Շուրջ 7,000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Հ.-ն, զբաղեցնելով «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկի պետի պաշտոնը, հոսպիտալի այլ աշխատակիցների հետ խմբի կազմում, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ժամկետային զինծառայողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, վերջիններիս ազգականներից և մտերիմներից պարբերաբար ստացել է տարբեր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ե. Հ.-ն վերը նշված հոսպիտալի անզգայացման և վերակենդանացման բաժնի վարիչ Ս. Ս.-ի խնդրանքով նույն բաժնի բուժքույր Թ. Ս.-ի ազգականին՝ հոսպիտալացման համար անհրաժեշտ բժշկական ախտորոշում չունեցող ժամկետային զինծառայողին ապօրինի ստացիոնար պայմաններում պահելու համար, բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ի միջոցով համապատասխան ցուցումներ է տվել իր ենթակայության ներքո գտնվող բժիշկներին: Արդյունքում զինծառայողին տրամադրվել է իրականությանը չհամապատասխանող ախտորոշում, որի հիման վրա վերջինս հոսպիտալացվել է:

Դրանից հետո՝ 2023 թվականի մարտի 21-ին, Թ. Ս.-ն հոսպիտալի անզգայացման և վերակենդանացման բաժնի վարիչ Ս. Ս.-ի և բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ի միջոցով փոխանցել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, որից 200 ԱՄՆ դոլարը ստացել է Ե. Հ.-ն, իսկ մնացածը բաժանվել է հոսպիտալի 3 այլ բժիշկների միջև:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ 2023 թվականի հունվարի 11 ին Երևանի կայազորային հոսպիտալ տեղափոխված մեկ այլ զինծառայողի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ իրականությանը չհամապատասխանող ախտորոշման հիմքով վերջինիս ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու և վաղաժամկետ զորացրելու համար, հիշյալ զինծառայողի ազգական Ս. Հ.-ն Երևանի կայազորային հոսպիտալի պետ Ե. Հ.-ին տվել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Դրանից 1000 ԱՄՆ դոլարը Ե. Հ.-ն տվել է բուժծառայության գծով տեղակալին, իսկ 2000 ԱՄՆ դոլարը պահել է իրեն:

Բացի այդ, պարզվել է, որ 2022 թվականի հունիսից պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացու հայրը՝ Ա. Խ.-ն, որդուն Երևանի կայազորային հոսպիտալ տեղափոխելու, այնտեղ տևական ժամանակ ստացիոնար բուժում տրամադրելու և, հնարավորության դեպքում, նախքան ծառայության ժամկետի ավարտը զորացրելու հարցում օգնելու համար դիմել է իր ազգական, տվյալ հոսպիտալի նախկին աշխատակից Ռ. Ա.-ին, ով իր հերթին հիշյալ հարցով դիմել է հոսպիտալի պետ Ե. Հ.-ի վարորդին: Արդյունքում՝ հիշյալ գործընթացը կազմակերպելու և իրականացնելու համար Ե. Հ.-ն իր վարորդի միջոցով Ռ. Ա.-ից պահանջել և ստացել է 3500 ԱՄՆ դոլար կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Երևանի կայազորային հոսպիտալի պետ Ե. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Ե. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Եվս 13 անձի, այդ թվում՝ Ե. Հ.-ի՝ բուժծառայության գծով տեղակալ Մ. Դ.-ին և հոսպիտալի այլ աշխատակիցներին մեղադրանքներ են ներկայացվել կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Տեսանյութեր

Լրահոս