Բժիշկը նշել է քաղցկեղի տարածված տեսակի ռիսկի գործոններն ու կանխարգելման միջոցառումները
Բաց մաշկ, կարմիր մազերով, պեպեններով կամ բաց աչքերով մարդկանց մոտ ավելի հավանական է մելանոմայի զարգացումը՝ զգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի ռադիոթերապևտ Դարիա Զվերևան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում բժիշկը նշել է քաղցկեղի այս տարածված տեսակի ռիսկի գործոններն ու կանխարգելիչ միջոցառումները։
Զվերևան ասել է, որ մելանոման մաշկի ամենավտանգավոր չարորակ ուռուցքն է, որը բնութագրվում է մարմնի անկանխատեսելի մասերում մետաստազներով։ Դրանց «սիրած» տեղը ուղեղն է, ըստ shantnews-ի՝ նշել է բժիշկը։
Ռադիոթերապևտի խոսքով՝ առաջին ռիսկային խմբում են մարդիկ, ովքեր շատ ժամանակ են անցկացնում արևի տակ կամ սոլյարիում և ենթարկվում են չափից ավելի ուլտրամանուշակագույն ճառագայթների։
Բժիշկը զգուշացրել է, որ ռիսկի գործոնները ներառում են մարմնի որոշ արտաքին հատկանիշներ։
«Բաց մաշկով, պեպեններով կամ շիկահեր մազերով մարդիկ միջինից բարձր ռիսկ ունեն մելանոմայի զարգացման համար: Արժե ուշադրություն դարձնել խալերի քանակին. եթե մարդու մոտ դրանք շատ են՝ 50-ից ավելի, և դրանց մեջ կան մեծ խալեր, ապա դա զգալիորեն մեծացնում է մելանոմայի զարգացման ռիսկը»,-ասել է Դարիա Զվերևան:
Մելանոմայի մեկ այլ ռիսկի գործոն է թուլացած իմունային համակարգը: Զվերևայի խոսքով՝ պետք է զգույշ լինել նաև իմունային անբավարարության հիվանդություններ ունեցող հիվանդները։
«Ոչ մի հետազոտություն չի կարող կանխել մելանոմայի ի հայտ գալը. չես կարող արյուն հանձնել և պարզել, որ օրգանիզմում դրա զարգացման գործընթաց է ընթանում։ Գենետիկական վերլուծություն նույնպես գոյություն չունի։ Այնուամենայնիվ, հնարավոր է հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլում: Դրա համար բավական է մաշկի և խալերի տարեկան հետազոտություն անցնել մաշկաբանի մոտ»,-ասել է Դարիա Զվերևան: