Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է 3,5 միլիոն դրամ Tert.am-ում գրած մեկնաբանության համար
Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի ներկայացուցիչ Վ․ Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հայելի ակումբի հիմնադիր, hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Վարդանի Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։
Հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Տ․ Գրիգորյանին։ Վերջինս հայցադիմումն ընդունել է վարույթ։
Հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590,000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480,000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 110,000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար։
Խնդրի հետ կապված hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան-ը Tert.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց։
Նրա փոխանցմամբ՝ ինքը մեկնաբանություն էր թողել Tert.am-ում «Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք» վերտառությամբ հրապարակված՝ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի շնորհավորանքի ուղերձի տակ․
«Այդ նյութի հետ կապված որպես մեկնաբանություն իմ անձնական էջից կա պոռնիկ բառը։ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ այդ բառն իրեն է ուղղված և 3 միլիոն 590 հազար դրամ է պահանջում, ինչպես նաև պահանջում է հրապարակային ներողություն խնդրել»,- պատմեց Անժելա Թովմասյանը։
Նրա համար տարօրինակ է, որ այդ բառն ԱԺ նախագահն ընդունել է որպես իրեն ուղղված խոսք։ Անժելա Թովմասյանի պնդմամբ՝ իր գրած մեկնաբանությունը հասցեական չէ և Ալեն Սիմոնյանին չի վերաբերվում։
«Նախ պետք է ապացուցեն, որ այդ բառն ուղղված է Ալեն Սիմոնյանին, մտքումս բոլորովին այլ անձանց և երևույթներ եմ նկատի ունեցել։ Այս պարագայում ես Ալեն Սիմոնյանին նկատի չեմ ունեցել, բայց, եթե այդ բառը լսելուց ինքը զզվում և իրեն է վերագրում, ներողություն, բայց դա արդեն Ալեն Սիմոնյանի խնդիրն է»,- ասաց նա։