Բաժիններ՝

«Հայաստանում բոլոր նրանք՝ իշխանությունից մինչև ծանծաղամիտ «փորձագետ»-քարոզիչներ, որոնք մեզ ուզում են հաշտեցնել Արցախի կորստի հետ, պետք է լսեն այս մարդկանց պատմությունները». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սովորաբար կիրակի օրերին միշտ մեքենայով եմ դուրս գալիս, բայց երեկվա ուժգին քամին ինձ մտքափոխեց․ կայանելիս մեքենայի վրա ինչ ասես կարող էր ընկնել։ Իսկ կանգառ հասնելուն պես իմ ավտոբուսը շարժվեց, մի մարդ մոտեցավ, հարցրեց, թե կոնկրետ համարի ավոտբուսը այստե՞ղ է կանգնում։ Նրա ավտոբուսն էլ էր քիչ առաջ շարժվել, և հաշվի առնելով մեր հանրային տրանսպորտի վիճակը, այն էլ՝ կիրակի օրով՝ երկուսս էլ պետք է քսան րոպե սպասեինք կանգառում։ Տղամարդու հարցից ու բարբառից հասկացա, որ Արցախից է։

Եվ քսան րոպեի ընթացքում կանգառում լսում էի այդ մարդու պատմությունը։ Արցախի գյուղերից մեկից է բռնագաղթել սեպտեմբերի վերջին։ Գյուղում թողել էր, ինչպես ինքն ասաց, «երկուէտաժանի տունը», մեծաքանակ անանսուններ, արտերը և կնոջ և որդու հետ եկել Երևան, ուր մի բարի մարդ իրեն տուն է տվել։

Անծանոթը պատմեց, որ երբ Ադրբեջանը վերջին օրերին հարձակվեց Ստեփանակերտի վրա, այդ կռիվների ժամանակ «շանսատակ են արել թուրքերին»։ Բայց մի քանի օր հետո ասել են, թե զենքերը պետք է հանձնեն։ Գյուղում զարմացել են, վրդովել, բայց հանձնել են։ Գյուղից բոլորն են հեռացել, բացի մեկից, ում մատները ադրբեջանցիները կտրել են և ուղարկել Հայաստան։ Այսինքն՝ ուզում եք մնալ Արցախում, կխոշտանգենք ձեզ։

Մարդու որդին Արցախում ԱԱԾ հատուկ զորքերում է ծառայել, Երևանում նույնպես դիմել է նույն աշխատանքի համար, բայց ապարդյուն։ Ասում է՝ մարզ չի տեղափոխվում , քանի որ որդին ուզում է նույն գործին վերադառնա Երևանում։

Ղարաբաղի բարբառով չեմ կարող վերաշարադրել այդ մարդու ասածները, քանի որ բարբառը լավ չգիտեմ, բայց այդ անծանոթ ղարաբաղցու հիմնական եզրահանգումն եմ վերաշարադրում՝ Ադրբեջանի հետ նույն պետության կազմում չեն կարող ղարաբաղցիներն ապրել․ դա անհնար է․ ադրբեջանցիները բոլորին հատ-հատ կսպանեն։ Ռուս խաղաղապահներն առաջարկել են, որ հայերը չհեռանան, բայց ոչնչով ո՛չ օգնել են հայերին, ո՛չ էլ խանգարել ադրբեջանցիներին։

Մարդն ասում է, որ իր ուշքն ու միտքը Ղարաբաղում մնացած իր տունն է, իր անանսունները, իր արտերը։ Եվ սպասում է, որ վերադառնա իր տուն։ Մարդը պատմում է, որ Հայաստան են եկել, որ վերադառնան տուն։ Մարդը վրդովմունքով պատմում է․ որ շատերը նաև Ռուսաստան են հեռացել, և այս հանգամանքը նրան զայրացնում է, քանի որ կարծում է, որ Ռուսաստան գնալուց հետո Ղարաբաղ չեն վերադառնա։

Մարդը տոպրակից հանեց մի զույգ տղամարդու նոր կոշիկ և ասաց, որ տոնավաճառում աշխատող բարեկամին է տալու, որ վերջինս վաճառի։ Կանգառում ևս երկու կին լսում են մարդու պատմությունը, որ նման է հարյուրավոր այլ արցախցիների պատմություններին։

Ես սովորաբար չեմ կարողանում կարդալ Արցախից բռնագաղթվածների պատմությունները․ դա չափազանց ծանր է ողջ մնալու համար։ Սակայն երեկ կանգառում կանգնած քսան րոպեների ընթացքում ես բառ առ բառ որսում եմ այդ ղարաբաղցու պատմությունը, որ մի շարք կարևոր բաներ պարզեմ թեկուզ այս մի արցախցու պատմությամբ։

Հայաստանում բոլոր նրանք՝ իշխանությունից մինչև ծանծաղամիտ «փորձագետ»-քարոզիչներ, որոնք մեզ ուզում են հաշտեցնել Արցախի կորստի հետ, պետք է լսեն այս մարդկանց պատմությունները։ Լսեն ու հասկանան, որ իրենց վախկոտ ու կոնֆորմիստ տեսակը իրականում առ ոչինչ է իր տան, իր անասունների ու այգու մասին անվերջ մտածող, իր գյուղ վերադառնալուն սպասող այդ արցախցու մոտ։

Թող սա իմանան ոչ միայն հայ կոնֆորմիստները, այլև Հայաստանի թշնամիներն ու բարեկամները։

Արցախը չի՛ կարող դառնալ հայ ժողովրդի հերթական կորուսյալ հայրենիքը։ Ականջներիդ օ՛ղ արեք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս