Առկա խնդիրները լուծելու համար նախ պետք է Արցախյան հարցն ակտուալ պահել. Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար Աբրահամ Գասպարյանը համոզված է, որ Արցախյան վերջին պատերազմից հետո առկա իրավիճակից դուրս գալու ճանապարհները մտածված են: Դրանք իրականություն դարձնելու համար մեր ազգի մոտ պակասում է գործակցության մշակույթը:

«Ազգային ու պետական շահերի ու քաղաքականության կողմնակից բոլոր առողջ ու սթափ ուժերը, անհատականությունները, հանրային-քաղաքական դաշտում իրենց խոսքի և գործի կշիռն ունեցող անձինք պարտավոր են ձևավորել կոնսենսուս այնպես, ինչպես միջազգային հանրությունը գործող իշխանության հետ ձևավորել է կոնսենսուս՝ Արցախի հարցի իսպառ վերացման վերաբերյալ»,- ասաց Աբրահամ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահն այսօր, ժամը 12:00-ին փակ հանդիպման է հրավիրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, ԱՀ պատգամավորներին ու տարբեր հասարակական ու քաղաքական գործիչների:

Նախատեսվում է քննարկել երկրում ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ հարցերն ու գտնել դրանց լուծումները:

Աբրահամ Գասպարյանը հայտնեց, որ իրենք հանդիպմանը եկել են ոչ թե ճառեր ասելու կամ նոր մտքեր հղանալու, այլ մշակելու համատեղ աշխատանքի կոնկրետ մեխանիզմներ:

«Մեդիա դաշտում, առանց Արցախյան հարցն ակտուալ պահելու, քաղաքական ոչ մի ուժ չի կարող կենսունակության նշան ցույց տալ Հայաստանին»,- ասաց Գասպարյանը:

Անդրադառնալով 168.am-ի դիտարկմանը, որ Փաշինյանը մինչև օրս այդպես էլ ժամանակ չի կարողանում գտնել՝ ընդունելու Արցախի ղեկավարին, Աբրահամ Գասպարյանը հայտարարեց, որ ՀՀ ներկա իշխանությունները փորձում են թերարժեվորել առկա գործընթացները:

«Թե Նիկոլ Փաշինյանն ում կընդունի, ում՝ չէ, իր խնդիրն է, բնականաբար: Բայց ակնհայտ է մեկ բան, որ արվում է ամեն բան, որպեսզի նսեմացվի Արցախի հարցն ու Արցախի պահպանված վերջին կառույցը լուսանցք մղվի»,- ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս