Երևանն ընդունե՞ց Բաքվի պայմանը․ ի՞նչ բանակցություններ են սպասվում և որտե՞ղ

ՀՀ իշխանությունների՝ Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի 6-րդ խմբագրության փոխանցումից հետո Ադրբեջանը կարծես փոխում է բանակցային «տրամադրությունը»։ Նոյեմբերի 22-ին Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպման ժամանակ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։

Մինչ այդ հիշեցնենք, որ Երևանի կողմից՝ բանակցային մոսկովյան հարթակի, իսկ Բաքվի կողմից՝ վաշինգտոնյան հարթակի մերժման, դիվանագիտական լարված հայտարարությունների ֆոնին ՀՀ-ն նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին փոխանցեց հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի իր 6-րդ խմբագրությունը։ Սա տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ Բաքուն Երևանին մեղադրեց, որ Երևանը երկու ամսից ավելի է՝ հապաղում է պատասխանել իրենց առաջարկների հերթական փաթեթին։ Ի դեպ, ոչ Բաքվի առաջարկները բացահայտվեցին, որ դեռ Արցախի վրա ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումից առաջ էին ուղարկել, ոչ էլ Երևանի պատասխանը։ ԱԳՆ-ից կրկնել էին՝ «Հայաստանը հավատարիմ է նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթղթի ստորագրմանը»։

Այնուամենայնիվ Երևանի կողմից փաթեթի փոխանցումից ժամեր անց Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը: «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ ուղիղ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ավարտի համար։ Կարծում ենք՝ երկու երկրները պետք է միասին որոշեն իրենց հարաբերությունների ապագան։ Խաղաղ գործընթացի շարունակման պատասխանատվությունը, այդ թվում՝ փոխադարձ ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական սահմանին հանդիպելու որոշումը, պատկանում է երկու երկրներին»,- հայտարարեց Բաքուն։ «Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»,- ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Երևանին կոչ անելով հայացքն ուղղել տարածաշրջան։ Եվ փաստորեն, բացի ուղիղ բանակցությունների առաջարկից, Բաքուն նաև գտնում է, որ չկան խոչընդոտներ Երևանի հետ բանակցելու ճանապարհին։

Հայտնի դարձավ, որ Երևանն էլ պատասխանեց ուղիղ բանակցելու Բաքվի առաջարկին, նշելով, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին: Իսկ փաթեթի փոխանցման ուշացումը ՀՀ ԱԳՆ-ն բացատրել է հետևյալ կերպ․ «Հայկական կողմը շարունակել է աշխատանքները համաձայնագրի տեքստի շուրջ և առավել արդյունավետ է համարել դրանք ներկայացնել Ադրբեջանին հենց ենթադրվող հանդիպումների ընթացքում։ Այնուամենայնիվ, բանակցային գործընթացը փակուղի մտցնելու փորձերը կանխելու և մեր տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն փոխանցել է համաձայնագրի վերաբերյալ իր դիտարկումները և, ինչպես բազմիցս նախկինում, ապացուցել է, որ պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում՝ որպես ուղենիշ ունենալով՝

  • միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչումը և հարգումը,
  • համաձայն Ալմա Աթայի հռչակագրի և խորհրդային ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի իրականացումը,
  • պետությունների ինքնիշխանության ու իրավազորության լիակատար հարգման և հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը»։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կողմերը ցանկանում են բանակցել, թվում է, որ հարցերի մեծ մասի շուրջ կա փոխըմբռնում, սակայն ընթանում է դիվանագիտական դիրքավորում առավել բարենպաստ պայմանների համար։

Ըստ նրա, այս պահին թվում է, որ Ադրբեջանին հաջողվեց գործընթացից գոնե ժամանակավոր դուրս բերել Միացյալ Նահանգներին, կա ցանկություն դա անել նաև ԵՄ-ի պարագայում։

«Նույնը ցանկանում է Երևանը Մոսկվայի վերաբերյալ։ Այդ պատճառով ուղիղ բանակցությունների ներքո սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը փորձում է տեղափոխել սահման։ Չեմ կարծում, թե սրանք վերջնական դիրքորոշումներ են, ես կասեի՝ սրանք միջանկյալ համաձայնություններ են՝ երկուստեք լարվածությունը թուլացնելուն ուղղված։ Չեմ կարծում, թե Երևանը պատրաստ է և ցանկանում է ուղիղ բանակցություններ, հենց այդ պատճառով նշվում է, որ փոխվարչապետները կարող են հանդիպել։ Այսինքն՝ սա վերաբերում է միայն հանձնաժողովների աշխատանքին։ Կրկին հասկանալի չէ, թե երբ, ինչպես, ինչ ձևաչափով և ում միջնորդությամբ են տեղի ունենալու բանակցությունները։ Այստեղ առանցքային է նաև Ալիևի խոսքն այն մասին, որ խոչընդոտ չկա, սրանով, թերևս, գուցեև փորձ է արվում Երևանին Արևմուտքից փոխադրել ուղիղ բանակցությունների դաշտ»,- ասաց Լուկիանովը՝ շարունակելով պնդել, որ նորությունները շատ են, սակայն դրանք ըստ էության շատ հարցերի պատասխաններ չեն տալիս։
Այնուամենայնիվ, նրա կարծիքով, առանցքային հարցն է՝ կողմերն ամենաբարձր մակարդակով կհանդիպեն ուղի՞ղ, թե՞ որևէ այլ մայրաքաղաքում։ «Ինձ համար այս հարցը շարունակում է անորոշ մնալ»,- նկատեց նա։

Վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում է Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին։

Ըստ նրա, ուշագրավ է վերջին ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայի ակտիվությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև այն, որ ավանդական միջնորդներն այլևս չկան կողմերի միջև, որոնք գուցեև ձևավորեն առաջիկա նոր իրավիճակը։

«168 Ժամ»-ի մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է ջանքերը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու նպատակով, որի օրակարգը և խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակի որոշ նրբություններ համաձայնեցնելու նպատակով վերջերս Բաքու էր մեկնել ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, ով այդպես էլ Երևան չեկավ։ Մոսկվան նախկինի նման կարծում է, որ պետք է լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ արցախահայության Արցախ վերադառնալու հեռանկարի հարցը, որից հետո միայն ստորագրել Խաղաղության պայմանագիր։ Սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, այս ջանքերն այնքան էլ հետևողական բնույթ չեն կրում։

«Մոսկվան՝ ՌԴ ԱԳՆ-ն, Կրեմլը հասկանում է, որ իր նախաձեռնությունն այսօր հետաքրքիր չէ Երևանին ու Բաքվին, դա կարող է հարաբերությունները հավելյալ սրելու պատճառ դառնալ, իսկ ժամանակը երկարաձգվում է, որը ձեռնտու է հենց ռուսական կողմին, և որից խուսափում են Երևանում ու Բաքվում, որի պատճառով ձգտում են օր առաջ սկսել բանակցությունները։ Մոսկվայում բանակցելու հեռանկարը Բաքուն չի մերժում, սակայն չի էլ ողջունում, քանի որ այդ օրակարգում կա Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցը»,- նկատեց մեր դիվանագիտական աղբյուրը։

Տեսանյութեր

Լրահոս