ՔԿԾ պետի տեղակալի ու «սպեցի» անփառունակ «ռեյդը» «Դատապարտյալների հիվանդանոցում», քրեական ենթամշակույթի ծաղկման շրջանը՝ ՔԿՀ-ներում. ասում են` անում են

Երեք ամսից ավելի է, ինչ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի հաստիքը թափուր է, իսկ Նիկոլ Փաշինյանը չի էլ շտապում նշանակում կատարել։ Մամուլում պարբերաբար շրջանառվում են անուններ, սակայն թղթի վրա որոշում չկա, միգուցե դեռ Սերգեյ Ատոմյանին «արժանի» փոխարինող չի գտել։

168.amմանրամասն անդրադարձել էր կապիտանից միանգամից գեներալ դարձած Նիկոլ Փաշինյանի երբեմնի «լյուբիմչիկ» Սերգեյ Ատոմյանի՝ աշխատանքից հանկարծակի ազատմանը, ով ըստ էության ներպալատական խարդավանքների զոհ էր դարձել: Եվ հիմա փաստացի արդեն 3 ամիս հսկա համակարգը մնացել է անգլուխ՝ դրանից բխող հետևանքներով, թեպետ պետով թե առանց դրա՝ վերջին տարիներին տարբերությունն առանձնապես մեծ չէ:

Մենք բազմիցս անդրադարձել ենք նաև Ծառայությունում և հիմնարկներում տիրող բարձիթողի վիճակին։ Իսկ թե ինչ իրավիճակ է այսօր ՔԿԾ-ում և հիմնարկներում, ինչպես ծառայողներն են նշում, դժվար չէ գլխի ընկնել. «կատարյալ բարդակ» բնորոշումն ամենադիպուկն է։

ՔԿԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարն Ամբակում Գրիգորյանն է՝ Սերգեյ Ատոմյանի տեղակալը: Վերջինս, ի դեպ, մեծ հույսեր ունի նշանակվել ՔԿԾ պետի պաշտոնում, կամ էլ եռամսյա պաշտոնավարումը Ծառայության 1-ին դեմքի պաշտոնում նրան այնքան է դուր եկել, որ սկսել է հավատալ իր երազանքին: Ինչևէ, մեր տեղեկություններով՝ վերջինս ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, և նույնիսկ իր ենթակայության տակ գտնվող բաժիններից գլուխ չի հանում: Խոսքը հատկապես վերաբերում է Սոցիալ-իրավական, հոգեբանական աշխատանքների (ՍՀԻԱ) բաժնին։

Կարդացեք նաև

168.am-ին բավականին ուշագրավ տեղեկություններ են հասնում Ամբակում Գրիգորյանի աշխատանքի ոճի մասին: Մասնավորապես, Գրիգորյանն այն աստիճան է խառնվում քրեակատարողական հիմնարկների գործերին, որ նրանց վերապահված գործառույթներն էլ են նրա ցուցումով լինում։ Նա է ասում՝ որ դատապարտյալին ներկայացնեն պահման տիպի փոփոխության, կամ ում որտեղ ներգրավեն, որ ներկայացնեն հետագայում, կամ որ դատապարտյալին խրախուսեն:

Եվ թեպետ ՔԿՀ-ներում ասում են, որ Ամբակում Գրիգորյանի ներկայացրածներից կեսից ավելի արժանի չեն պահման տիպի փոփոխության, այն է՝ ավելի մեղմ պայմաններում պահվելու, բայց քանի որ Գրիգորյանն է ասում, փորձում են մի բան անել, ինչն էլ իր հերթին՝ մյուս դատապարտյալների զայրույթի պատճառ է դառնում, որոնց «դարդը» հետո ՔԿ հիմնարկի աշխատակիցներն են ստիպված լինում քաշել։

«Թաքուն պահելու չէ: Մարդիկ իմանում են, վրդովվում, իսկ մենք պիտի կարողանանք փակել թեման: Հո ՔԿԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը (ԺՊ)  չի՞ գալիս, շփվում նրանց հետ»,- ասաց ՔԿ հիմնարկի՝ մեր աղբյուրը:

Բավականին ձեռնտու իրավիճակ է ստեղծվել Ամբակում Գրիգորյանի համար: Աշխատասենյակը կա, բարձր աշխատավարձը՝ պարգևավճարով, «պադավատն»՝ իր վարորդով, կան, առավոտյան պատվի առնում են և զեկուցում, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար: Իսկ երբ հարցնում ենք, թե հարկատուների հաշվին ձեռք բերված բենզինով այդքան ուր են քշում, պատասխանում են՝ գաղտնիք է։ ՔԿԾ-ում բոլորը գիտեն՝ ողջ օրվա ընթացքում հաճախակի մեքենաները տեղում չեն լինում: Խոսքը միայն Ամբակում Գրիգորյանին սպասարկող մեքենայի մասին չէ: Վերոնշյալը նաև մյուս տեղակալներին է վերաբերում։

Բազմիցս գրել ենք նաև, որ քրեական ենթամշակույթի դեմ օրենք ընդունած երկրի ՔԿՀ-ներում հարց լուծողը ոչ թե հիմնարկի վարչակազմն է, այլ «զոն նայողի» ինստիտուտը: Այս առումով ներկայումս իրավիճակն աղետալի է:

«Չափազանց ակտիվացել է քրեական ենթամշակույթը: Հատկապես՝ Սերգեյ Ատոմյանի օրոք այն սկսեց իրեն տեր զգալ ՔԿ հիմնարկներում, իսկ հիմա՝ Ամբակում Գրիգորյանի օրոք, առհասարակ իր վերելքի ժամանակաշրջանն է ապրում։ Ամեն ինչ հիմնարկներում որոշում են քրեական ենթամշակույթի ներկայացուցիչները, հիմնարկի պետերը դարձել են զուտ աշխատասենյակում նստող անձինք և Գրիգորյանի պահանջները կատարող։ Իրավիճակն այն աստիճանի է անվերահսկելի, որ արդեն այլ ուժային կառույցներն են Փաշինյանին դիմում տարբեր ապօրինությունների վերաբերյալ փաստերով: Չեմ կարծում, որ, օրինակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, առանց համապատասխան վերադասի համաձայնության, կարող էր եվրոստանդարտներին համապատասխան խուց վերանորոգվել, ու հաստատ դա նախկինների օրոք չի արվել»,- ասաց ՔԿ հիմնարկի մեր աղբյուրը՝ ասվածի վերաբերյալ բազմաթիվ կոնկրետ օրինակներ ներկայացնելով՝«Ասենք՝ տեղյա՞կ չեն, թե ինչեր են կատարվում ՔԿ հիմնարկներում՝ մոլեխաղեր, թմրանյութեր և արգելված այլ իրերը վխտում են»:

ՔԿԾ ղեկավարության ոչ կոմպետենտությունն ու անզորությունը քրեակատարողական հիմնարկներում արդեն ծիծաղի առարկա է դարձել:

Այն աստիճանի են անզոր, ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի տիրապետությունն արդեն այն մակարդակի է, որ անգամ ՔԿԾ ղեկավար կազմը ոչինչ չի կարողանում անել:

Այսպես, մեր տեղեկություններով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ վերջերս Ծառայության պետի տեղակալի և հատուկ նշանակության բաժնի ծառայողների համատեղ «ռեյդը» հիմնարկ կատարյալ ֆիասկոյի է ենթարկվել. ոչինչ չեն կարողացել անել կամ գտնել:

«Քրեական ենթամշակույթն իր տեղում էր, ոնց եկան, այդպես էլ հետ գնացին, դատարկաձեռն վերադարձան վարչություն»,- ասաց նշված հիմնարկի՝ 168.am-ի աղբյուրը:

Իսկ թե ուր են նայում, ասենք, Արդարադատության նախարարությունում կամ վերահսկող մարմիններում, պարզ չէ. կամ չեն նկատում, կամ էլ իրենց ձեռնտու է: Գլխավորը՝ հիմնարկներում հանգիստ է, իրենց չեն անհանգստացնում, իսկ թե քրեական ենթամշակո՞ւյթն է ղեկավարում ՔԿ հիմնարկը, թե՞ հիմնարկի պետը, դա արդեն կարևոր չէ:

Ի դեպ, վերաբերելի բոլոր պետական կառույցները, այդ թվում՝ Գլխավոր դատախազությունը, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են քրեակատարողական համակարգում տիրող իրական վիճակի մասին պատկերը, սակայն փաստ է, որ վերջինս ընդհանրապես չի շտապում որևէ բան անել. հավանաբար վատ հիշողությունները ստիպում են վերջնականապես կործանել համակարգը Գրիգորյանների նմանների ձեռքերով։

Շահագրգիռ կառույցները մեծ ցանկության դեպքում պիտի որ իմանային, որ «Արմավիրում», «Նուբարաշենում», «Դատապարտյալների հիվանդանոցում» ընդհանրապես կառավարում չկա, իսկ գլխավոր ԺՊ Ամբակում Գրիգորյանն էլ ոչինչ չի անում:

Ավելին, ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ Ամբակում Գրիգորյանը միջազգային պաշտոնական ճամփորդության է պատրաստվում, կամ ավելի ճիշտ՝ արդեն մեկնել է, ուր հավանաբար գեղեցիկ բառերով կներկայացնի, թե ինչ հիանալի և կառավարելի վիճակ է Հայաստանի բանտերում, ապա կանցնի ապագայի տեսլականը ներկայացնելուն՝ համեմված ոչ պակաս գեղեցիկ նախադասություններով։ Ինչ-որ բան անելու համար, բացի մասնագիտական ձեռնհասությունից, նաև պարզ ցանկություն է պետք: Օրինակ, կարող են նայել ցանկացած օրվա տեսագրությունները ՔԿԾ-ում գործող մեկ միլիոն դոլարանոց Օպերատիվ կառավարման կենտրոնում (ՕԿԿ), և պարզ կդառնա, ասենք, թե ինչեր են կատարվում, օրինակ, «Արմավիր» ՔԿՀ-ում, որ երեկոյան՝ մութն ընկնելուն պես, ազատազրկված անձինք ազատորեն օգտվում են ազատ տեղաշարժի իրենց իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Եվ վերջում: Երեկ տեղեկություն տարածվեց, որ «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և «Արմավիր» ՔԿՀ համապատասխան ստորաբաժանումների ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր»:

Բավականին տպավորիչ ցանկ էր ներկայացված՝ բազմաթիվ փաթեթներ՝ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող, ընդհանուր՝ 13,28 գրամ քաշով զանգվածներով, 5 ներարկիչ, ներարկիչի 2 ասեղ, 2 հիշողության կրիչ, 4 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 3 բաժանորդային քարտ, լիցքավորման 4 կոճ, 8 լար, 6 ականջակալ, էլեկտրական 1 գլանակ, 2 սրվակ՝ ծխեցված հետքերով, 1 ութանկյուն նշան և 27,000 ՀՀ դրամ։

Ըստ ամենայնի, ՔԿԾ ղեկավար կազմն իր՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում խոցված ինքնասիրության մուռը հանել է «Արմավիր» ՔԿՀ-ից:

Հ.Գ. «Նուբարաշեն» ՔԿՀ-ն արդեն շատ երկար ժամանակ է, որ պետ չունի:

Հ.Հ.Գ. Քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը դրոշակ դարձրած իշխանության քրեակատարողական հիմնարկներում ներկայումս տեղ ու դադար չկա… Քաղաքական բանտարկյալների աննախադեպ քանակից:

Տեսանյութեր

Լրահոս