ՀԱՊԿ-ի աշխատանքներին չմասնակցելու ՀՀ իշխանությունների որոշումը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին. Զախարովա

Ռուսաստանը չի կարծում, որ ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ հետաքրքրություններին և կնպաստի երկրի անվտանգության, կայունության ամրապնդմանը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Մարիա Զախարովան՝ իր խոսքում Հայաստանն անվանելով բարեկամ երկիր։

«Միաժամանակ, ինչպես հասկանում ենք, հայ գործընկերները մտադիր չեն արգելակել կազմակերպության (ՀԱՊԿ,–խմբ.) կանոնադիր մարմինների գործունեությունը, խանգարել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատմանը։ Սա Երևանի համար բաց դուռ է թողնում՝ թույլ տալով նրան հետագայում միանալ աշխատանքին։ Հույս ունենք, որ հայ գործընկերներն այդ հնարավորությունից առաջիկայում կօգտվեն»,- նշեց Զախարովան։

Նա համոզմունք հայտնեց, որ ՀԱՊԿ-ը հատկապես ներկա պայմաններում կարևոր դերակատարում ունի տարածաշրջանային կայունության հաստատման հարցում։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց՝ հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպության մոնիտորինգային առաքելության տեղակայման մասին որոշումը դեռ սեղանին է։
Զախարովայի խոսքով՝ դա ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման առումով` ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցույց տալ իր լիակատար անարդյունավետությունը և իրականացնում է հայտարարվածից հեռու խնդիրներ։

Տեսանյութեր

Լրահոս