Նիկոլ Փաշինյանը և Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը քննարկել են հայ-իրաքյան համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսքում նշել է.
«Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Ձեր այցը նշանակալից և, ըստ էության, պատմական է, որովհետև Իրաքի առաջին նախագահն եք, որ այց եք ունենում Հայաստանի Հանրապետություն:
Մեր երկրների միջև հարուստ մշակութային և պատմական կապեր կան, և պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ նաև տնտեսական կապերի որոշակի ակտիվություն է նկատվում: Հույս ունեմ՝ Ձեր այցի ընթացքում տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա: Իհարկե, հիմա նաև աշխարհում և տարածաշրջանում բավականին բարդ իրավիճակ է, և ուրախ կլինեմ Ձեր գնահատականները լսել ընդհանուր իրավիճակի և լուծումների վերաբերյալ:
Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և հույս հայտնել, որ մեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև փոխադարձ այցերն ավելի հաճախակի կդառնան Ձեր այս պատմական այցի արդյունքներով»:
Իրաքի Հանրապետության նախագահն իր հերթին նշել է.
«Մեծարգո պարոն վարչապետ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ և շնորհակալություն հայտնել իմ գլխավորած պատվիրակությանը Ձեր երկրում ընդունելու համար: Մենք երեկ ենք ժամանել և անցկացրած ժամանակը եղել է արդյունավետ և հետաքրքիր:
Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես նաև խոսել ենք Իրաքում այժմ առկա իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել երկկողմ համագործակցությանը քաղաքական, տնտեսական, առևտրաշրջանառության ոլորտներում: Հույս ենք հայտնում, որ այն էլ ավելի կամրապնդվի:
Ցանկանում եմ նաև իմ զորակցությունը հայտնել հայ ազգին` տեղի ունեցած արհավիրքի` Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Անձամբ ներկա եմ գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Կարևոր եմ համարում ընդգծել Իրաքի հայ համայնքի դերը, որի առկայությունը մեր երկրում գալիս է հնագույն ժամանակներից, խոսքը գնում է մոտ 10 հազար տարվա մասին: Իրաքի ժողովուրդը մեծ օգուտներ է քաղել հայ բնակչությունից, որոնց թվում են` բժիշկներ, գիտնականներ, տարբեր ոլորտների մասնագետներ»:
ՀՀ վարչապետը և Իրաքի նախագահը քննարկել են տնտեսության, առևտրաշրջանառության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրային պաշարների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը: