«Չեմ հավատում Նիկոլի քաղաքականությանը». Հարցում՝  իշխանությունների խաղաղության օրակարգերի մասին

«Մենք նվիրված ենք խաղաղության օրակարգին»՝ Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունը թերևս կարելի է լսել Կառավարության ու Ազգային ժողովի բոլոր նիստերին: Այս հայտարարությունը հատել է նաև Հայաստանի սահմանները և հնչել  միջազգային հարթակներում: Հերթականն օրերս Թբիլիսում էր, երբ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում խոսեց նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին:

«Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով»,- նախագծի մասին ասել էր Փաշինյանը:

Առաջին խոսափողի հանգույն՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենց պարտքն են համարում վստահեցնել՝ շարունակում են «հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին, որի կարևոր մասն է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»:

Սակայն խաղաղությունը միակողմանի չի լինում, կամ չի լինում Բաքվից հնչող սպառնալիքների ներքո: «Այդ դեպքում որքանո՞վ է իրատեսական իշխանությունների խաղաղության օրակարգը» հարցի պատասխանը 168.am-ը լսել է նաև քաղաքացիներից:

«Եթե «խաղաղության խաչմերուկ»-ն իրականություն դառնա, իսկապես կարևոր է, բայց ես չեմ հավատում Նիկոլի քաղաքականությանը, որովհետև այսօր մի բան է ասում, վաղը կարող է մեկ ուրիշ բան ասի»,- նշեց մեր քաղաքացիներից մեկը:

Մեկ ուրիշը ցավով արձանագրեց՝ չի կարծում, թե դա իրատեսական է այս իշխանությունների պարագայում:

«Հայաստանն առայժմ անորոշ վիճակի մեջ է. յուրաքանչյուր երկիր պետք է իր ազգի արժանապատվությունն ու պետության շահերը պաշտպանի, և ոչ թե անընդհատ զիջի:

Այս վիճակից դուրս գալու միակ  ելքը որոշակի փոփոխությունների անհրաժեշտությունն է: Նման իրավիճակ միայն աշխարհի մի երկրում է եղել՝ Կամբոջան՝ Պոլ Պոտը»,- նկատեց նա:

Մեր զրուցակիցներից մեկն ի պատասխան հիշեցրեց, որ Ադրբեջանն «ատամները սրած սպասում է՝  հարձակվի մեզ վրա»:

Խաղաղության տեսլականին հավատացող մեր հայրենակիցները նկատում էին, որ ժամանակի ընթացքում գուցե և Ադրբեջանն էլ «գնա դրան»:

Արցախից մեր հայրենակիցն էլ շեշտեց՝ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղ ապրել, եթե դու ուժեղ պետություն ես:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս