Ի՞նչ է թաքնված հավելուրդային բյուջեի ետևում. կապիտալ ծախսերի թերակատարումը սոսկ վիճակագրական խնդիր չէ

Բազմիցս նշվել է, որ ՀՀ տնտեսությունը 2022թ. մարտից «օգտվում է» ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած դրական ազդեցությունից, և, ուստի, բարենպաստ պայմաններ են ստեղծվել պետական բյուջեի ապահովման առումով։

2023թ. անցած բոլոր ամիսներին ձևավորվել է հավելուրդային պետական բյուջե՝ պլանավորված պակասուրդայինի փոխարեն։ Արդյունքում՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է 270.8 մլրդ դրամով։

Ավելին, ի տարբերություն պետական բյուջեի եկամուտների, բյուջեի ծախսերն 9 ամիսների ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են՝ 15.4%-ով, ինչը զգալի չափով պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ։ Այսպես, եթե ընթացիկ ծախսերը ճշտված պլանի համեմատ թերակատարվել են 8.8%-ով, ապա կապիտալ ծախսերի թերակատարումը 42.6% է։ Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պետական բյուջեի կատարման վերաբերյալ սեպտեմբեր ամսվա ամփոփագրում ևս փաստվում է կապիտալ ծախսերի ցածր կատարողականը, և այն հիմնականում բացատրվում է պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման՝ թերակատարումը 39.3%, Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման ծրագրի՝ թերակատարումը 76.5%, և Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծախսերի՝ թերակատարումը 24.4%, ցածր կատարողականով: Նկատի ունենալով ներկայիս անվտանգային լուրջ մարտահրավերները` հատկապես խիստ մտահոգիչ է պաշտպանության գծով կապիտալ ծախսերի թերակատարման նման բարձր աստիճանը։

Այսինքն` բյուջեով գումար հատկացվել է, սակայն աշխատանքները չեն կատարվել։ Մինչդեռ, 2023թ. բյուջեն ներկայացնելիս, որպես նախորդ տարիների բյուջեների նկատմամբ դրա կարևոր առավելություն՝ իշխանությունը շեշտում էր հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը։

2023թ. կապիտալ ծախսերը թերակատարվել էին նաև առաջին եռամսյակի և առաջին կիսամյակի արդյունքներով։ Այս հանգամանքը խիստ մտահոգիչ է նրանով, որ առկա միտումների պահպանման պարագայում դրանք հավանաբար կթերակատարվեն նաև տարեկան կտրվածքով, իսկ կապիտալ ծախսերի՝ 2023թ.-ի պետական բյուջեով նախատեսված կտրուկ աճը «կմնա թղթի վրա»՝ պարզապես ծառայելով միայն մեկ նպատակի՝ հասարակության մի հատվածին «կերակրել» հերթական «աննախադեպ», «պատմական ռեկորդ» հանդիսացող «փաստերով»։

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կապիտալ ծախսերը 2022թ. նույնպես էապես թերակատարվում էին թե՛ առաջին եռամսյակում, թե՛ առաջին կիսամյակում, և թե՛ առաջին 9 ամիսներին, սակայն չորրորդ եռամսյակում դրանք կտրուկ աճեցին, և տարեկան թերակատարումը կազմեց ընդամենը 4.9%: Իրականում բավական անհասկանալի է, թե ինչպե՞ս հաջողվեց այդչափ կրճատել երեք եռամսյակ շարունակ արձանագրված էական թերակատարումը՝ կապիտալ ծախսերի համար եղանակային առումով ոչ նպաստավոր չորրորդ եռամսյակում։ Ոլորտի պատասխանատուների մեկնաբանությամբ՝ չորրորդ եռամսյակում ոչ թե աշխատանքներն են իրականացվել, այլ կատարողականների դիմաց վճարումներն են կատարվել։ Այնուամենայնիվ, չի բացառվում, որ որոշ կատարողականներ ընդունվել են նախքան դրանցով նախատեսված աշխատանքներն ավարտելը։

Նույնիսկ, եթե ենթադրենք, որ, նախորդ տարվա պես, այս տարի ևս չորրորդ եռամսյակում կապիտալ ծախսերը շեշտակի կաճեն, և հրաշքով կապահովվի բյուջեի տարեկան կատարողականը, միևնույն է, ակնհայտ է առնվազն մի բան՝ պետական կառավարման համակարգը խիստ թերանում է ծախսերի միջժամանակային պլանավորման առումով։

Այս թերացումը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նույնպես մասամբ ընդունեց. «Սա մեր որոշակի համակարգային խնդիրների շարքին է դասվում, որ մենք առաջին երեք ամիսների ընթացքում ունենք պլանավորվածից ավելի ցածր կատարողական, և հետո չորրորդ եռամսյակում ունենում ենք ծախսերի զգալի ավելացում», և հավելեց. «Այլ հարց է, որ գուցե այս ամենը պետք է ըստ եռամսյակների ճիշտ պլանավորվի, որպեսզի նման պատկեր տեսանելի չլինի» (ԱԺ մշտական հանձնաժողովների՝ 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման նպատակով կազմակերպված համատեղ նիստ, 2023թ. հոկտեմբերի 31)։

Ընդհանրապես, վերջին երկու տարիների բյուջեի նախագծերը ներկայացնելիս գործող իշխանության ներկայացուցիչները, որպես դրանց կարևոր արժանիք, նշում էին աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերի պլանավորումը։ Մասնավորապես, 2022թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ ֆինանսների այն ժամանակվա նախարար, ներկայիս փոխվարչապետ Տ. Խաչատրյանն ԱԺ-ում հայտարարել էր.

«2023 թվականին բյուջեով հաստատման ներկայացված կապիտալ ծախսերը կկազմեն 548 մլրդ դրամ, որը մոտ 50%-ով ավելի է, քան 2022 թվականին ճշտված բյուջեով սահմանված ցուցանիշը»։

Իսկ արդեն այս տարի՝ կառավարության 2023թ. սեպտեմբերի 28-ի նիստում, Նիկոլ Փաշինյանն «ավետեց».

«Կապիտալ ծախսերի էական ավելացում ունենք նաև 2024 թվականի բյուջեում», իսկ ՀՀ ֆինանսների նախարար Վ. Հովհաննիսյանն էլ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում ունեցած ելույթում մանրամասնեց՝ «2024 թվականին կապիտալ ծախսերն ավելանալու են և դառնալու են 710 միլիարդ դրամ»։

Երկու դեպքում էլ գործ ունենք կա՛մ պլանավորման տարրական հմտությունների ու կարողությունների բացակայության, կա՛մ «նյու-վասյուկի» հայտնի ոճով մանիպուլյացիայի հետ։

Մասնավորապես, անհասկանալի է, թե ի՞նչ սկզբունքով էին 2022թ.-ի համեմատ մոտ 50%-ով ավելացվում 2023թ.-ի պլանավորվող կապիտալ ծախսերը՝ այն դեպքում, երբ 2023թ. պետական բյուջեի նախագիծն ԱԺ ներկայացնելու պահի դրությամբ՝ 2022թ. առաջին 9 ամիսների արդյունքներով, դրանք փաստացի 36.8%-ով թերակատարվել էին։ Նույնքան անբացատրելի (կամ առնվազն տարակուսելի) է նաև կապիտալ ծախսերի էական ավելացումը 2024թ.-ին, այն դեպքում, երբ 2023թ. թե՛ առաջին եռամսյակի, թե՛ առաջին կիսամյակի, և թե՛ առաջին 9 ամիսների արդյունքներով արձանագրվել է դրանց էական թերակատարում՝ համապատասխանաբար 69.2%, 47.4% և 42.6%։

Ճիշտ է «աննախադեպ»-երի, «պատմական ռեկորդ»-ների ու «100 փաստ»-երի շարքը սկսվել էր Փաշինյանի իշխանավարման հենց սկզբից, այնուամենայնիվ, վերջին շրջանում, նկատի ունենալով կապիտալ ծախսերի տարիներ շարունակ արձանագրվող «քրոնիկ» թերակատարումը, նա իր ելույթներում դրանց հարցում դարձել է ավելի զգուշավոր և կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը փորձում է կառավարության պատասխանատվության տիրույթից «նրբորեն» տեղափոխել այլ տիրույթ՝ տվյալ դեպքում, մասնավոր հատված։

Այսպես, կառավարության 2022թ. սեպտեմբերի 29-ի նիստում նա հայտարարել է. «Ցավոք, մեր երկրում կարողություններն այդքան զարգացած չեն, մենք մեր պլանավորած կապիտալ ծախսերը խրոնիկ կերպով թերակատարում ենք», և հավելել էր. «Խնդիրը կառավարության տիրույթում չէ, քանի որ կապիտալ ծախսերն իրականացնում են մասնավոր ընկերությունները։ Ցավոք, մեր երկրում մասնավոր հատվածի կարողություններն այնքան զարգացած չեն, որ մեզ համար ցանկալի ինտենսիվությամբ այդ կապիտալ ծախսերն իրականացվեն»։

Հարկ է նշել, որ կապիտալ ծախսերի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ կատարելով դրանք՝ պետությունը նպաստում է տնտեսության զարգացմանը։ Իսկ դրանց մի եռամսյակից մյուսը տեղափոխումը հետաձգում է (իսկ որոշ դեպքերում՝ ժամանակավրեպ է դարձնում) այդ ուղղությամբ պետության իրագործած ջանքերի դիմաց արդյունքների ստացումը։ Մինչդեռ, ներքին պահանջարկի ներկայիս աճի պայմաններում կառավարությունից ակնկալվում է հենց առաջարկի ավելացմանը միտված հրատապ քայլեր, ինչը, անկասկած, առաջին հերթին ենթադրում է մեծածավալ նպատակային կապիտալ ծախսերի կատարում:

Նկատի ունենալով, որ կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրն առկա է տարիներ շարունակ, հիմնավոր է այն մտավախությունը, որ ծախսերի միջժամանակային պլանավորումից բացի, պետական կառավարման համակարգում «կաղում է» նաև տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերի արդյունավետ իրականացումը։

Արդյունքում, տնտեսության ներուժի առումով կարևորագույն ծրագրերը ժամանակին չեն իրականացվում՝ վտանգելով ոչ միայն ընթացիկ, այլ նաև ապագա տնտեսական աճը:

Տեսանյութեր

Լրահոս