Վրաստանը կստանա ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ․ ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար

Օրերս Եվրահանձնաժողովն առաջարկեց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել Վրաստանին, եթե կատարի 9 պայման, այդ թվում` հետևի Եվրամիության արտաքին քաղաքականությանն ու հրապարակած հանձնարարականներին: Պայմաններից մեկն այն է, որ Վրաստանը պետք է գործողությունները համապատասխանեցնի ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանը։

Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու մասին պաշտոնական որոշումը պետք է կայացնեն ԵՄ երկրների ղեկավարները դեկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։ Այս որոշումը պետք է միաձայն ընդունվի Եվրամիության բոլոր անդամների կողմից։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը խոստացել է, որ Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա

Հիշեցնենք` Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները 2022 թ. հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ տրամադրեցին Ուկրաինային և Մոլդովային, բայց ոչ Վրաստանին։ ԵՄ–ում Վրաստանին նման կարգավիճակի տրամադրումը պայմանավորել են 12 պայմանների կատարմամբ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը 2023 թ. սեպտեմբերին Թբիլիսում հայտարարեց, որ Վրաստանը մինչ այժմ կատարել է թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար Եվրահանձնաժողովի սահմանած 12 պայմաններից ընդամենը երեքը:

Թբիլիսիում պարբերաբար հայտարարում են, որ ակնկալում են ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալ մինչև տարեվերջ: Թեկնածու երկրի կարգավիճակն ու բանակցությունների մեկնարկը դեռ չեն նշանակում, որ Վրաստանը դառնում է Եվրամիության անդամ։ Թուրքիան թեկնածուի կարգավիճակ ունի 1999 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005, Մոնտենեգրոն՝ 2010, իսկ Սերբիան՝ 2012 թվականից: Վերջին երկիրը, որ ԵՄ անդամ է դարձել, Խորվաթիան է (2013 թվականին)։ Գործընթացը տևեց 10 տարի։

Վրաստանի եվրաինտեգրման նոր փուլը թերևս ուշագրավ զարգացում է տարածաշրջանի համար։ Սա վերլուծության առանձին թեմա է՝ հատկապես ՀՀ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական վեկտորի տեսանկյունից։ Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերություններն այնքան, որքան ԵՄ-ն կցանկանա և պատրաստ կլինի։ Միևնույն ժամանակ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ԵՄ-ն ավելիի համար Հայաստանից ակնկալում է Ռուսաստանի նկատմամբ կտրուկ հայտարարություններ, Հայաստանի ելք՝ հատկապես ՀԱՊԿ-ից, և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների փոփոխություն։ Սակայն կան նաև կասկածներ, որ նույնիսկ ակնկալվող քայլերից հետո ԵՄ-ն Հայաստանի հարցում ավելիին պատրաստ չի լինելու։

168am-ի հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ վրաց հասարակությունը, իհարկե, շատ է սպասել, որ ԵՄ-ն վերջապես նման որոշում կայացնի և ոչ միայն՝ ԵՄ-ն, այլև՝ ՆԱՏՕ-ն։

Ըստ նրա՝ Վրաստանի եվրաատլանտյան ուղու համար շատ քայլեր կատարվել են, շատ քայլեր՝ ոչ։

«Եվ ամենահետաքրքրականն այն է, որ թեկնածուի կարգավիճակի շնորհումը ոչ մի երաշխիք չի տալիս, որ Վրաստանը մոտ ապագայում կդառնա ԵՄ անդամ երկիր։ Կարելի է ասել, որ այդ հեռանկարը շատ հեռու հեռանկար է։ Այս քայլն առավելապես ունի վրաց ներքաղաքական նշանակություն, ինչպես նաև աշխարհաքաղաքական։ Սակայն կրկնեմ, որ սա կարող է այսպես երկար շարունակվել հատկապես այն դեպքում, երբ բարեփոխումներ Վրաստանում արագ չիրականացվեն, կամ ԵՄ-ն դժգոհ լինի Վրաստանի աշխարհաքաղաքական դիրքավորումից, որը վերջին երկու տարիների ընթացքում Վրաստան-ԵՄ հարաբերությունները բացասաբար ձևավորող գործոնի է վերածվել»,- նշեց Կախա Գոգոլաշվիլին։

Նա այն կարծիքին է, որ դեկտեմբերին Վրաստանը վերջապես պաշտոնապես կստանա թեկնածուի կարգավիճակ։ «Սակայն մոտ ապագայում այլ փուլեր ԵՄ-Վրաստան հարաբերություններում չեմ ակնկալում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վրացի եվրոպագետը գտնում է, որ ԵՄ քաղաքական կամքը Հայաստանի հարցում ավելի թույլ է՝ հաշվի առնելով Ռուսաստանի և հակամարտությունների գործոնը։

Ըստ նրա, ԵՄ-ն կարևորում է հակամարտությունների կարգավորումը՝ որպես ռեգիոնը Ռուսաստանի ազդեցությունից ազատելու կարևոր պայման, որի պատճառով ստացվում է, որ ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանը, ԼՂ հակամարտությունը դիտարկում է մեկ ափսեի մեջ։

«Սա իր հետ բազմաթիվ բարդություններ է բերում։ Ստացվում է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները պայմանավորված են ուղիղ կերպով երրորդ գործոններով և ոչ այնքան ուղիղ ՀՀ-ԵՄ հարաբերություններով։ Մյուս կողմից էլ՝ աշխարհաքաղաքական այս իրավիճակում լինել ՌԴ դաշնակիցը և ԵՄ-ի հետ ունենալ ավելի սերտ հարաբերություններ անհնար է։ Սակայն չունենալով այդ հարաբերությունները՝ վստահ պնդել, որ ՀՀ եվրաինտեգրման ուղին արագ է լինելու, դժվար է ասել՝ գոնե հաշվի առնելով Վրաստանի փորձը։

ԵՄ-ն ակնկալիքների այնպիսի համակարգ է ձևավորել, որտեղ ավելի շատ քայլեր ակնկալվում են հակառակ կողմից, քան ԵՄ-ից, ուստի ակնկալել, որ ԵՄ-ն է այդ կամքը թելադրելու, սխալ է։

Մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ Հայաստանը չի անում այն կտրուկ շրջադարձը, որն ակնկալում են ԵՄ-ում, իսկ չի անում, քանի որ ռեգիոնալ զարգացումները տարերային բնույթ են կրում, այդ թվում՝ ԵՄ-ի պատճառով, ուստի գործ ունենք բավականին բարդ գործընթացի հետ։

Սա ԵՄ որոշ շրջանակներ հասկանում են, հենց այդ պատճառով որոշ քայլեր, ինչպես դիտորդների տեղակայումն էր ՀՀ-ում, արվել են, սակայն նման ռեգիոնի համար դա շատ քիչ է։

Արևելյան գործընկերություն ծրագրի մեկնարկից ի վեր ԱլԳ երկրներն ունեն այս խնդիրները՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ, բարեփոխումների դանդաղկոտություն, ինչպես նաև ԵՄ քաղաքական մտադրության վճռականության պակաս ԵՄ ներքին տրամադրությունների պատճառով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս