Վատ «վարորդին» ի՞նչն է խանգարում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեկը, ինչպես ասում են, «նա խադու» մեքենա է ձեռք գցում: Դե, «կոսմետիկ» թերություններով (մեքենայի վրա միշտ էլ գործ կա անելու), բայց բառիս բուն իմաստով «նա խադու», ամենակարևորը՝ ընթացային մասերը՝ լրիվ անվտանգ: Էս գնորդը ո՛չ վարորդական իրավունք (դե, «պռավա») է ունենում, ոչ էլ մեքենան վարել է կարողանում: Վերցնում ու հենց առաջին օրը ճանապարհի եզրաքարերին է խփում, հասկացաք՝ «բորդյուրին», մարդիկ հավաքվում են, ասում է՝ ժողովո՛ւրդ, էս ավտոյի ռադիատորը 80-ական թվերի էր, դրա համար տենց եղավ:

Հաջորդ անգամ գնում, սյանն է խփում, էլի մարդիկ են հավաքվում, ասում է՝ ժողովո՛ւրդ, «կալոդկեքի» վրա նախկին տերը ներկ էր փչել, դրա համար էդպես եղավ: Մի անգամ էլ հենց ավտոտնակի դարպասին է հարվածում՝ մեքենայի հերն էլ անիծելով, ավտոտնակի էլ: Նորից թաղեցիք հավաքվում են, սա թե՝ նախկին տերը ավտոտնակի մուտքը շատ նեղ է արել, հարևաններն ու թաղապետարանն էլ չեն արգելել, դրանից էր…

Հարևաններից մեկը, որ վերևի հարկից հետևում է էս իրարանցմանը, մտածում է՝ արա, սա մեզ գժի տեղ ա դրել, սպասի ասեմ՝ «սաղ շարժիչից ա», տեսնեմ, թե ի՞նչ ա անելու: Ու վերևից ձայն է տալիս, թե՝ ընկե՛ր ջան, էդ մատոռի՛ց ա, մատոռի՛ց… Սա լրիվ լուրջ է ընդունում, ու մի օր էլ որոշում է, որ ինքը ավտոյից հասկացող ամենաուժեղ մեխանիկն է, սկսում է շարժիչը զննել: Նայում է, նայում, էս մասն է ձեռնահարում, էն մասն է ձեռնահարում, վերջը հասկանում է, որ բան չի հասկանում, մուրճն առնում, ընկնում է շարժիչի «ջանին»: Դը՛մփ, հա, դը՛մփ, հո՛ւ, հա, հո՛ւ…

Վերջը տալիս է, շարժիչը լրիվ ջարդուփշուր անում, թաղեցիք նորից հավաքվում են: Սա էլ թե՝ «տեսա՞ք, որ սրա մեխանիզմը չի աշխատւմ, դրա համար էլ անընդհատ պատերին էր խփվում»… Նման վարորդի մասին մտքներումդ հիմա ինչ ասես ասացիք, չէ՞: Բա որ այդ «վարորդը» պետության ղեկին է լինում, դրան ի՞նչ կասեք: Նիկոլ Փաշինյանը պետության «մեքենան» պատեպատ խփելով բերել ու երեք անիվով անդունդի պռնկին կախել է, թե բա՝ դուխով խաղաղության խաչմերուկ մտանք, էն էլ լուսացույցի գույները «խաղում» էին:

Ու ընդհանրապես, չի լքում հիմնավոր կասկածը, որ այս քաղաքական ուժի գոնե կարդալու ունակ ներկայացուցիչների կարդացած միակ գիրքը Օտյանի «Փանջունին» է, այն էլ՝ միայն նախաբանը, այն էլ՝ որպես կյանքի և գործունեության ուղեցույց: Կհիշեք, որ ասում է՝ 2×2 հավասար է 5-ի, ու քարով տալիս, բացում է դասընկերոջ գլուխը, որ ասում էր՝ չէ, 4 է: Քարով տալիս է ու ասում՝ «առ քեզ համոզեցուցիչ փաստարկ մը»: Ինչ կա, ջարդում էր ու ասում՝ շինեցի: Հայրն էլ լավատեսորեն կարծում էր, որ տղան մեծանա՝ փորձանք է դառնալու, պարզվեց՝ չէ, տղան հեղափոխական դարձավ»:

Տեսանյութեր

Լրահոս