Մեկնարկել է Մհեր Մկրտչյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի
Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանում այսօր տեղի ունեցավ ռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի հայցի քննությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և նշված թատրոնի։
Հիշեցնենք, որ 2023թ. հունիսին Երևանի քաղաքապետարանը կրճատել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը՝ փոխարենը սահմանելով «գեղարվեստական խորհրդատուի» հաստիք։ Քաղաքապետի որոշումը հիմք ընդունելով՝ թատրոնի տնօրենի պաշտոնակատարը Մհեր Մկրտչյանին ազատել է աշխատանքից։
Դատական նիստի ժամանակ Մհեր Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աննա Փիլոսյանը նշեց, որ քաղաքապետի որոշումը եղել է կամայական, պայմանավորված չի եղել թատրոնի բնականոն զարգացմամբ։ Ակնհայտ է, որ այն նպատակ է ունեցել Մհեր Մկրտչյանին հեռացնել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնից։
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Լիլիթ Նարիմանյանը նշեց, որ հաստիքի կրճատումը պայմանավորված է եղել Պատանի հանդիսատեսի թատրոնում նախապես ներդրված մոդելը «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում ևս ներդնելու անհրաժեշտությամբ, քանի որ այդ մոդելի ներդրման արդյունքում նշված թատրոնում արձանագրվել է տոմսերի վաճառքի աճ։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը նաև պնդեց, որ «գեղարվեստական ղեկավարի» և «գեղարվեստական խորհրդատուի» հաստիքները համարժեք չեն։
Ի պատասխան՝ Աննա Փիլոսյանը ներկայացրեց Պատանի հանդիսատեսի թատրոնում գեղարվեստական խորհրդատուի գործառույթները և պնդեց, որ դրանք ըստ էության համընկնում են գեղարվեստական ղեկավարի գործառույթներին։
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի ներկայացուցիչ Արամ Կարախանյանը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ լիազորագիրը ստացել է այսօր և դիրքորոշում ձևավորելու ժամանակ չի ունեցել։
Դատարանը բավարարեց պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց դեկտեմբերի 8-ին ժամը 11:00-ին։