Թուրքիայում աղքատության շեմը շարունակում է աճել
Թուրքիայում հետզհետե ավելի ու ավելի սաստկացող ինֆլյացիայի (գնաճ) ֆոնին Թուրքիայի աշխատավորների ահրմիությունների համադաշնությունը (Türk-İş) հրապարակել է ամենամսյա «սովի և աղքատության շեմերին» վերաբերող հետազոտության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում սովի շեմ է համարվում այն գումարի չափը, որը ծածկում է չորս հոգուց բաղկացած մեկ ընտանիքի սննդի հիմնական ծախսերը, իսկ աղքատության շեմը՝ վարձակալության և կոմունալ վճարների համար անհրաժեշտ հիմնական ծախսերը:
Ըստ այդմ՝ հոկտեմբերին սովի շեմը կազմել է 13.684 թուրքական լիրա (շուրջ 487 դոլար), իսկ աղքատության շեմը 44.573.3 լիրա (շուրջ 1584 դոլար):
Հատկանշական է այն, որ այս ամենին զուգահեռ Թուրքիայում մեկ մարդու ամսական վաստակը կազմում է միայն 17.803.3 (շուրջ 633 դոլար) լիրա:
Այսպիսով ստացվում է, որ Թուրքիայում ապրող բոլոր հասարակ/աշխատավոր քաղաքացիներն աղքատ են:
Համադաշնության կողմից տվյալների հրապարակումից հետո հետազոտության արդյունքները թուրքական մամուլում ևս հիմնականում հետևյալ կերպ են մեկնաբանվել՝ «Թուրքիայում արդեն բոլորն աղքատ են. աղքատության շեմը 44.573 լիրա է»:
Նշենք, որ սեպտեմբերին աղքատության շեմը կազմում էր 43․433 լիրա (շուրջ 1547 դոլար):