«Մեզ ասում են՝ դրսի ցորենն էժան է, ձեր ցորենը մեզ պետք չէ». Արագածոտնի գյուղերում ավելի քան 800 տոննա ցորեն անասնակեր է դառնում
Հայաստանը Ռուսաստանից ցորենի ներկրման ծավալներով առաջատար տեղ է զբաղեցնում՝ ԵԱՏՄ երկրների շարքում: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալներով՝ հացահատիկի սպառման միջին տարեկան պահանջը կազմում է մոտ 530.000 տոննա: Դրանից 385.000 տոննան ցորենի մասնաբաժինն է կազմում:
Այս պահի դրությամբ, ՀՀ-ն ցորենի մթերման առումով ինքնաբավ է մոտ 30 տոկոսով: Վերջին շրջանում կառավարությունից հայտարարում են, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում ցանքատարածքների մեծացման ու հացահատիկի ինքնաբավությունը 45 տոկոսի հասցնելու ուղղությամբ: Անգամ գյուղատնտեսական ոլորտի ու հացահատիկային մշակաբույսերի խթանման նպատակով, անցած տարի կառավարությունն օժանդակություն էր կատարել՝ սուբսիդավորելով ցորենի սերմացուի տրամադրման գործընթացի իրականացման գործընթացը:
Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ Օգսեն Գասպարյանի խոսքով, թեև Պետությունն իսկապես սուբսիդավորում իրականացրել է, իրենք ամբողջ տարի չարչարվել են, բերք են ստացել, այդ նույն պետությունը, սակայն, չի իրացնում տեղական արտադրողների ցորենը: Այս պահին, Արագածոտնի բազմաթիվ գյուղերում, ավելի քան 800 տոննա ցորեն մնում է ամբարված՝ դառնալով անասունների կեր:
Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է մեծ թափով ցորեն ներմուծել Ռուսաստանից: Ընդ որում, հատկանշական է, որ մեր երկիրը ԵԱՏՄ երկրների շարքում այս առումով առաջատար տեղում է: Միայն 2023 թվականի առաջին կեսին այդ երկրից ՀՀ ներմուծվել է հացահատիկային մշակաբույսերի պահանջարկի 41 տոկոսը:
Այս փաստով պայմանավորված՝ տուժում է ՀՀ ներքին արտադրողը, 168.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ Օգսեն Գասպարյանը՝ շարունակելով.
«Հատկապես պատերազմող երկրներում հացը զենքին հավասար կարևորագույն նշանակություն ունի: Այսօր հացն արտադրել ենք, ունենք, բայց պետությունը հնարավորություն չի ստեղծում, չի մթերում, որ կարողանանք իրացնել այն: Անցյալ տարի, բերքահավաքի ժամանակ ցորենի 1կգ-ն բունկերից վաճառել ենք 150-160 դրամ: Այս տարի այդ նույն ցորենը վաճառվում է միայն 70 դրամով: Մեզ ասում են՝ դրսի ցորենն էժան է, ձեր ցորենը մեզ պետք չէ: Այստեղ ո՞ր գյուղը մտնես ու մոտենաս ֆերմերին, որ այդպիսի խնդիր չունենա: Միայն իմ տանը հիմա 30 տոննա ցորեն ունեմ ամբարում լցված: Ես դա ի՞նչ եմ անելու, որ չփչանա, ու կարողանամ իրացնել: Եթե չկարողանամ իրացնել, ստիպված եմ լինելու ամբողջ տարվա աշխատանքս ջուրը թափել: Այս դեպքում միայն մեկ լուծում է մնում՝ այդ ամբողջ ցորենը դարձնել անասնակեր: Ափսոս չէ՞՝ այդ ամբողջ բերքը տանենք-լցնենք անասունների դիմացը: Չէ՞ որ կարելի է այնպես անել, որ գյուղացին էլ գոհ լինի, պետությունն էլ: Ինչո՞ւ չի կազմակերպվում այնպես, որ ստացված բերքն իրացվի ու բարիք բերի երկրին ու ժողովրդին»,- ցավով ասաց մեր զրուցակիցը:
Օգսեն Գասպարյանը վստահեցրեց, որ թե իր, և թե հարևան մյուս գյուղերի ցորենի որակը շատ բարձր է: Ժամանակին իրենք 270 դրամով որակյալ սերմ են գնել ու ցանել: Պետությունը գնված էլիտար սերմը ցանելու գումարը տվել է, 120.000 դրամով օժանդակել է: Բայց ստացած այդ բարձր բերքատվությամբ ցորենն այսօր մնացել է պահեստներում:
Վարդաբլուրի բնակիչը մի քանի այլ տվյալ էլ ներկայացրեց, ըստ նրա՝ պետական ռազմավարության բացակայության պայմաններում, եթե նախորդ տարի գյուղում ցանվել էր 200 հա-ից ավելի ցորեն, ապա այս տարի այդ հեկտարները 100-ի սահմաններում են եղել: Գյուղացիները մտավախություն ունեն, որ այսպես շարունակվելու դեպքում մեծ հարված կարող է հասցվել երկրի գյուղատնտեսությանը:
«Պետությունը, ցորեն ցանելու համար ինձ սուբսիդավորելու փոխարեն, կարող է, օրինակ, այդ սուբսիդիան տրամադրել թեկուզ մթերողին, որպեսզի նա կարողանա ավելի մեծ ծավալի ու ավելի բարձր գնով հացամթերք մթերելու հնարավորություն ունենալ: Այդ դեպքում, հնարավոր է, որ ոչ թե 30, այլ 50-70 տոկոսի էլ հասնի մեր ինքնաբավությունը: Ես ապրում եմ գյուղում, որտեղ կա 700 հա վարելահող: Այդ 700-ից միայն 100 հա-ում է ցորեն ցանվում: Եթե այդ հեկտարները լինեին, օրինակ՝ 400 կամ 500 հա, պատկերը բացարձակ այլ կլիներ: Իսկ պատկերացրեք, թե մյուս գյուղերում որքան վարելահող կա: Եթե այս տարի ստացել ենք 100 հազար տոննա ցորեն, ապա մեկ տարի հետո կստանայինք 300 հազար տոննա ցորեն, որը մոտավորապես մեզ կհասցնի ինքնաբավության:
Բայց այսօր դա նկատի չեն ունենում: Պետության կողմից գյուղատնտեսությունը սխալ կառավարելը հետագայում, Աստված մի արասցե, կարող է մեծ ու ծանր հետևանքների հանգեցնել ամենապատասխանատու պահերին: Նախկինում, ռուս- վրացական պատերազմի ժամանակ, երբ Լարսը որոշ ժամանակով փակվեց, տեսա՞ք՝ Հայաստանում ինչ կատարվեց: Պետք է անել այնպես, որ այդպիսի իրավիճակ այլևս չկրկնվի մեր երկրում: Պետք է գոնե հացով ինքնաբավ լինել»,- համոզմունք հայտնեց Արագածոտնի մարզի բնակիչը:
Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները լուծելու իր տարբերակն է առաջարկում մեր զրուցակիցը, անհրաժեշտ է, որ պետությունը ցորենի համար հստակ սակագին մշակի, ինչպես անում են, օրինակ՝ խաղողի դեպքում: Նրա խոսքով, սակայն, ամեն ինչ կարծես հակառակ ուղղությամբ է կատարվում, ցորենը բերում են դրսից, տեղական արտադրողին էլ անտեսում են:
«Պետությունը կարող էր ցորենը գնել ու որպես ռազմավարական նշանակության հումք՝ պահեստավորել: Դրա համար պետք է հստակ գին նշանակել ու մթերել: Այդ նույն կառավարիչները պետք է ամեն ինչ անեն՝ գյուղացուն շահագրգռելու համար, որպեսզի, եթե ես այս տարի ցանել եմ 8 հեկտար ցորեն՝ հաջորդ տարի ցանեմ 16 հեկտար: Միաժամանակ, ես, որպես գյուղացի, ուզում եմ իմանալ, որ օգուտ եմ տալիս նաև իմ պետությանը, հաց եմ արտադրել: Պետությանն իմ օգուտը դա է եղել ու դա է մնում: Ես այդքան եմ կարողանում օգուտ տալ: Որպես հաշմանդամություն ունեցող մարդ՝ կարող է զենքը չկարողանամ վերցնել ու կռվել, բայց կարող եմ ցորեն արտադրելով ու զինվորին հաց հասցնելով՝ ես էլ այստեղից կռվել»,- ասաց Օգսեն Գասպարյանը:
Մասնագետների կարծիքով՝ գյուղատնտեսության ոլորտում հատկապես վերջին շրջանում ծագած խնդիրների առկայությունը պայմանավորված է Գյուղատնտեսության նախարարության բացակայությամբ: Վարդաբլուր գյուղի բնակչի կարծիքով էլ՝ անթույլատրելի ու անընդունելի է, որ գյուղատնտեսության նախարարություն չկա այնպիսի երկրում, որտեղ բնակիչների առնվազն կեսն ապրում է գյուղերում ու զբաղվում է գյուղատնտեսությամբ:
«Եթե գոյություն ունի երկիր, այդ երկրում կան գյուղեր, իրենք անպայման պետք է ունենան Գյուղնախարարություն: Այս երկիրը պահողը գյուղացին է: Այսօր գյուղնախարարությունը փակել են, չունենք գյուղնախարար, համայնքապետարանում ու մարզպետարաններում անգամ գյուղբաժիններ չունենք, որ մեր խնդիրների համար դիմենք, որ մի պատգամավոր էլ հարց ուղղեր նախարարին, խնդիրը հասցնեինք կառավարություն: Եթե ասօր գյուղնախարարություն չունենք, պարզ է, որ գյուղի կյանքը գնալով դժվարանալու է»,- ցավով արձանագրեց Արագածոտնի բնակիչը:
Նազելի Ստեփանյան