ԱՄՆ-ը չի թաքցնում՝ ինչու է հետաքրքրված հայ-ադրբեջանական կարգավորմամբ, ամենևին ոչ հանուն Հայաստանի ու Ադրբեջանի․ վերլուծաբան

ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը, որն օրեր առաջ Փարիզում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է, որ առաջիկա շաբաթները որոշիչ կլինեն հայ-ադրբեջանական բանակցություններում։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշեց՝ «կողմերը պետք է այո կամ ոչ ասեն», չհստակեցնելով, սակայն, երբ և որտեղ։ Թե կոնկրետ ինչ համաձայնություններ են սեղանին՝ պետքարտուղարի օգնականը չի հստակեցրել, միայն ընդգծել է, որ Վաշինգտոնն ակտիվ կապերի մեջ է կողմերի հետ և դիվանագիտությանը զուգահեռ՝ նաև մտրակի քաղաքականություն է բանեցնում Ադրբեջանի հանդեպ։

«Մենք հստակ ասել ենք, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները սեպտեմբերի 19-ից հետո նորմալ չեն լինի, քանի դեռ առաջընթաց չենք տեսել խաղաղության շուրջ բանակցություններում։ Այդ պատճառով չեղարկել ենք մի քանի բարձրաստիճան այցեր, դատապարտել ենք Բաքվի գործողությունները։ Ադրբեջանին ռազմական աջակցությունն արգելող 907-րդ լրացումն էլ կմնա ուժի մեջ, քանի դեռ իրավիճակը չի բարելավվել»,- ասել է պետքարտուղարի օգնականը։

Խաղաղությունը, Օ՛Բրայանի խոսքով, հնարավորություն կտա Հայաստանին ու Ադրբեջանին կրճատել Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը տարածաշրջանում, մյուս կողմից՝ մեծացնել համագործակցությունն Արևմուտքի հետ։ «Ակնկալում ենք, որ առաջիկա շաբաթներին առավել բարձրաստիճան մակարդակի շփումներ կունենանք այս թեմայով,- ասել է պետքարտուղարի օգնականը՝ հավելելով,- Երևանն ու Բաքուն է, որ պետք է որոշում կայացնեն։ Հիմա նրանք պետք է ընտրություն անեն՝ ուզո՞ւմ են ապագա, որը խարսխված է Ռուսաստան-Իրան բևեռի վրա՝ որպես տարածաշրջանի անվտանգության հիմնական երաշխավոր։ Նրանք նաև ա՛յլ տարբերակ ընտրելու հնարավորություն ունեն»։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Բրյուսելում բանակցությունների մասնակցելու հայկական կողմի պատրաստակամության մասին, նշել էր, որ հնարավորություն կա նաև հանդիպման մասնակցելու Վաշինգտոնում, զուգահեռաբար ակնարկելով, որ Երևանը հետաքրքրված չէ բանակցել Մոսկվայում։

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում նաև, որ դեկտեմբերին Բրյուսելը հերթական հանդիպումն է փորձում նախապատրաստել։ Սակայն հարկ է նաև նշել այն հանգամանքը, որ Ադրբեջանը հոկտեմբերից հրաժարվեց Բրյուսելում ԵԽ նախագահի կողմից կազմակերպված հնգակողմ, ապա եռակողմ հանդիպումներից, իր նախապատվությունը հայտնելով Մոսկվային և Թբիլիսիին։ Այսօր ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանություն տարածեց նաև, որ Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից, որպես հրաժարման պատճառ՝ նշելով «ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը», ինչը, ըստ Բաքվի, կարող է պատճառ դառնալ, որ Միացյալ Նահանգները կորցնի միջնորդի իր դերը: «Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- ասվում է մեկնաբանության մեջ։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ամերիկյան կողմը բավականին անկեղծ է, նշելով, որ կարգավորումը հարկավոր է Հարավային Կովկասում Իրանի ու Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

Ըստ նրա, ինչպես երևում է, Բաքուն կատարել է իր ընտրությունը Մոսկվա-Թեհրան բևեռի օգտին։

«Կարծում եմ, որ թե Երևանը, թե Բաքուն վաղուց էին հասկանում, որ ընտրություն պետք է անեն, և կատարել են այդ ընտրությունը, գոնե այս պահին այդպիսի տպավորություն կա։ Այդ ընտրության անհրաժեշտությունը ստիպեց Ադրբեջանին իր համագործակցությունը կարգավորել  Իրանի հետ, նոր հաղորդակցությունների մասին համաձայնություններ ձեռք բերել, փոխել հռետորաբանությունը, բարձրաստիճան շփումներն ինտենսիվացնել, Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերություններն անփոփոխ են, կարելի է ասել, որ կա վստահություն կողմերի միջև։

Հայաստանի իրավիճակն այլ է, կա հայ-ռուսական լուրջ, աննախադեպ սառեցում, Իրանի հետ հարաբերությունները, թվում է, ավանդական իրավիճակում են, սակայն Իրանն անընդհատ հայտարարում է ռեգիոնում երրորդ կողմերի ներկայության անթույլատրելիության մասին, ակտիվ կապ կա ԱԽ մակարդակներով կողմերի միջև, ինչը խոսում է այն մասին, որ կողմերի միջև երկխոսությունը Հայաստանի արևմտամետության շուրջ ակտիվ ընթացքի մեջ է»,- ասաց փորձագետը։

Նա գտնում է, որ Արևմուտքի այս նկրտումներին ի պատասխան՝ ռեգիոնում ընթանում է ռեգիոնալ ուժերի մոբիլիզացիա՝ 3+3-ի տեսքով։ Նրա խոսքով, Արևմուտքը՝ այս դեպքում ԱՄՆ-ը, փաստորեն չի թաքցնում, որ հակամարտությունը պետք է լուծել ոչ թե խաղաղության, այլ իր թշնամիների՝ Ռուսաստանի ու Իրանի  ազդեցությունը նվազեցնելու համար։

«Ուստի ամերիկյան կողմի հույսերը, որ հենց առաջիկա շաբաթներն են որոշիչ լինելու, արդարացված չեն, քանի որ Բաքուն հրաժարվեց հանդիպումից, որը պետք է որ հստակեցներ Արևմուտքի համար կողմերի մտադրությունները։ Սրանից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը չի պատրաստվում արևմտյան հարթակներում բանակցել, ստանալով այդ նույն հարթակներից այն, ինչ հնարավոր էր, որպես բանակցային օգուտ։ Նույնկերպ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը հրաժարվեց մոսկովյան առաջարկներից ու Հայաստանի հետ համաձայնեցված շարունակեց բանակցել Պրահայում և այլ արևմտյան մայրաքաղաքներում։ Սա է այն բարդ բանակցային թնջուկը, որը կա կողմերի միջև, երբ կողմերն օգտվելով աշխարհաքաղաքական իրավիճակից՝ անընդհատ փորձում են իրենց գինը բարձրացնել և օգուտներ քաղել պրոցեսից։ Սակայն Հայաստանը դա չկարողացավ ու չի կարողանում անել, այլ ընդհակառակը՝ փչանում են Հայաստանի համար կարևոր հայ-ռուսական, հայ-իրանական հարաբերությունները Հայաստանի համար առանց այն էլ դժվար հարևանության պարագայում»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս