ՀԱՊԿ նիստերին չմասնակցելու ՀՀ իշխանությունների որոշումը կարող է խնդիրներ ստեղծել ՀԱՊԿ-ի համար. վերլուծաբան

ՀՀ իշխանությունների կողմից ՀԱՊԿ հանդիպումների ու աշխատանքների բոյկոտը կարող է խնդիրներ ստեղծել կառույցի համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Մինսկում կազմակերպության գագաթնաժողովից հետո կայցելի Երևան և հայկական կողմին կհանձնի Բելառուսի մայրաքաղաքում ստորագրված փաստաթղթերը, որպեսզի Հայաստանը միանա դրանց, ասել է Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը։ Այս մասին գրում է ria.ru-ն:

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, քննարկել ենք, ի թիվս այլ հարցերի, այս հարցերը, որոշումների կայացման մեխանիզմները: Բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն լեգիտիմ են՝ կազմակերպության կանոններին և ընթացակարգերին համապատասխան… Որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ: Մենք պայմանավորվեցինք, որ գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան»,- Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Ալեյնիկը։

Նա հավելել է, որ բոլոր որոշումները, որոնք կքննարկվեն պետությունների ղեկավարների կողմից և վերջնական տեսքի կբերվեն Մինսկում, կփոխանցվեն հայ գործընկերներին։

«Մենք հույս ունենք, որ նրանք կմիանան այդ որոշումներին»,- հավելել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ՀՀ ներկայիս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում կարող է խնդիրներ ստեղծել այդ կառույցի համար։

Նա նախ նշեց, որ ՀԱՊԿ օրակարգից ՀՀ-ին աջակցության փաստաթղթի հանելու դիմումը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ որևէ առաջարկ և ՀԱՊԿ-ն ընդհանրապես հետաքրքիր չէ Հայաստանի համար։

Սա, վերլուծաբանի կարծիքով, ինչպես սեփական, այնպես էլ Արևմուտքի օրակարգն է, որը սկսում է զենք վաճառել Հայաստանին, որի պայմանը, ամենայն հավանականությամբ, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների թուլացումն է կամ ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ը լքելու որոշումը։

Ըստ Ֆելգենգաուերի՝ այսուհետ այսպես է լինելու, և դժվար է պատկերացնել, թե ՀՀ իշխանությունները կփոխեն մոտեցումը։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, ՀՀ-ն այս փուլում պաշտոնապես չի լքի ՀԱՊԿ-ը, քանի որ դա հավելյալ խնդիրներ կստեղծի։

Վերլուծաբանը գտնում է, որ ՀԱՊԿ նիստերը որևէ լուրջ հարց չեն լուծում։

«Բայց եթե ՀՀ-ն հայտարարում է, որ չի լքում ՀԱՊԿ-ը, այսինքն՝ շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, ինչը նշանակում է, որ բոլոր որոշումների կայացմանը պետք է մասնակցի, քանի որ ՀԱՊԿ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսային սկզբունքով, կարող է արգելափակվել ՀԱՊԿ-ի աշխատանքը՝ լուրջ խնդիրներ ստեղծելով Ռուսաստանի համար։ Կարծում եմ՝ այս մտավախություններն արդեն իսկ կան, հենց այդ պատճառով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ուղարկվում  տարածաշրջան։ Եթե ՀՀ-ն հավանություն չտա ընդունվող որոշումներին, ընդ որում՝ ամենափոքրից մինչև մեծ, որևէ որոշում և փոփոխություն հնարավոր չի լինի իրականացնել»,- ասաց Ֆելգենգաուերը։

Տեսանյութեր

Լրահոս