Հող են նախապատրաստում հերթական ռազմավարական ֆիասկոն փաստարկելու համար. Վահե Դավթյանը` ՀՀ իշխանությունների` արտադաշինքային պետություն ստեղծելու մտադրության մասին
«Թերևս սկսենք նրանից, որ ներկայումս Հայաստանին ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրում` ոչ ԵՄ ոչ էլ առավել ևս ՆԱՏՕ։ Հետևաբար խոսակցությունները երկրի արտադաշինքային կարգավիճակի մասին միանգամից մի քանի նպատակ հետապնդող քարոզչական փուչ հնարքներ են»,- հատուկ Abbas Djuma տելեգրամ ալիքի համար շրջանառվող խոսակցությունները մեկնաբանել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։
Նախ, ըստ նրա, հասկանալով, որ Արևմուտքից Հայաստանը անվտանգության ոչ մի երաշխիք չի ստանալու, իսկ Մոսկվայի համար առավելագույնս անհարմար պայմաններ ստեղծելու պարտավորությունները վաղուց են ընդունված, Երևանը փորձում է դիվերսիֆիկացիա խաղալ։ Իմաստն այն է, թե մենք եվրոինտեգրացիայի, ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը զարգացնելու կողմնակից ենք, սակայն հասկանում ենք, որ եվրոատլանտյան կառույցներին անդամակցելուն ուղղված պաշտոնական քաղաքականությունը (թեկնածուի կարգավիճակ ստանալ և այլն) լրացուցիչ լարվածություն է առաջացնում Մոսկվայի հետ հարաբերություններում` Հայաստանի ազգային անվտանգության համար դրանից բխող բոլոր ռիսկերով։
«Մի խոսքով արտադաշինքային թեմաների հիմնական հասցեատերը նախ և առաջ Մոսկվան է։ Նպատակը պարզ է` թեժ պահել բացահայտ իրականացվող հակառուսական քաղաքականությունը` ԵՄ-ի ու Վաշինգտոնի կողմից որևէ երաշխիքի բացակայությամբ։ Իրավիճակը պատային է, և երկու աթոռին նստելը դառնում է ավելի ու ավելի բարդ»,-ասել է Վահե Դավթյանը։
Նրա խոսքով` երկրորդ հանգամանքն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը ծայրահեղ ցածր վարկանիշ ունի։ Լեգիտիմության ճգնաժամը կարող է առավել խորանալ Բաքվի հերթական ագրեսիայի դեպքում, ինչի հավանականությունը օրեցօր մեծանում է։ Պետք է նկատի ունենալ, որ Փաշինյանի պացիֆիստական հայտարարությունների ֆոնին Ալիևը Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Հետևաբար արդեն այսօր կարևոր է հող նախապատրաստել ռազմավարական հերթական ֆիասկոն փաստարկելու համար։
«Բանաձևը թերևս հետևյալն է։ Արտադաշինքային պետության մասին հայտարարությունները արվել են հնարավոր ռիսկերը մինիմալիզացնելու նպատակով, ինչն իր հերթին Արևմուտքի համար զսպող հանգամանք էր Հայաստանին աջակցելու համար, սակայն այլ ելք Երևանը չուներ` հաշվի առնելով Հայաստանի գտնվելը նախկին իշխանությունների կողմից կառուցված անվտանգային ոչ ճիշտ, միավեկտոր համակարգում։ Կարծում եմ սակայն, որ այս անգամ այս հին ձայնապնակի ունկնդիրները շատ չեն լինի»,-ասել է Վահե Դավթյանը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը։