Ո՞ր դեպքում է ԼՂ-ից տեղահանվածների բուժումը վճարովի. պարզաբանում

Հայաստանում գործում է պետպատվերի որոշակի ծավալ, և այդ ծավալն ամբողջությամբ հասանելի է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղաhանվածներին, սակայն որոշակի ծառայություններ վճարովի են։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է պատահում, որ հայտարարվում է, թե ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բուժումն անվճար է, բայց մարդկանցից անալիզներ հանձնելու համար գումար են ուզում։

Ավանեսյանը խնդրեց, որ իրեն ներկայացնեն դեպքի մանրամասները ճշտումներ կատարելու համար՝ ասելով.

«Շատ դեպքերում ինֆորմացիայի պակասը բերում է շփոթության»։

Նա պարզաբանեց, որ եթե, օրինակ, վիրահատությունից առաջ պետք է անալիզներ վերցնել, դա պետպատվերի շրջանակում է, բայց եթե անձն ուղղակի ուզում է ստուգում անցնել, վճարովի է։

Ավանեսյանն ընդգծեց` նրանք, ովքեր ՀՀ են տեղափոխվել առանց փաստաթղթերի, խնդիրների չեն բախվի, եթե հաշվառվել են և նույնականացվել։

Տեսանյութեր

Լրահոս