոսքով՝ բազմաշերտ ու բազմաքայլ գործողությունը, շատ պարզ մեխանիզմներով ներդրվում է, և, բնականաբար, այդ մեխանիզմներն իրենց հետ բերելու են խնդիրների։
«Դե, կասեն՝ ի՞նչ խնդիր կա, թող մեքենան տանի Վրաստան, այնտեղ վաճառի, հետ գա։ Այսինքն՝ եթե դու մարդու մասին չես մտածում ու որոշումն ես ավելի կարևորում, քան մարդուն, ապա միշտ կարող ես լուծում գտնել, ասես՝ գումար չունեք, տարեք՝ մեքենան վաճառեք։
Մշտապես խոսում են կյանքի բարելավման մասին, թե նայեք աճը, աճը…, բայց երբ սկսում են հարկերն ու տուրքերը հավաքել, տեսնում ենք, որ գնում են ամենառադիկալ միջոցներին՝ մինիմալ խնդիրներ լուծելու համար»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը։
Ինչ վերաբերում է կառավարության որոշման դեմ ավտոներկրողների՝ 20 տոկոս պարտադիր եկամուտ ապահովելու առնչությամբ բողոքներին, Բաբկեն Պիպոյանն ասաց, որ մի անգամ կատակել էր, թե երբ մարդիկ խոսում են գնաճից, թող բնավ չմտածեն, թե Կառավարությունը դրանից տխրում է, որովհետև ամեն գնաճն ավել հարկ է։
«Կառավարությունը սոցիալական մտածողություն չունի, երբ նրա որոշումները մարդակենտրոն չեն, ավելի շատ PR դրոշակ են, քան մարդու կյանքը լավացնող որոշումներ։ Նրանց մտածողությունը հետևյալն է՝ մեքենա է թանկանում, թող թանկանա, մեկ է՝ մեզ ընտրողը, այսպես թե այնպես, մեքենա չի առնում, սոցիալապես ամենաանապահով խավն է, իսկ միջին խավը մեզ չի ընտրում, թող թանկով առնի։ Իրենք իրենց ընտրողին շատ լավ ճանաչում են, իրենց ընտրողի համար դա պրոբլեմ չէ։ Սա անիմաստ որոշում է»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։