
Կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքները սեփականության իրավունքով կգրանցվեն

Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացքում է:
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ համայնքն ու գործադիրը թաղամասի բնակիչների հետ քննարկել են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ: Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել Կոնդի քաղաքաշինական միջավայրը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համայնքի նպատակը կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրագործելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ սեփականության իրավունքները խախտելու հնարավորության բացառումն է:
Գույքային միավորների օրինականացման համար արդեն իսկ քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում կա:
«Երկար սպասված այս նախագծի հիմքում մեկ նպատակ է. պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպությունը՝ համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը»,- ասված է հաղորդագրության մեջ: