«Նվերիս մարմինն ամբողջությամբ վառված էր, ձեռքը չկար, Միքայելիս կոկորդն էր կտրված». բռնի տեղահանված արցախցի հայր
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց շուրջ 10 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության դեմ, սպանեց տասնյակից ավելի քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների։ Միայն Ասկերանի շրջանում Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները սպանել են 5 երեխաների. նրանցից երկուսը եղբայրներ էին՝ 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը։ Երկուսի դիերն էլ ծնողները գաղթի ճանապարհով հասցրել էին Հայաստան՝ սեպտեմբերի 30-ին հուղարկավորել Մասիսի գերեզմանոցում։
Նահատակված տղաների հայրը՝ Ռադիկ Ղազարյանը, նրանց կրտսեր եղբայրները՝ Կարենը և Սեյրանը, նոյեմբերի 14-ին մասնակցում էին Մասիսի Սուրբ Թադևոս եկեղեցում՝ Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, 140 բռնի տեղահանված արցախցիների մկրտությանը:
Միքայելի և Նվերի կորստից հետո նրանց մայրը՝ տիկին Զարինեն, քչախոս է դարձել, չի ցանկանում շատ հարցազրույցներ տալ, ասում է՝ Ադրբեջանն այդ հարցազրույցները վերցնում, ադրբեջանական տիրույթում տարածում ու ծաղրում է երեխաներին, հպարտանում իր կատարած ոճրագործությամբ։
Ռադիկ Ղազարյանն արտաքուստ ցույց չի տալիս ներսից ալեկոծվող հոգեվիճակը, ասում է՝ կինը և երկու մանկահասակ երեխաներն իրեն են նայում, պետք է ուժեղ լինի։
«Արցախում այն, ինչ տեղի ունեցավ, ցեղասպանություն էր, եթե Ադրբեջանն ասում է՝ ցեղասպանություն չի իրականացրել հայության նկատմամբ, թող իմ երեխաներին բերի ու ինձ տա։ Երեխա ունենաս, պահես ու պաշտես, մի օրում այդպես լինի, բա ի՞նչ էր, որ ցեղասպանություն չէր։
2020 թվականից սկսած՝ միշտ զոհեր ու զոհեր, պատերազմի ժամանակ անթույլատրելի է հարձակում կատարել խաղաղ բնակչության վրա։ Բայց Ադրբեջանը գնաց ամենատարբեր հանցագործությունների»,- 168.am-ի զրույցում ասաց Ռադիկ Ղազարյանը։
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա, Ռադիկ Ղազարյանը դիրքերում է եղել, որդիների սպանվելու լուրն իմացել է երեք օր անց, երբ արդեն դիրքերից իջել էր։
«Դիրքերից մեր գյուղը երևում էր, բայց դե, դիրքերում կանգնած, ի՞նչ իմանայինք՝ ինչ է կատարվում գյուղում։ Ինչ ասեմ, այդքան պահեցինք ու պահեցինք, վերջում ասեցին, թե հանձնած է, թողեք իջեք։
Եթե հող էին հանձնում, ինչո՞ւ այդքան զոհ տվեցինք, իմ եղբայրները, երեխաները հիմա կողքիս կլինեին»,- ասաց մեր զրուցակիցը։
2020 թվականի 44-օրյա պատերազմում Ռադիկ Ղազարյանը կորցրել է եղբորը, 2023 թվականի պատերազմում՝ մյուս եղբորը և երկու զավակներին։ Ասում է՝ նույնիսկ բառեր չկան խոսելու այդ կորուստների մասին, բայց եթե պետք լինի, կրկին զենք կվերցնի ու դիրքեր կբարձրանա։
Սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ Ղազարյանների որդիներից մեկը՝ 6-ամյա Սեյրանը, վիրավորվել էր թշնամու գնդակից։
«Պատերազմն ավարտվեց, մոտավորապես 3 օր մենք դիրքերում մնացել էինք ադրբեջանական բլոկադայի մեջ, հետո ռուս խաղաղապահները եկան, մեզ իջեցրեցին գյուղ։ Այդ ժամանակ եմ իմացել, որ երկու որդիներս չկան։ Մեր գյուղն Ադրբեջանի դիրքերին շատ մոտ է, օդային գծով՝ մոտավորապես 1 կմ։
Նվերս վատ ձևով էր վիրավորվել, մարմինն ամբողջությամբ վառված էր, ձեռքը չկար, գլխին ասկոլկաների տեղեր էին։ Միքայելի կոկորդն էր կտրված, երեխան միանգամից ընկել է թշնամու մեջ։ Մեր գյուղապետի տղա երեխան էլ զոհվեց՝ Դավիթը:
Երեխաները մտածել են, որ սարի տակն ապահով կլինի, բարձրացել են այնտեղ, դե, ապահով չի եղել։ Երկար տարիներ ծառայել եմ բանակում, գիտեմ՝ ինչ է եղել, որը՝ որն է…»,- պատմեց մեր զրուցակիցը։
Հայրենիքի, տան, որդիների կորստից հետո Ռադիկ Ղազարյանին ապրելու ուժ են տալիս մյուս երկու որդիները՝ 6-ամյա Սեյրանը և 1-ամյա Կարենը։ Ասում է՝ սկզբում աչքին ոչինչ չէր երևում, բայց բռնի տեղահանվելուց հետո, երբ հաստատվեց Մասիս քաղաքում, սկսեց շփվել մարդկանց հետ, հիմա որոշ չափով ուշքի է եկել։
«Մարդիկ ինձ միշտ ասում էին, որ՝ երկու երեխա ունես, իրենց համար պետք է ապրես, ես երեխաներիս համար եմ ապրում, թե չէ ես այլևս կորցնելու որևէ բան չունեմ։ Ինձ ո՛չ փող, ո՛չ ունեցվածք է պետք, այդ ամենը կորցրել եմ, հայրենիքս էլ՝ հետը, հիմա ունեմ ընդամենը երկու երեխա։
Հիմա էլ, եթե պատերազմ լինի, կմասնակցեմ, բայց որ այս իրավիճակում գնամ ու Արցախում ապրեմ՝ հնարավոր չէ։ Հիմա որ ես ասեմ՝ Արցախն ինձ պետք չէ, մյուսներն էլ այդպես ասեն, բա մեր հայրենիքն ո՞ւմ է պետք։ Վաղը կարող է ասեն՝ Հայաստանն էլ մեզ պետք չէ, թուրքը գա նստի այստեղ, մենք էլ՝ որպես ազգ, վերանա՞նք։ Սա սխալ մտածելակերպ է, մեկ է՝ փախնողը փախնում է, մնացողը՝ մնում»,- շեշտեց նա։
Ռադիկ Ղազարյանը վստահ է, և դա բոլորն էլ գիտեն, երբ Ադրբեջանը խոսում է ինտեգրացիայից, ստում է, քանի որ իրենց ասած ինտեգրացիան նշանակում է՝ ուղիղ ցեղասպանություն։
«Մի քանի հոգի մնացել են Արցախում, ինչ են տեսել, դիմում են Կարմիր խաչին, որ իրենց այնտեղից հանեն։ Թուրքի հետ ոչ մի դեպքում չես կարող ապրել։
Եթե մեզանից որևէ մեկը պատկերացներ, թե ինչ է լինելու, հավատացեք, այս օրին չէինք հասնի։ 2020 թվականին, երբ կրկին տեղահանվել էինք, պատերազմից հետո կրկին վերադարձանք գյուղ, տեսանք՝ ինչ եղավ։
Արցախը մի քանի հոգի ծախել ու կերել են. Նիկոլից սկսած՝ սաղ ծախել ու կերել են։ Այստեղ որ խոսում ենք, ասում են՝ վա՜յ, չէ, Նիկոլը մեր պահապանն է։
Պուտինն ասում է, որ՝ իմ հայրենիքը սրով կպահեմ, Նիկոլն ասում է՝ բա այս սարը մեզ պե՞տք է։ Մեկը՝ ես, ինձ Հայաստանում էլ անվտանգ չեմ զգում, հիմա եթե Ադրբեջանն 8 գյուղերն ուզում է ու ասում՝ եթե չտաս, ապա ուժով եմ վերցնելու՝ անվտա՞նգ ենք։ Այսքանը տեսած, մեկը դուք լինեք՝ կարո՞ղ եք վստահել՝ չեք կարող»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Ռադիկ Ղազարյանը կնոջ, երկու երեխաների և մոր հետ այսօր ապրում է Մասիս քաղաքում, ասում է՝ բնակիչներից մեկն իր տունը տվել է, որպեսզի առանց վարձ վճարելու որոշ ժամանակ ապրեն, մինչև պարզ դառնա, թե ինչպես է դասավորվելու իրենց հետագա կյանքը։