Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու որոշումը ունի, դա ակնհայտ է բոլորի՝ ՀԱՊԿ ղեկավարության, անդամ երկրների և Մոսկվայի համար. ռուս վերլուծաբան
ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ-ը լքելու վերջին տարիների դանդաղ, սակայն հետևողական քաղաքականությունը կարծես եզրափակիչ փուլ են մտցնում։
Օրերս Փաշինյան-Լուկաշենկո հեռտախոսազրույցից պարզ էր դարձել, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստին Փաշինյանը չի մասնակցի։
Սա, թերևս, նորություն չէր՝ հաշվի առնելով, թե ինչ հետևողականությամբ են ՀՀ իշխանությունները դեռևս նախորդ տարվանից բոյկոտում ՀԱՊԿ-ի բոլոր առաջարկները, միջոցառումները, ՀԱՊԿ-ում պաշտոնների ստացումը և այլն, և այլն։ Իսկ այսօր բելառուսական ԲԵԼՏԱ լրատվամիջոցից պարզ դարձավ, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։
Այս մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը։ «Ինչ վերաբերում է անցյալ տարվա նոյեմբերին կայացած ՀԱՊԿ խորհրդի որոշումների կատարման գործողությունների ծրագրի կատարմանը և Բելառուսի առաջնահերթ ոլորտներին, ապա 34 գործողություններից 32-ն ավարտված են։ Երկու միջոցառում, ցավոք, չենք կարողացել իրականացնել։ Դրանք առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է։ Եվ երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հրամանն է՝ վերջնական տեսքի բերել Հայաստանին օգնության մասին որոշումը։ Թեպետ մյուս դաշնակիցներն աջակցել են որոշմանը, հայկական կողմն այդ փաստաթղթի հետ կապված որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել, ավելին՝ մեր աշխատանքի ավարտական փուլում նրանք խնդրել են ընդհանրապես այն հանել օրակարգից»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի կունենան պաշտպանության նախարարների խորհուրդների, արտաքին գործերի և ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։
Նոյեմբերի 23-ին նշանակված է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը ղեկավարների մասնակցությամբ, որին էլ Փաշինյանը, որը հայտարարում էր, թե ՀՀ-ն վեկտոր չի փոխում, չի մասնակցելու։
Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Հայաստանը սկսած 2020 թվականի պատերազմից հետո, երբ ՀԱՊԿ-ում ասում էին, որ Լեռնային Ղարաբաղը ՀՀ սուվերեն մաս չէ, չեն կարող այդ հարցերով զբաղվել, չի մասնակցում նիստերի, բայց 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին և այդ պահից սկսած մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, և ՀՀ-ն օգնություն է խնդրել, չեն ստացել անհրաժեշտ օգնությունը ՀՀ սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ «Այդտեղից սկսած մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչև այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը, և սա է նաև պատճառը, որ չենք մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը դեմարշ չէ, և ՀՀ օրակարգում ՀԱՊԿ-ը լքելու հարց չկա։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ տեղեկությունը, որ Հայաստանը խնդրել է հանել օրակարգից ՀՀ-ին օգնելու փաթեթը, ևս չի զարմացնում, ինչպես ՀԱՊԿ նիստին Փաշինյանի չմասնակցելու և նման բոլոր որոշումները, սակայն զարմացնում է այն, որ մինչ այժմ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ՀԱՊԿ-ը լքելու հարց օրակարգում չունեն։
«Եթե չկա նման հարց իրենց օրակարգում, ապա ինչո՞ւ հայկական կողմը չի աշխատում այդ կառույցում, չի փորձում թեկուզ ստանալ այն, ինչ իրեն անհրաժեշտ է, ինչո՞ւ են բոլոր հարցերը վերածվում հրապարակային սկանդալների, դիվանագիտական փոխհրաձգության։ Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու որոշումը ունի, դա ակնհայտ է բոլորի՝ ՀԱՊԿ ղեկավարության, անդամ երկրների և Մոսկվայի համար։
Ի դեպ, այս որոշումը կա շատ վաղուց և այս հռետորաբանությամբ, թե օրակարգում չկա ՀԱՊԿ-ը լքելու հարց, մինչ այս պահը Հայաստանը փորձում է թաքցնել, որ որոշում եղել է վաղուց։ ՀԱՊԿ-ն ունի թերություններ, և բոլորը դա հասկացել էին, ՀԱՊԿ-ը այս երկրների համար եղել է քաղաքական հովանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները ռազմական ոլորտում փաթեթավորող կառույց։ Հայաստանը ստացել է սպառազինություն ամենաարտոնյալ գներով և այլ արտոնություններ։
Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը, հայ-ռուսական դաշնակցությունը թույլ է տվել Հայաստանին անվտանգային հարցերին տալ քաղաքական լուծումներ, որից ՀՀ իշխանությունները հետևողականորեն հրաժարվում են՝ փոխարենը չունենալով սրան հավասար այլընտրանք։ Եթե նույնիսկ դժգոհ են ՀԱՊԿ-ից, և իսկապես ՀԱՊԿ-ը լիարժեք կառույց չէ, այնուամենայնիվ դրան այլընտրանք Հայաստանը դեռ չի գտել»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, ուշագրավն այս ամենում այն է, որ երկար ժամանակ հայտարարելով խաղաղության օրակարգին նվիրված լինելու մասին, որին զուգահեռ թուլացրին հայ-ռուսական հարաբերությունները և ՀԱՊԿ-ին, ՀՀ իշխանությունները հիմա էլ հայտարարում են, որ գուցե լինեն ռազմական նոր սադրանքներ։
«Եթե նույնիսկ ՀԱՊԿ-ից անվտանգության ոլորտում կան դժգոհություններ, երևի թե կային ակնկալիքներ, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ում պետք է գործողություններ իրականացնի, այսօր, ըստ ՀՀ իշխանությունների, սադրանքների դեպքում հայկական կողմը, հետաքրքիր է, ո՞ւմ է տեսնում բանակցողի, միջնորդի, ռազմական գործողությունները կանգնեցնողի դերում։ Դա Ֆրանսիա՞ն է, թե՞ ԵՄ-ն, որոնց նախաձեռնություններն Ադրբեջանը հեշտությամբ մերժում է։ Երևի թե ՀՀ իշխանություններն ունեն իրենց հաշվարկները, որոնք ոչ մեկի համար հասկանալի չեն»,- ասաց նա։
Իր հերթին՝ ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Հայաստան-ՀԱՊԿ այս օրեցօր վատթարացող իրավիճակը բնականաբար է՛լ ավելի է թուլացնում ՀՀ անվտանգությունը, որովհետև ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության համար, եթե ՀՀ իշխանությունների ակնկալիքները չի բավարարել, ամեն դեպքում ունեցել է դերակատարություն ՀՀ անվտանգության համակարգում։
«Երկիրը, որը ՀԱՊԿ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ է, որևէ գործառույթ չունի՞ սեփական անվտանգության ապահովման հարցում, թե՞ ողջ պատասխանատվությունը պետք է ստանձնի ՀԱՊԿ-ը։ Ի դեպ, ՀԱՊԿ-ը իրականացրել է մի շարք գործառույթներ ու անընդհատ քննադատության է ենթարկվել։ Ուշադրություն եմ ուզում դարձնել այն հանգամանքի վրա, որ, իհարկե, այս ամենին Մոսկվայում քչերն են ուշադրություն դարձնում, քանի որ զբաղված են անձամբ ՌԴ անվտանգությամբ, որում, ի դեպ, ՀԱՊԿ-ը և ՀԱՊԿ մյուս երկրները որևէ դերակատարություն չունեն, և ՌԴ-ն նման ակնկալիքներ չունի։ Սակայն ՌԴ-ն մշտապես իր հնարավորությունների սահմանում աջակցել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանը։ Եթե ՀՀ իշխանությունները վստահ են իրենց եզրահանգումներում և այլ երկրների հետ ճիշտ քաղաքականություն են վարել ու վարում, ապա վաղուց պետք է լքած լինեին ՀԱՊԿ-ը, հաշվի առնելով իրենց հռետորաբանությունը։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ իրենց արևմտյան հաշվարկներում կամ, այնուամենայնիվ, չկա վստահություն»,- ասաց վերլուծաբանը։