Տավուշով թշնամին չկարողացավ առաջ գալ, որովհետև այդ հատվածը մեր ժամանակ էր կահավորվել. ՀՀ երրորդ նախագահ
«Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ադրբեջանցիները չկարողացան, ենթադրենք, Տավուշի հատվածից մի մետր անգամ առաջ գալ 44-օրյայի ժամանակ և դրանից հետո, այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության տարածքից գրեթե 200 քկմ ադրբեջանցիները զավթել են: Ինչո՞ւ այդ 200 քկմ-ից մեկ քմ Տավուշից չկա: Շատ պարզ… Որովհետև Տավուշի հատվածը կահավորվել էր մեր ժամանակ, և այնտեղ պաշտպանողական մարտեր մղելը շատ ավելի հարմար է և արդյունավետ, քան այնտեղ, որտեղ կահավորված չեն»,- այսօր դիզվառելիքի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հարց հնչեցրեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին՝ ինչո՞ւ մյուս հատվածները նման կերպ չեն կահավորվել, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ ամբողջ Արցախի բոլոր պաշտպանական շրջանները կահավորված էին, խոսքն Արցախի հանձնումից հետո եղած շրջանի մասին է:
«Ես միշտ ասել եմ՝ այն զինվորը, որը կանգնած է Հորադիզում ու պաշտպանում է Արցախի Հանրապետության սահմանը, նա պաշտպանում է Սյունիքի սահմանը, Գեղարքունիքի սահմանը: Եվ այն ժամանակ էլ փորձում էին խայթել, ծիծաղում էին: Հիմա իրականությո՞ւն է թե՞ իրականություն չէ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե այսօր Նիկոլ Փաշինյանն ասել է՝ իրենք միլիարդավոր դրամների ներդրումներ են անում, 3-րդ նախագահն ասաց՝ բայց միլիարդավոր դրամն այն գումարն է, որ Հայաստանը դարձնի անվտա՞նգ:
«Բացի դրանից, միայն միլիարդավոր դրամներ ներդնելով չեն սահմանները պահում, երկիրը դարձնում անվտանգ: Միայն զենքով չեն դա անում, նաև քաղաքականությամբ, դաշնակիցների, գործընկերների օգնությամբ են դարձնում»,- ասաց ՀՀ 3-րդ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: