Այրված այգեստանների վառվող տոնածառը

Հայաստանի մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակից մինչև Եռաբլուր պանթեոն՝ 7.1 կիլոմետր է, նույն հրապարակից մինչև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ ընկած տարածությունը՝ 317 կիլոմետր։

Հաջորդ տարվա հունվարի 1-ին 2023 թվականի սեպտեմբերի 19-ից անցած է լինելու 103 օր, 2020 թվականի նոյեմբերի 9-ից՝ 1147 օր…
Իրար հետ որևէ կերպ կապ չունեցող այս թվերը ձևավորում են այն տարածական ու ժամանակային իրականությունը, որում հայ հասարակությունը՝ Հայաստանն ու Արցախը, ապրում են 2020 թվականից հետո։

Այդ իրականությունը, սակայն, միատարր չէ, բաղկացած է տասնյակ, հարյուրավոր ենթաիրականություններից, որոնց մեծ մասը հակասում ու փոխբացառում է իրար։ Դրանք իրականություններ են, որոնց զուգահեռ գոյությունը ոչ թե սխալ է ու տգեղ, այլ հակամարդկային է ու հակապետական, մեռելային է՝ իր կենդանությամբ, ու կենդանական է՝ մարդակերությամբ…

Հանրապետության հրապարակն այս իրականությունների կենտրոնում է ոչ պատահաբար։ Հրապարակն այս իրականությունները կերտած սև խորհրդանիշն է, որտեղ կազմակերպվող տոնակատարությունները վերածվում են սատանայական ծեսի…

Կարդացեք նաև

Հանրապետության հրապարակի տոնածառի տեղադրման եռուզեռը խլացնում է Եռաբլուրի չդադարող լացը։ Տոնածառը երևի լուսավոր է ու գեղեցիկ, ու դրա տեղադրումը դրական է նաև նրանով, որ շուրջը խմբվելու են, այդ թվում՝ Արցախից Երևան բռնի տեղահանված երեխաները։ Բայց լույսերի մեջ վառվող տոնածառի դրականությունը խամրում է այն մութ խորհրդանշականությամբ, որն իր մեջ կրում է Հրապարակը, որում գտնվող շենքի փողկապավոր/ների ձեռամբ արցախցի երեխաները զգալու են, որ այդ տոնածառը տեսնելու համար վճարել են հայրենիքով։

Երկու հայկական մայրաքաղաքներից մնացել է միայն մեկը։

Արցախից երեխաները Երևան են բերել միայն հիշողություններ իրենց մայրաքաղաքի, իրենց հրապարակների, իրենց փողոցների, իրենց տների ու իրենց տոնածառների մասին։

Նրանք Երևան են եկել նաև այն անխուսափելի բեռով, որ տարիներ անց այցելելու են  Հրապարակից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Եռաբլուր պանթեոն, ու եթե անգամ չցանկանան, գիտակցելու են, որ այնտեղ հանգչողները նահատակվել են, որպեսզի իրենց տոնածառները լինեին իրենց հայրենիքում, իրենց հրապարակներում ու իրենց տներում։ Նրանք գիտակցելու ու վերադառնալու են նույն հրապարակ, բայց արդեն ոչ թե տոնածառով հիանալու, այլ Հրապարակում գտնվողներին հարցեր ուղղելու, հարցեր ուղղելու ու դրանք չստանալու, չստանալու ու հետևություններ անելու համար…

Առանց Արցախի կյանքը շարունակվում է անսպասելի ու տագնապալի հանգստությամբ։

Տագնապն այն վերջին հույսն է, որ այդ հանգստությունը ժամանակավոր է ու խաբուսիկ։

Այլապես այդ հանգստությունը խարանի պես կարող է դաջվել բոլորիս ճակատներին՝ աշխարհին ցուցանելով, որ երկրագնդի վրա կա հայրենիքից այդքան հեշտությամբ հրաժարվող մի հազարամյա ազգ, որն անվրդով հետևում է, թե ինչպես է հայրենիքը վերածվում մի տոնածառաչափ հրապարակի։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս