Պետք է բոլորը պատրաստվեն. Գնել Սանոսյանը` «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին
Այսօր ԱԺ-ում լրագրողները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին, թե օրերս ի՞նչ քարտեզների մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում էր, որ այդ քարտեզներով պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում։
Գնել Սանոսյանը հարցին չպատասխանեց՝ նշելով, որ հարցը ճիշտ հասցեատիրոջ չի ուղղված։
«Ժողովուրդ ջան, խոսվել է, որ պետք է այդ աշխատանքներն իրականացվեն այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմք։ Դա մեր նախարարությանը չի առնչվում, որպեսզի կարողանամ մանրամասներ ասել, դա առավելապես պաշտպանական գերատեսչություններին վերաբերող հարց է»,- նշեց Գնել Սանոսյանը։
Հաջորդ հարցին՝ Մեղրիի երկաթգծից որևէ կոնկրետ ծրագիր կա՞, քանի որ իշխանությունն արդեն «խաղաղության խաչմերուկ» բրոշյուրներ է բաժանում, Գնել Սանոսյանը հարցով պատասխանեց.
«Իսկ դուք չե՞ք շտապում, որ խաղաղություն լինի։ Ուզում ենք խաղաղություն լինի, որ արհավիրք չլինի, որովհետև մեր հայրենակիցները տեսնում են, որ աշխարհում տեղի է ունենում աշխարհակարգի փոփոխություն, և շատ ավելի գլոբալ խնդիրներ կան, քան մեզ առնչվող խնդիրներն են։ Կարծում եմ՝ շատերը շատ հարցերի պատասխաններ գտնում են աշխարհում տեղի ունեցող, իհարկե ոչ ցանկալի, բայց աշխարհաքաղաքական այս բախումների ֆոնին։
Ինչ վերաբերում է երկաթգծին, ապա դրա վերաբերյալ 2020 թվականից հետո եղել են առաջին ուսումնասիրությունները։ Մենք պատվիրեցինք ճարտարապետաշինարարական համալսարանին իրականացնել ուսումնասիրություններ։ Այսինքն՝ մենք գիտենք այնտեղի վիճակը, գիտենք՝ ինչ աշխատանք է պետք անել, մոտավորապես ինչքան ժամանակ է պահանջվելու, և այլն։ Որոշակի աշխատանքային նախնական պատկերացում ունենք, թե ինչ է պետք անել, որպեսզի երկաթգիծը վերականգնվի։ Սակայն այդ ամենը տեղի կունենա, երբ լինեն քաղաքական, դիվանագիտական և այլ գործոններ»,- շեշտեց Գնել Սանոսյանը։
Թե ինչո՞ւ հայկական խաչմերուկն իշխանությունն անվանափոխեց՝ վերանվանելով «խաղաղության խաչմերուկ», Գնել Սանոսյանն ասաց, որ՝ այո՛, ուզում են խաղաղություն ստանալ։
«Բոլորը պետք է ոչ միայն պատրաստվեն, այլև յուրաքանչյուրը պիտի ջանք գործադրի, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, եղած ենթակառուցվածքներն օգտագործվեն։ Միշտ էլ երկրները կարող են միմյանց աջակից լինել, համատեղ նոր ենթակառուցվածքներ կառուցել»,- շեշտեց նա։
Գնել Սանոսյանը միաժամանակ ընդգծեց, որ ըստ էության ներկայացվել է այն հայեցակարգը, թե ինչպես պետք է նոր ենթակառուցվածքներ կառուցվեն և վերագործարկվեն հները։
«Միտքն այն է, որ եթե մի պահ նայենք այդ ենթակառուցվածքներին, ապա կտեսնենք, որ այդ ենթակառուցվածքները մեզ բոլորիս համատեղ զարգանալու հնարավորություն են տալիս։ Մեր միտքն այն է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելիս այդ ենթակառուցվածքները հնարավորություն կբերեն բոլորին»,- եզրափակեց Գնել Սանոսյանը։