2023թ. Թուրքիայում փոքրամասնություններին պատկանող մամուլն աջակցություն չի ստացել
Թուրքիայում գործող մամուլի գովազդային կազմակերպությունը 2023-ին տեղի ունեցած վերջին խորհրդի նիստում այդպես էլ որոշում չի կայացրել երկրում բնակվող փոքրամասնությունների մամուլին աջակցություն տրամադրելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդպիսով պարզ է դարձել, որ հայկական, հունական և հրեական մամուլին աջակցություն չի տրամադրվելու: Նմանատիպ գործելաոճ եղել էր նաև 2020-ին:
Այս պահին կազմակերպությունը փոքրամասնությունների մամուլին գովազդ չի տրամադրում, սակայն 10 տարի ի վեր յուրաքանչյուր տարվա ընթացքում կայացած խորհրդի նիստի ընթացքում որոշում էր ընդունվում «Լոզանի խաղաղության պայմանագրի շրջանակներում փոքրամասնության կարգավիճակ ունեցող հասարակության համար հրապարակվող թերթերին» նյութական օգնություն տրամադրել:
Նշենք, որ 2021-ին հիշյալ փոքրամասնություններին տրամադրված գումարն ընդհանուր առմամբ կազմել է 350.000 լիրա (թուրքական դրամական արժույթ), իսկ 2022-ին 300.000:
Ուշագրավ է այն փաստը, որ փետրվարի 7-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո Թուրքիայի կառավարությունը որոշում էր կայացրել աջակցություն ցուցաբերել տեղական մամուլին, որը սակայն փաստացի ամբողջապես չի իրականացվել:
Մամուլի գովազդային ընկերությունը միջոց է հանդիսանում Թուրքիայի ազգային և տեղական մամուլում գովազդների հրապարակման համար: