Պարտվածը ոչ միայն չի կարող բանակցել, այլև նոր աղետներ է բերելու. պետք է կասեցնել. ՀՀԿ-ն՝ Գեղարքունիքում
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Մարտունու շրջանային կազմակերպությունն օրերս հյուրընկալել էր կուսակցության՝ մայրաքաղաքի գործընկերներին: Հանդիպմանը ներկա էին՝ ինչպես Հանրապետական կուսակցության անդամներ, այնպես էլ՝ համակիրներ, որոնց մտահոգում էր հայկական Արցախի ճակատագիրն ու Հայաստանի անվտանգային խնդիրները:
Հանդիպման մեկնարկին ՀՀԿ Գերագույն մարմնի (ԳՄ) անդամ, ՊՆ նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ամփոփեց վերջին 5 տարիների իրողությունները՝ ցավով արձանագրելով, որ այն մտահոգությունները, որ հնչեցնում էր Հանրապետականը դեռ 2018 թվականից, այսօր իրականություն են դարձել, իսկ Արցախի կորստից, հայաթափումից հետո արդեն Հայաստանն է առերեսվում անվտանգային սպառնալիքներին:
Իրավիճակից ելքը հանրապետականները տեսնում են գործող իշխանությունների հեռացման մեջ. պարտվածը ոչ միայն չի կարող բանակցել, այլև նոր աղետներ է բերելու:
Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը համոզված է, սակայն, որ իշխանափոխության հեռանկարն անհանգստացնում է ոչ միայն գործող իշխանություններին: Ադրբեջանը, Թուրքիան բազմիցս ցույց են տվել և հայտարարել են, որ իրենք են օժանդակում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն չլինի:
Իշխանափոխության ամենաքննարկված տարբերակին՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, անդրադարձավ նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ շեշտելով, որ ընդդիմությունը հենց այս օրակարգով է Խորհրդարանում:
«Այս աղետը պետք է կանգնեցնել՝ նրան հեռացնելով իշխանությունից»,- ասաց պատգամավորը:
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանն էլ վստահեցրեց՝ Հանրապետական կուսակցությունում մարդիկ իրենց կյանքով են ապացուցել իրենց նվիրումը հայրենիքին ու պետությանը:
Արցախցու տեսակի պահպանման և դրանով հայկական Արցախի դուռը չփակելու մտահոգությամբ Արտակ Զաքարյանին դիմեց կուսակցության համակիր Սարո Ղազարյանը:
Ի պատասխան՝ կուսակցության ներկայացուցիչներն արձանագրեցին, որ ինչպես և ահազանգում էին դեռևս 2018թ.-ի հեղափոխություն կոչվածի օրերին և հետո, այսօր արդեն վտանգված է նաև Հայաստանում ապրող ցանկացած հայի ինքնությունը, անվտանգությունը: Պետության գահավիժումը պետք է կասեցնել:
Ներկաները բոլորը համակարծիք էին՝ այս իշխանություններն անվտանգային սպառնալիքները մոտեցրել են Հայաստանի սահմաններին, իսկ սահմանամերձ մարզերում ապրող մեր քաղաքացիներն առերեսվում են դրան ամեն օր:
Մանրամասները՝ տեսանյութում: