Ինչո՞ւ Մոսկվան կարելի է ռմբակոծել, Երևանը՝ ո՞չ. մեզ թնդանոթի միս է դարձնում Ռուսաստանի և Իրանի դեմ պատերազմում Փաշինյանի իշխանությունը. Մաթևոսյան
Հայաստանի այս իշխանությունը շատ վաղուց է փոխել մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը. փոխել է առնվազն այն պահից, երբ ստեղծվեց արևմտյան հարթակ կոչվածը, որի նպատակի մասին օրերս հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսում։
Կոնգրեսում շատ պարզ ասացին, որ ԱՄՆ-ի նպատակն է Հարավային Կովկասից հեռացնել Ռուսաստանին, տարածաշրջանային կոմունիկացիաներն էլ այնպես ապաշրջափակել, որ Իրանը հնարավորություն չունենա դրանից օգտվել։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով պատերազմից հինգ պակաս երկրում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության գնացող ՀՀ իշխանության որդեգրած քաղաքականության մասին, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ ընդգծելով.
«Դուք այսքան ժամանակ մի լուրջ եվրոպական կառույցից կամ ՆԱՏՕ-ական պաշտոնյայից լսե՞լ եք արդյոք, որ պատրաստ են Հայաստանի եվրաինտեգրման կամ ՆԱՏՕ անդամ դարձնելու գործընթաց սկսել։ Չկա նման որևէ առաջարկ։ ԱՄՆ-ի նպատակը հետևյալն է՝ Հարավային Կովկասում ստեղծել ռազմաքաղաքական ժամանակավոր միավոր՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ։ Երբ ԱՄՆ Պետդեպ-ի օգնականը խոսում էր այն մասին, որ իրենք սպասում են, թե երբ է ստորագրվելու Խաղաղության պայմանագիրը, հենց այդ միությանը Հայաստանին միանալու մասին են ակնարկում։ Իրենք բացահայտ ասում են՝ Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում են ընդամենը որպես բութ գործիք՝ Իրանի դեմ գործողություններ սկսելու համար»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը։
Քաղաքագետն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից արվող, իբրև թե, հայանպաստ հայտարարությունները համարում է ընդամենը ծխածածկույթ՝ Հայաստանի ինտեգրումը Թուրքիային արևմտյան շղարշով պատելու համար։
«Հայաստանի իշխանությունն ընտրել է դեպի Թուրքիա ճանապարհը։ Իրենց նպատակն է՝ ինտեգրվել թուրքական աշխարհին։ Թուրքական Հայաստանի դեպքում է, որ Հայաստանի այս իշխանությունն ունի ապագա. այս մարդիկ քաղաքական ապագա չունեն, եթե Ռուսաստանն է մնում որպես Հայաստանի դաշնակիցը։ Այն ճանապարհը, որով այս իշխանությունը գնում է, հանգեցնելու է Հայաստանի լուծարման, որովհետև, երբ Հայաստանը միանա Թուրքիայի և Ադրբեջանի հետ այդ ժամանակավոր ռազմաքաղաքական դաշինքին, պետք է նախ դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, իսկ նման քայլի գնալուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմին ոչինչ չի խանգարելու, որ ռազմական ճանապարհով լուծեն Հայաստանի հարցը։ Այս երկու պետությունները մտածում են՝ չկա Հայաստան, ապագայում չի լինի նաև հայցվոր կողմ՝ գործընթաց սկսելու համար։ Հայաստանի իշխանության կողմից տարվող գործընթացները հենց այս տրամաբանությամբ են գնում, որից հետո այս քաղաքական թիմը, եթե հասցնի ճողոպրել, կունենա անձնական ինչ-որ ապագա։ Եթե Մարտի 1-ին կարելի էր անել այնպես, որ զոհեր լինեին, ու ճողոպրել, ինչո՞ւ հիմա նա չի կարող ճողոպրել՝ ավելի մեծ մասշտաբով»,- ասաց Մաթևոսյանը։
Քաղաքագետն ընդգծեց՝ Փաշինյանը պատմական փայլուն հնարավորություններ է տվել՝ ինչպես Ադրբեջանին և Թուրքիային, այնպես էլ՝ Եվրամիությանն ու հավաքական Արևմուտքին, ուստի պատահական չէ, որ Փաշինյանի իշխանությունը նրանք ամեն գնով պահպանում են՝ մի դեպքում՝ դատապարտելով Հայաստանի Գլխավոր Շտաբի հայտարարությունը՝ Փաշինյանի հեռացման պահանջով, մյուս դեպքում՝ խոստանում Հայաստանի ներսում անկայունություն թույլ չտալ, ինչպես հայտարարեց օրերս Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։