«Ոսկիները հո ասեղ չէի՞ն, որ ճանապարհին կորեին». արցախցիներին չեն վերադարձրել գրավադրած ոսկիները
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն անցած մի քանի ամիսներին անդադար բարձրաձայնում են ՀՀ տեղափոխվելուց հետո իրենց առջև ծառացած նոր խնդիրների մասին: Նրանց մի մասը բռնի տեղահանությունից երկու ամիս անց էլ կանգնած է օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ: Քիչ չէ նաև այնպիսի ընտանիքների թիվը, որոնք զրկվել են իրենց հասանելիք օգնությունից:
Այս բոլոր խնդիրներին այսօր ավելացել է ևս մեկը:
Նախ՝ Բաքվից, ապա՝ Շուշիից, իսկ շուրջ երկու ամիս առաջ էլ՝ Ստեփանակերտից բռնի տեղահանված Սվետլանա Պետրոսովան 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց ընտանիքը զրկվել է Արցախում գրավ դրված ոսկեղենից:
«Ստեփանակերտում ոսկեղենը բաժանում էին: Հերթը եկավ-հասավ ինձ՝ ասացին գնամ՝ Երևանում վերցնեմ: Եկանք-հասանք այստեղ, արդեն երկու ամիս է՝ մեզ խաբում-ասում են, թե ամեն ինչ նորմալ է… հես ա տեսնենք՝ ինչ ենք անում… ոսկին էսինչ պահեստում է… էնինչ պահեստում է… կզանգենք՝ կգաք… Այսօր տղաս գնում է՝ ասում են, թե ոսկիները չկան, ճանապարհին կորել են: Ոսկին հո ասեղ չէ՞ր, որ ճանապարհին կորեր»,- ասաց արցախցի մեր հայրենակիցը՝ հավելելով, որ մինչև այդ որևէ ակնարկ չի արվել իրենց ոսկիների «կորչելու» վերաբերյալ:
Սվետլանայի խոսքով՝ թեև ոսկին ավելի ծանր է կշռել՝ դրա դիմաց իրենք գրավադրման ժամանակ 1 մլն 200.000 դրամ էին վերցրել: 200.000 դրամը մուծել էին: Իսկ հիմա բանկն էլ առաջարկում է ընդամենը 900 հազ. դրամ վճարել ու այդքանով ավարտել հարցը:
«Բայց ես էդպես համաձայն չեմ: Էնտեղ ադամանդե քարերով մատանի կար: Ես դա առել եմ 300.000 դրամով, հիմա ստացվում է, իրենք ինձ ուզում են դրա համար 100.000 դրամ տալ: Այսինքն, իմ ոսկու կես գումարն էլ չի ստացվում, որ հաշվում եմ: Կամ, եթե այդպիսի խնդիր կար, ինչո՞ւ ավելի շուտ չէին ասում այդ մասին: Ինչո՞ւ բերեցին ու հասցրին այս օրվան»,- վրդովմունք հայտնեց արցախցի մեր հայրենակիցը:
Սվետլանայի հավաստմամբ՝ մի շարք արցախցիներ, այդուհանդերձ, ստացել են իրենց ոսկիները:
«Այսինքն, ստացվում է, մի մասի ոսկիները նորմալ հասել են, մյուսի ոսկիները կորե՞լ են: Չե՞ք կարծում, որ առնվազն տարօրինակ է: Ես մի քանի դեպք, ամեն դեպքում, գիտեմ, որ համաձայնել են գումարը վերցնել: Բայց ես չեմ պատրաստվում անել դա: Ես այսօրվա դրությամբ ընկած տուն եմ փնտրում: Արդեն չգիտեմ՝ ա՞յդ խնդիրը լուծել, թե՞ տան հարցերով զբաղվել: Խելագարվելու վիճակում ենք հայտնվել»,- ասաց Սվետլանան՝ հավելելով, որ անցած ամիսներին բնակվել են Գյումրիում:
Բնակարանի համար կարողացել էին վճարել միայն իրենց հասանելիք 100.000-ական դրամները ստանալուց հետո: Աշխատանք հնարավոր չի եղել գտնել: Ստիպված են եղել տեղափոխվել Երևան, բայց բնակարան չեն կարողացել գտնել: Հիմա 14 հոգով քրոջ բնակարանում են ապրում:
Սվետլանան 44-օրյա պատեազմում զոհվածի այրի է: Ամբողջ կյանքում 3 անգամ տեղահանվել է: Առաջին անգամ՝ մանկության տարիներին՝ Բաքվից: Ասում է՝ այսօրվա պես հիշում է, թե թուրքերն ինչպես էին այրում իրենց տունը:
«Վերջին պատերազմներից հետո էլ այնտեղ ամուսնուս գերեզմանն եմ թողել, տներն եմ թողել: Շուշիում տուն ունեինք, կորցրինք: Եկանք Ստեփանակերտ, այնտեղ էլ, որպես զոհվածի կին՝ տուն էին տվել, դա էլ թողեցինք՝ եկանք: Էդ տներն ու մյուս ապրանքներն ինձ համար այնքան կարևոր չեն, որքան ամուսնուս գերեզմանը»,- ցավով ասաց Սվետլանան:
Ընտանիքը խնդիրների առջև է կանգնել նաև թոշակների ու նպաստների տրամադրման հարցում:
«Արդեն երկու ամիս է, ինչ չեմ ստացել զոհվածի կանանց համար նախատեսված նպաստը: Թոշակ չեն ստացել նաև ծնողներս: Մեկ ամսվա համար, ընդհանուր առմամբ, 200.000 դրամի կարգի գումար է ստացվում: Դա փոքր գումար չէ, այսօրվա դրությամբ շատ հարցեր կարող էր լուծել, մինչև աշխատանք գտնեինք: Որևէ մեկը մտածե՞լ է, թե մենք ինչպես ենք գոյատևում այս ամբողջ ընթացքում»,- վրդովված հարցադրում հնչեցրեց Սվետլանա Պետրոսովան:
Հիշեցնենք, որ արցախցի մեր հայրենակիցների բռնի տեղահանությունից 2 ամիս անց՝ վերջերս, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել էր, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների թոշակները կհաշվարկվեն ու կտրամադրվեն դեկտեմբերին: Նախարարը վստահեցրեց՝ արցախցիներին տրվել է հատուկ պաշտպանության կարգավիճակ, ինչը գրեթե հավասարեցվում է փախստականի կարգավիճակին:
«Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները, անկախ նրանից՝ կդիմե՞ն ստանալու ՀՀ քաղաքացիություն, թե՞ ոչ՝ կշարունակեն ստանալ կենսաթոշակ և նպաստ»,- ասել էր նախարարը: Այդուհանդերձ, անցած ամիսներին հազարավոր արցախցիներ բազմաթիվ խնդիրներ են բարձրացրել: Հաղորդել են, որ իրենց որևէ հարցին գերատեսչությունում անցած ամիսների ընթացքում հստակ պատասխաններ տան, չեն տրվել: Իսկ այս հայտարարությանը վերաբերվում են թերահավատորեն: Հայտարարում են, որ ՀՀ ներկա իշխանություններից այսքանից հետո մեծ սպասելիքներ առանձնապես չունեն:
Նազելի Ստեփանյան