Եվրոպաներում «փրկիչներ» չկան. մեր հարցերի լուծման բանալին տարածաշրջանում է. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպաներում «փրկիչներ» չկան. մեր հարցերի լուծման բանալին տարածաշրջանում է…

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հետ հարաբերությունները գնահատել է «բացառիկ բարեկամական»: Եթե ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրներից մեկը Հայաստանի «բացառիկ բարեկամը» լիներ, չեմ կարծում, թե լռելյայն միջազգային կոնսենսուսը հնարավոր կդարձներ Արցախի հայաթափությունը, Հայաստանի շուրջ 200 կմ քառակուսու օկուպացիան:

Ես առհասարակ բոլոր երկրների մեջ տեսնում եմ գործընկերների, բայց հորդորում եմ չկրկնել անցյալ տարիների նարատիվային, մտածողության սխալները:
Ռուսաստանի հետ հարաբերությունները շատերը համարում էին «եղբայրական», հիմա այդ շատերը հայհոյում են Ռուսաստանին, չեմ ուզենա, որ վաղը «բացառիկ» հայհոյանքներից բաժին հասնի Ֆրանսիային, մանավանդ, առաջիկա ամիսներին դրա առիթը լինելու է, երբ հերթական անգամ համոզվենք, որ «անգլիական նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող»:

Ես կողմ եմ, որ Հայաստանը բոլոր ուղղություններով ակտիվ աշխատի, փորձի իրապես դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, անվտանգային համակարգը, բայց մեր հարցերի լուծման բանալին տարածաշրջանում է:

Եթե ուզում ենք Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովել, պարտավոր ենք վերացնել ճգնաժամը հայ-ռուսական հարաբերություններում, ձգտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Սրան այլընտրանք չկա, եվրոպաներում «փրկիչներ» չկան»:

Տեսանյութեր

Լրահոս