Բաժիններ՝

Աշխարհը գրաված ծիրանափողի պատրաստման նրբությունները. դուդուկագործ վարպետը՝ մասնագիտության մասին

Դուդուկի մեղեդիները, կարելի է ասել, գրավել են ամբողջ աշխարհը, հնչել են համաշխարհային մի շարք ֆիլմերում, տեղ են գտել հեղինակավոր համերգային ծրագրերում՝ նպաստելով հայկական մշակույթի հանրահռչակմանը: 2005 թվականին հայկական դուդուկի երաժշտությունը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց, իսկ արդեն 2008-ին դուդուկը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Դուդուկը կրկնակի եղեգային փողային գործիք է, որն ի հայտ է եկել դեռ շատ վաղ ժամանակներից:

Ինչպե՞ս է պատրաստվում դուդուկը, ի՞նչ յուրահատուկ մոտեցում է անհրաժեշտ այս գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս և այլ հարցերին անդրադարձել է դուդուկագործ վարպետը՝ մանրամասնելով մասնագիտական նրբությունները:

Շուրջ 22 տարի աշխատելով ոլորտում՝ դուդուկագործ վարպետը նշեց, որ լավ մասնագետ լինելու և ճիշտ գործիք ստանալու համար պետք է համբերատարություն, աշխատասիրություն և հետևողական աշխատանք:

«Դուդուկը պատրաստելու ամենաառաջին կարևոր պայմանն այն է, որ վարպետը պետք է պատկերացում կազմի նյութի մասին՝ տվյալ դեպքում՝ փայտի: Եթե նա ունի ձեռքի տակ որևէ տեսակի փայտ, ապա պետք է հասկանա՝ կարո՞ղ է դրանից դուդուկ պատրաստել»,- ասաց Կարեն Մուքայելյանը:

Նա նշեց, որ դուդուկը մշտապես պատրաստել են տարբեր փայտերից, հիմնականում՝ պտղատու ծառերից, բայց ըստ մասնագետի՝ դուդուկի համար ամենահարմարը ծիրանենու փայտն է: «Իզուր չէ, որ դուդուկն անվանում են նաև «ծիրանափող»»,-ասաց դուդուկագործը:

Իսկ հարցին, թե 22 տարիների ընթացքում քանի՞ դուդուկ է պատրաստել՝ վարպետը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ այս տարիների ընթացքում գրեթե հավասարապես շվի և այլ գործիքներ էլ է պատրաստել:
Վարպետի պատրաստած դուդուկներով են իրենց կարիերան սկսել և կայացել մի շարք հայտնի դուդուկահարներ:

Մասնագետն ուրախությամբ նշեց, որ մեր օրերում ևս դուդուկի հանդեպ հետաքրքրվածությունն ու սերը բավականին մեծ է:

Գայանե Գաբոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս