Երևանում հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա. պարզվել են էական հանգամանքներ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ իրացնելու նպատակով քիմիական թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, թմրամիջոցներ աճեցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2023 թ․ նոյեմբերի 16-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը ստեղծել են թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա:

Հիշյալ տանը կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել է 218 հատ կանեփ բույսի նմանվող թուփ, 1 պլաստմասե տարա՝ 2 փաթեթ՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով, 1 պլաստմասե տարա՝ 6 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով, 1 կշեռք, որի վրա առկա են եղել սպիտակ բյուրեղանման զանգվածի և դեղնականաչավուն գույնի բուսական զանգվածի հետքեր, 3 փաթեթ՝ սպիտակ փոշենման զանգվածներով, 1 պարկ կանեփանման բույսի տերևներով, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավացնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, կանեփի թփերի աճեցման համար նախատեսված տարաներ, թփերը ջրելու համար նախատեսված համակարգ, մետաղական ցանցեր՝ կանեփի բույսերը չորացնելու համար և այլ հարմարեցված առարկաներ: «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածները ընդհանուր կազմել են 6599,199 գրամ:

Հայտնաբերված թմրանյութերի նմանվող զանգվածների բաղադրությունը, տեսակը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Մի մասով ստացված եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է դրանց՝ առանձնապես խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց լինելու իրողությունը:

Խուզարկության արդյունքում պարզվել է, որ նշված երկհարկանի տան բոլոր տարածքներն օգտագործվել են թմրամիջոցներ աճեցնելու, մշակելու և արտադրելու նպատակով:

Պարզվել է, որ երկհարկանի տունը հանձնված է եղել վարձակալության, իսկ թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայում աշխատում են նաև այլ երկրից ժամանած մասնագետներ:

Վարույթի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք։

Արդեն իսկ ձեռք են բերվել տվյալներ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնության մասին։ Ոստիկանությանը տրվել է վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հիշյալ տանը թմրամիջոցներ աճեցնելու, պատրաստելու դեպքի բոլոր հանգամանքները, դրանում ներգրավված բոլոր անձանց պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս