Փաշինյանն այսքան հեռու է գնում, որովհետև չի պատժվում իր արարքների համար. Տաթևիկ Հայրապետյան
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում ընթացող «Զանգ» շարժման ակցիայի ժամանակ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ երեկ Մաշտոցի պուրակում փորձում էին վրան տեղադրել, ոստիկանները բավականին կոշտ միջոցներ կիրառելով հեռացրեցին վրանը՝ թույլ չտալով այն տեղադրել, բերման ենթարկելով նաև ակցիայի մասնակիցներին։
«Ես երբեք չեմ մտածել, որ ինչ-որ բան հեշտ է լինելու, հատկապես այս պարագայում։ Եթե կարողանանք մարդկանց հասկացնել, բացատրել սպառնացող վտանգները, ապա կնշանակի՝ մեզ մոտ հաջողվեց խնդիրը լուծել։ Եթե չհաջողվի, ապա պետք է այլ մեթոդների դիմենք, մինչև ստացվի»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։
Նրա կարծիքով՝ շարժումն արդյունավետ կլինի, եթե մարդիկ այն համարեն իրենցը ու աջակցեն նաև սոցիալական տիրույթում՝ երկրի նկատմամբ ծառացած արտաքին վտանգները հաշվի առնելով։
«Ադրբեջանի պետական հեռուստաընկերությամբ Ադրբեջանը հստակ ասում է, որ Հայաստանը 2-3 ամիս ունի՝ նոր զիջումների գնալու համար։ Գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը Վրաստանին և Իրանին կապող մայրուղիների ստրատեգիական կետերը, որոնք «անկլավ» է կոչում, ճանաչել է Ադրբեջանի մաս։
Դիմացը Նիկոլ Փաշինյանը չի ստացել ոչ ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչում, որևէ թուղթ, որևէ խաղաղություն։ Խաղաղության խաչմերուկը հերթական կեղծ օրակարգն է, ժամանակին էլ ասում էին՝ Արցախում իրավունք ու անվտանգություն կունենան, ինչն ավարտվեց Արցախի էթնիկ զտմամբ։ Մարդիկ արդեն պետք է տեսնեն, որ այս մարդն ինչ խոսք ասում է, դրա հակառակն է լինում։ Որպեսզի այս վտանգավոր ու արատավոր շղթան կանխենք, պետք է դուրս գանք փողոց, մեր բողոքն արտահայտենք ու հեռացնենք իրեն։
Այս մարդն ինչո՞ւ է համարձակվում այսքան հեռուն գնալ, որովհետև մնացել է անպատիժ, որովհետև իր ոչ մի ստի համար չի պատժվել, և դա մեծագույն խնդիրն է»,- ընդգծեց Տաթևիկ Հայրապետյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում