ՔՊ պատգամավոր կանայք ե՛ւ տուն են գնել, ե՛ւ պետությունից տան վարձի փոխհատուցում ստացել. «Ժողովուրդ»
ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը այսօր մեզ փոխանցեց իր վրդովմունքը, թե «Ժողովուրդ» օրաթերթը նյութ է հրապարակել, որ ինքը տուն է գնել ու միաժամանակ ԱԺ-ից տան վարձավճար է ստացել: «Սու՛տ. հերյուրանքներ եք գրել: Ես եւ Արփին (նկատի ուներ Արփի Դավոյանին), երբ բնակարան ենք գնել, այլեւս տան վարձավճար չենք ստացել…», – ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց պատգամավորը:
Կրկին ուսումնասիրեցինք փաստաթղթերը, ՀՀ Ազգային ժողով ուղարկած մեր հարցման պատասխանները, եւ պարզեցինք, որ Լիլիթ Ստեփանյանը 2019 թվականից մինչեւ 2022 թվականը, ամեն ամիս տան վարձավճարի փոխհատուցում է ստացել: Այսինքն՝ նա 2020-ի ապրիլի 1-ին տուն է գնել, բայց ե՛ւ 2020-ին, ե՛ւ 2021-ին նաեւ տան վարձի գումար է ստացել պետբյուջեից: Իսկ Արփի Դավոյանի դեպքում իրավիճակն ավելի դրամատիկ է. նա 2019 թվականից մինչեւ 2023 թվական՝ հիմա, տան վարձավճարի փոխհատուցում է ստանում ՀՀ Ազգային ժողովի բյուջեից: Այսինքն՝ 2021 թվականին ե՛ւ տուն է գնել, ե՛ւ տան վարձավճար է ստանում: