Լեգիտիմ են ենթադրությունները, որ իրավապահների գործողությունները պայմանավորված են Վ. Սաղաթելյանին և Ն. Սամսոնյանին` Սերժ Սարգսյանի տված հարցազրույցով. Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Անկախ նրանից` հանդիսանում են արդյոք Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը մեր «սրտի բլոգերներ», թե տեղեկատվական միջավայրը պղտորողներ, անկախ նրանից` ինչպիսի իրավական գնահատական այս անգամ կտրվի իրենց ներկայացվող մեղադրանքներին դատարանի կողմից, ցանկացած ողջամիտ անձ չի կարող ժխտել, որ
– Իրավապահների կողմից իրականացված օպերատիվ գործողությունները ընդունելի չեն իրենց բնույթով և խստությամբ,
– համոզված եմ` չկան միամիտներ, որոնք կհավատան, թե իրավապահները սեփական նախաձեռնությամբ, առանց հրահանգավորման թույլ են տվել չարաշահումներ,
– խափանման միջոցի ընտրությունը որեւէ առումով արդարացված չէ, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կասկածյալները կարող են խոչընդոտել նախաքննության գործընթացին, եթե չլինեն անազատության մեջ։ Այսինքն, հերթական անգամ առերեսվում ենք խափանման միջոցը պատժի միջոցի վերացնելու արատավոր պրակտիկային,
– միջոցների կիրառման առումով գործ ունենք ակնհայտ ընտրողական վերաբերմունքի հետ, որը հիմք է տալիս խոսել քաղաքական դրդապատճառներով հետապնդման մասին,
– լեգիտիմ են ենթադրությունները, որ իրավապահների գործողությունները պայմանավորված են Վ. Սաղաթելյանին եւ Ն. Սամսոնյանին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցով և դրան հետևած աղմկոտ ու քաղաքավարությունից հեռու արձագանքներով,
– դեմագոգիա կլինի այս գրառումն ընկալելը որպես «պաշտպանություն քֆուրչիների». խոսքը իրավունքի պաշտպանության մասին է, որը վերաբերում է բոլորիս` անկախ քաղաքական կամ մասնագիտական համակրանքներից և հակակրանքներից»։

