ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանը՝ նոր մարտահրավերների և հայկական Արցախի էջը փակված չհամարելու մասին. ՈւՂԻՂ
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը համոզված է՝ այս իշխանությունների հեռացման պարագայում նոր հնարավորություն կստեղծվի հայկական Արցախի համար:
«Եթե մեզ մոտ ստացվի այս իշխանություններին հեռացնել, արդեն նոր իշխանությունները կկարողանան բանակցել նոր կետից, կամ՝ գուցե որոշակի առումով վերադառնալ այն հայանպաստ կետերին, որոնք թողել էին նախորդ իշխանությունները, ինչը Դուշանբեի վերելակից սկսած՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ջրելով՝ Նիկոլ Փաշինյանն առոչինչ դարձրեց: Իսկ հետո էլ՝ մտադրված պատերազմի տարավ Արցախի Հանրապետությունն ու հանձնեց այն»,- մանրամասնեց նա:
Հանրապետական գործիչը չի հավատում իշխանությունների խաղաղության օրակարգերին, քանի որ դրանք չի համարում իրական խաղաղության հասնելու ճանապարհ:
«Առհասարակ, ադրբեջանցիների հետ պետք է խաղաղության պայմանագիր կնքել: Դա 90-ականներից և՛ Երկրորդ, և՛ Երրորդ նախագահներն այս մասին խոսել են: Երբ Սերժ Սարգսյանը նույնիսկ պաշտպանության նախարար էր, ԱԺ-ում ելույթ էր ունեցել ու խոսել այդ մասին: Բայց այն պայմանագիրը, ինչի մասին սրանք խոսում են, պարտադրված խաղաղության պայմանագիր է,- նշեց նա՝ վստահեցնելով, որ այդ պայմանագրից հայկական կողմը ոչինչ չի շահելու,- Սրանք իրենց իշխանությունը պահելու համար ամեն ինչ հանձնելու են, բոլորին են հանձնելու»:
Այս համատեքստում անդրադառնալով Բաքվի բռնապետի ագրեսիվ հռետորաբանությանը և Ադրբեջանում հայտարարված զորահավաքին՝ Տիգրան Վարդանյանը չբացառեց ադրբեջանական նոր ագրեսիան:
Ըստ նրա՝ պատերազմն անխուսափելի է, սակայն այս իշխանությունների պարագայում կրկին հանգելու ենք պարտության, մինչդեռ մեր երկրին հաղթանակներ են պետք՝ «կզած վիճակից կանգնել է պետք»:
«Շատերն իշխանության թեզն են առաջ տանում, թե Արցախի էջը փակված է. ո՛չ, Արցախի էջը փակված չէ: Բայց դրա համար պետք է այս իշխանություններին հեռացնել,- ասաց ՀՀԿ խորհրդի անդամը՝ նկատելով, որ ՀՀԿ-ին իշխանությունը պետք չէ,- Մենք ցանկանում ենք երկիր ունենալ»:
Հանրապետական գործիչը ցավով արձանագրեց, որ հասարակության լայն շերտերը դեռևս չեն գիտակցում այսօր կատարվողը՝ այդ հարցում շեշտելով նաև ընդդիմության թերացումը:
Մանրամասները՝ տեսանյութում