Ալիևի 60 հազարանոց բանակը կներխուժի Հայաստան. Արևմուտքից օգնություն չստանալով՝ Փաշինյանը վազելու է ռուսների դուռը. Արմեն Մանվելյան

Ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Եվրամիության որևէ այլ երկրի զինվոր Հայաստան չի՛ գալու, քանի որ այդ երկրների համար Հայաստանը ռազմավարական մակարդակի կարևորություն չունի. այդ երկրները Հայաստանին օգնելու մասին կխոսեն, Հայաստանի հետ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն ունի Ռուսաստանին՝ որպես դաշնակից, այդ դաշնակցին չեզոքացնելուց հետո նրանք կհեռանան  Հայաստանից՝ տեղում թողնելով դատարկություն, որն անմիջապես կլցնի Թուրքիան՝ իր ռազմական ներկայությամբ։

168 TV-ի «Ռեվյու» հաղոդաշարի եթերում, խոսելով Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրյուսելի, Գերմանիայի և այլ երկրների հետաքրքրության, Հայաստանին աջակցելուն միտված հայտարարությունների մասին, նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը՝ շեշտելով.

«Հայաստանն այդ երկրներին չի հետաքրքրի այն պահից սկսած, երբ Ռուսաստանը դուրս կգա այստեղից, ինչից հետո այդ երկրները որևէ ռեսուրս չեն ուղղի Հայաստանի համար»,- ասաց Մանվելյանը։

Կարդացեք նաև

Պատմական գիտությունների թեկնածուն միևնույն ժամանակ նշեց, որ թեև Արևմուտքից կան ահռելի խոստումներ, գետնի վրա Փաշինյանը չունի իրական ռեսուրս արտաքին քաղաքականության մեջ վեկտորի փոփոխություն անելու համար, ինչը շատ լավ գիտի Ռուսաստանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի պես կամազուրկը ձեռնտու ղեկավար է Պուտինի համար, որը զբաղված է ուկրաինական ճակատով և չի ցանկանում Հարավային Կովկասում հավելյալ գլխացավանքի մեջ ընկնել։

«Ռուսաստանում շատ լավ գիտեն, որ Հայաստանի այս ռեժիմը, վաղ թե ուշ, խնդիրների մեջ է հայտնվելու թուրք-ադրբեջանական տանդեմի պատճառով և, չստանալով Արևմուտքից որևէ օգնություն, գալու են ռուսների դուռը, ուստի ռուսները շտապելու որևէ բան չունեն, հատկապես որ իրենց համար ձեռնտու է Հայաստանի իշխանության անատամությունը։ Կարծում եմ՝ ուկրաինական ճակատում ավարտելուց հետո Հայաստանի այս ռեժիմը դժվար երկար մնա»,- ասաց Մանվելյանը՝ Արցախը հանձնելուց հետո Ադրբեջանի համար հաջորդ ռազմական գործողությունների վայր համարելով Հայաստանի սահմանը։

«Ալիևի 60 հազարանոց բանակը կներխուժի Հայաստան. քանի դեռ կար Արցախը, այդ բանակի ռեսուրսներն ուղղվում էին Արցախի դեմ, իսկ հիմա՝ Հայաստանի»,- ասաց Մանվելյանը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս