Բաժիններ՝

«Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ տուգանվել է 35 տնտեսվարող. ՄՊՀ անդամը՝ պահանջների մասին

Հայաստանում նախորդ տարի սահմանված պահանջները խախտելու համար «Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ, որոնք տուգանվել են 100 մլն դրամի չափով: Հանձնաժողովն այս տարի ևս «Սև ուրբաթ»-ին և տոներին ընդառաջ ակցիաների ժամանակ դիտարկելու է տնտեսվարողների վարքագիծը, գնահատելու է ստացվող տարբեր ազդակները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված՝ «Խորհուրդներ բիզնեսին զեղչերի և այլ ակցիաների իրականացման վերաբերյալ. իրազեկում «Սև ուրբաթ»-ին ընդառաջ» թեմայով ասուլիսում այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը:

«Փորձով էր ապացուցված, որ մենք ակցիաների, այդ թվում զեղչերի իրականացման ոլորտում ունենք բազում խնդիրներ, մասնավորապես, երբ որևէ գնային փոփոխություն տեղի չէր ունենում զեղչի ժամանակ, շատ դեպքերում արհեստականորեն գինը բարձրացնում էին և այլն»,-ասաց Մարկոսյանը:

Այս խնդիրները հավաքագրվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Արդյունքում որոշել են խնդիրները լուծել՝ օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախաձեռնելով: Հանձնաժողովը մշակած Առևտրի և ծառայությունների մասին օրենքն ուժի մեջ է մտել 2022-ի հուլիսի 31-ից:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դրանից հետո նախորդ տարի «Սև ուրբաթ»-ին, նաև Ամանորին ընդառաջ սկսել է ակտիվ մշտադիտարկման գործողություններ:

Հանձնաժողովի անդամի գնահատմամբ՝ ներկայումս ոլորտն էականորեն բարելավվել է: Հանձնաժողովը դիտարկել է ավելի քան 80 ակցիա: «Դրա ընթացքում շուրջ 35 տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ վարույթներ են հարուցվել: Տնտեսվարողների մի մասը պատճառաբանել է, որ ակցիայի նոր օրենսդրությանը չի տիրապետել, մեղքն ընդունել է և խնդրել արագացված վարույթ կիրառել: Մի մասն էլ տարբեր պատճառներով ավելի ուշ է գիտակցել խնդիրը, ավելի ուշ ընդունել մեղքը: Արդյունքում իմ նշած 35 վարույթից մեծամասնության դեպքում ունեցել ենք մեղքի ընդունման փաստեր: Եվ այս բոլոր վարույթների առնչությամբ հանձնաժողովը կիրառել է շուրջ 100 մլն դրամի չափով տուգանք»,-ասաց Մարկոսյանը՝ հավելելով, որ վարույթները ներառում են նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ակցիաները։

Հանձնաժողովը դիտարկումներ է իրականացնել տարբեր ոլորտներում՝ կենցաղային տեխնիկայի ոլորտում, հագուստի, շինանյութերի ոլորտում և այլն:

Մարկոսյանը վստահեցրեց, որ հետևողական են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Գալիք «Սև ուրբաթ»-ի և այլ ակցիաների առնչությամբ ևս դիտարկելու են տնտեսվարողների վարքագիծը, գնահատում են ստացվող տարբեր ազդակները:

Մարկոսյանը ներկայացրեց կարգավորումները: Չեղչի տեսանկյունից առկա են մի քանի բովանդակային հիմնական պահանջներ:

«Առաջին հերթին՝ զեղչի կիրառումը ձևավորվում է ոչ թե նախորդող մեկ օրվա գնի հետ կապված, այլ զեղչի մեկնարկին նախորդող 1 ամսվա ապրանքի միջին գնից: Եթե, օրինակ, տնտեսվարող սուբյեկտը 10 օր ունեցել է X գնով վաճառք, 12 օր՝ Y, դրանից հետո մնացած 8 կամ 9 օրը ունեցել է երրորդ գնով, ապա պետք է թվաբանական միջին ստանալ, և այդ միջին գինը պետք է հիմք ընդունվի զեղչման տոկոսը որոշելիս, ոչ թե վերջին օրը բարձրացնել 200 տոկոսով, հետո իջեցնել 80 տոկոսով»,-ասաց Մարկոսյանը:

Ընդ որում՝ վաճառքի ընթացքում պետք է տեսանելի լինի այդ միջին գինը, այսինքն՝ սպառողի համար ջնջված գինը պետք է լինի միջին գինը: Զեղչը կարող է տևել ոչ ավելի, քան 3 ամիս:

Տնտեսվարողը պարտավոր է իրազեկել, թե հայտարարված ակցիան ինչ ապրանքների շրջանակին է վերաբերում, պետք է նշի, թե ակցիան երբ է մեկնարկում, երբ է ավարտվում: «Կարող են հայտարարել զեղչ, գնաք խանութ, պարզվի, որ զեղչն արդեն ավարտված է: Սա անհարմարություն է սպառողների համար, նաև՝ խայծ, որ մտեք առևտրի օբյեկտ և հնարավոր է, որ որևէ գնում կկատարեք»,-ասաց հանձնաժողովի անդամը:

Եթե կան հատուկ պայմաններ, թե որ դեպքում է զեղչը կիրառվում, ապա տնտեսվարողը անպայման պետք է իրազեկի:

Կան նաև իրազեկման առումով պահանջներ: «Օրինակ՝ այնպես չլինի, որ 50 կամ 70 տոկոս զեղչ արտահայտությունը շատ մեծ լինի, իսկ դրա դիմաց գրված «մինչև» բառը շատ փոքր, որ սպառողը թակարդում չհայտնվի: Եթե գործ ունենք «մինչև X» տոկոս, այսինքն՝ միջակայքային զեղչի հետ, դա պետք է վերաբերի ապրանքների առնվազն 1/5-րդին: Շատ դեպքերում կարելի էր տեսնել շատ բարձր տոկոսով զեղչի հայտարարություն, սակայն առևտրի օբյեկտ գնալիս պարզվվում էր, որ ընդամենը 1-2 փոքրարժեք ապրանքին է դա վերաբերում»,-ասաց Մարկոսյանը:

Նա շեշտեց, որ տնտեսվարողը զեղչի վերաբերյալ իրազեկումներում ևս պետք է լինի բարեխիղճ:

Ցանկացած բան, որը կարող է սպառողի մոտ թյուր տպավորություն կամ ապակողմնորոշում առաջացնել, մրցակցային օրենսդրության տեսանկյունից հանգեցնում է անբարեխիղճ մրցակցության՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ: Դրա հետևանքն էլ այն է լինելու, որ տնտեսվարողը նախորդ տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով կարող է ենթարկվել պատասխանատվության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս