
ՎԶԵԲ-ը պատրաստակամ է աջակցել բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցող ԼՂ- ից բռնի տեղահանվածներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:
Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ոլորտներում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը:
Ըստ աղբյուրի՝ ՎԶԵԲ գործընկերները տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանը աջակցության պատրաստակամության մասին. քննարկվող աջակցությունը հիմնականում կարող է ուղղվել ՓՄՁ ոլորտին և բիզնես գործունեությամբ զբաղվել ցանկացող շրջանակներին, ինչպես նաև տեղահանվածների որոշ սոցիալական խնդիրների լուծմանը:
Նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ի պատրաստակամության համար և կարևորել նախատեսվող աջակցության նպատակայնությունն ու անհրաժեշտ կարիքների գնահատումն ու վերհանումը: