Բաժիններ՝

Իլոն Մասկին մեղադրել են հակասեմականության մեջ

Ամերիկացի գյուտարար եւ միլիարդատեր Իլոն Մասկն արդեն մի քանի օր է՝ քննադատության է ենթարկվում հրեա առաջնորդների, Սպիտակ տան եւ գովազդատուների, այդ թվում Disney եւ Apple ընկերությունների կողմից՝ այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին իբր աջակցել էր դավադրության հակասեմական տեսությանը, տեղեկացրել է NBC News-ը։

Մասկը քննադատության է արժանացել ընդամենը մի քանի բառի համար, որոնք չորեքշաբթի ցերեկը հրապարակվել են Х-ի միկրոբլոգում։ Պատասխանելով մեկ այլ օգտատիրոջ, որը հրեաներին մեղադրել էր սպիտակ մարդկանց հանդեպ ատելության մեջ եւ անտարբերություն էր հայտնել հակասեմականության հանդեպ, Մասկը գրել է. «Դուք զուտ ճշմարտությունն եք ասել»։

Մասկը, ի պատասխան իր առաջին թվիթի, քննադատել էր Հակաանվանարկման լիգային (ADL), կազմակերպություն, որը հիմնել են հրեաները հակասեմականության դեմ պայքարի համար։ Մասկն արդեն մի քանի ամիս թշնամացել է ADL-ի հետ սոցիալական ցանցերում ծայրահեղականության դեմ պայքարի իր ջանքերի պատճառով։

Հինգշաբթի առավոտյան ADL-ի գլխավոր տնօրեն Ջոնաթան Գրինբլաթը հայտարարել էր, որ Մասկի պահվածքը «վտանգավոր» է։

«Այն ժամանակ, երբ հակասեմականությունը պայթում է Ամերիկայում եւ տարածվում ամբողջ աշխարհում, իր ազդեցությունը հակասեմական տեսությունների հաստատման եւ առաջմղման համար օգտագործելն, իհարկե, վտանգավոր է»,- գրել է նա X-ի իր կայքում՝ տեղադրելով Մասկի աղմուկ հանած թվիթի սքրինշոթը։

Ավելի ուշ Սպիտակ տունը եւս իր ավանդն է ներդրել՝ հայտարարելով, որ Մասկը քարոզում է «հակասեմական եւ ռասիստական ատելություն», որը հակասում է «մեր՝ որպես ամերիկացիների, հիմնական արժեքներին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս