Այո, խնդիր կա. Լարսում կան բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մի մասը՝ ոչ․ Գնել Սանոսյան

«Լարսի անցակետում խնդիր կա, ՀՀ համապատասխան մարմիններն էլ գործընկերների ու տնտեսվարողների հետ աշխատում են»,- այսօր ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով մի շարք հարցերի։

Նա նշեց, որ էներգետիկայի ոլորտում գլխավոր երկու մեծ աշխատանք կա. մեկն Ատոմակայանի ուղղությամբ է, մյուսը՝ վերականգնվող էներգետիկայի։ «Վերականգնվող էներգետիկայի ուղղությամբ նշեցինք, որ մենք ռազմավարությամբ նախանշել ենք, որ մինչև 2030 թվականը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր հաշվեկշռում արևային էներգիայի բաժինը հասցնենք 15%-ի և կարծես բավական լավ տեմպով գնում ենք դեպի 2030թ․։ Նախատեսում ենք մինչև 2040թ․ ավելացնել այդ հզորությունները ևս 1500 և 500 մեգավատտով, և նաև հողմային էներգետիկայի ոլորտում մինչև 2040 թվականը նպատակ կա ունենալ մինչև 500 մեգավատտ»,- ասաց Սանոսյանը։

Հարցին, թե Արցախի կորստից հետո ՀՀ ռեսուրսների առումով վնաս կրե՞լ է՝ հաշվի առնելով Արցախի հէկ-երի աշխատանքը՝ Սանոսյանը պատասխանեց, որ, իհարկե, համակարգում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված և ներմուծման, և արտահանման հետ։

Բայց, նրա խոսքով, ընդհանուր առմամբ մեր երկրի էներգետիկ համակարգում առկա արտադրող կայանները ոչ միայն մեր երկրի ներքին պահանջարկն են բավարարում, այլև որոշակի ծավալ մնում է, և մենք արտահանում ենք, ընդ որում՝ ավելին արտահանելու պոտենցիալ ունենք, այսինքն՝ մեր երկրում առկա կայանները կարող են ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել։

«Դրա լուծման երկու ուղի կա. մեկը երկրի տնտեսության զարգացումն է, որը գնալով ենթադրվում է, որ ավելի շատ էլեկտրաէներգիա կսպառի, իսկ մյուսը՝ արտահանումը»,- ասաց Սանոսյանը։

Անդրադառնալով Ատոմակայանի մասին հարցին՝ նախարարն ասաց, որ երկու գործընթաց կա, որը գործող էներգաբլոկի ժամկետի ու լիցենզիաների երկարացումն է։

«Ներկայումս մենք մի շարք իրավական փաստաթղթային, կառավարության որոշումներ անելուց հետո մտնում ենք արդեն գործնական փուլ, ընդ որում, անընդհատ աշխատանքներ կան ատոմակայանում, չեն դադարել, կրկնակի երկարաձգման նոր փուլ ենք մտնում, որտեղ մեծ ծավալի աշխատանքներ են նախանշված, և ինչի նպատակով մեր լիցենզիան 26-ից դարձնել 36։

Մյուս նպատակը՝ այդ ամբողջ ժամանակահատվածը օգտագործելով՝ աշխատել նոր էներգաբլոկ ունենալու շուրջ, որպեսզի երբ գործող էներգաբլոկի ժամկետն ավարտվի, մեր նոր էներգաբլոկը պատրաստ լինի այդ ուղղությամբ նույնպես»,- ասաց բանախոսը։

Խոսելով Լարսի անցակետում հայ բեռնատարների համար ստեղծված իրավիճակի և այդ հարցում ՀՀ իշխանությունների քաղաքական հակառուսական հայտարարությունների ազդեցության մասին՝ Սանոսյանն ասաց, որ խնդիրը կա և, այո, կան բեռներով բեռնված բեռնատարներ, որոնց մի մասն անցնում է, մի մասը՝ ոչ։

«Գործընկերները բեռի որոշակի ուսումնասիրություն են իրականացնում և որոշակի խնդիրներ են տեսնում։ Այս խնդիրն ավելի շատ էկոնոմիկայի նախարարությանն է վերաբերում և մեր համապատասխան տեսչական մարմինների տիրույթում է»,- ասաց նա։

Հարցին, թե չկա՞ արդյոք քաղաքական խնդիր, Ռուսաստանը չի՞ պատժում արդյոք, Սանոսյանը պատասխանեց, որ սահմանի վրա տեսչական մարմինը որոշակի մասնագիտական տեսչական խնդիրներ է տեսել, և ՀՀ համապատասխան մարմիններն էլ գործընկերների ու տնտեսվարողների հետ աշխատում են։

Հարցին, թե Իրանից գազի ծավալները մեծացնելու հարց քննարկվո՞ւմ է ՌԴ ազդեցությունն այս ոլորտում կրճատելու նպատակով, Սանոսյանը պատասխանեց, որ ՀՀ-ն հիմա տարեկան 365 մետր խորանարդ գազ է ներկրում Իրանից, որը, հայտնի պայմանագրի հիման վրա 1/3 հարաբերակցությամբ էլեկտրաէներգիա ենք վերադարձնում դեպի Իրան։

«Մենք մի քանի ամիս առաջ գործընկերների հետ կնքել ենք այդ պայմանագիրը մինչև 2030թ. երկարաձգելու փաստաթուղթը, որը ոչ միայն պարզապես ժամկետի երկարաձգում է, այլ հնարավորություն կա մեծացնել Իրանից գազի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ ներկայումս գործող խողովակի տրամագիծն ավելին բերելու հնարավորություն է տալիս և բավարարում է։

Տեսանյութեր

Լրահոս