
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը ոչ-ոքի է ավարտել մրցախաղը Խորվաթիայի հետ. կանայք պարտվել են

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:
Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Խորվաթիայի հետ: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տոնեց Հրանտ Մելքումյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվեց: Միավորը կիսեցին Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը:
Կանանց ընտրանին, մրցելով Սերբիայի հետ, զիջեց 2,5-1,5 հաշվով: Կանանց թիմի կազմում պարտություն կրեց Մարիա Գևորգյանը: Ոչ-ոքի գրանցեցին Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ: