Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիության «վերստացո՞ւմ», թե՞ քաղաքական «պարտադրանք»

Իշխանությունները հրատապ կարգով Արցախի Հանրապետությունը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, իսկ այժմ տպավորություն է, որ նույն հրատապությամբ փորձում են ազատվել «արցախցիների բեռից»՝ տրոհելով արցախցիների հավաքականությունը և դրանով կանխելով հավաքական պահանջատիրությունը:

Վերջինի համար, ըստ տարբեր դիտարկումների, գործի է դրվել մեխանիզմների փունջ. այդ մասին՝ առավել մանրամասն:

Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Նրանք արագացված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն՝ դիմելու պարագայում, որովհետև կարող է լինեն մարդիկ, որ չեն ուզում, և որից հետո թոշակավորման և մնացած այլ հարցերը շատ արագ կլուծվեն»:

Կարդացեք նաև

Թվում է՝ իսկապես անհրաժեշտ գործընթաց է, սակայն, երբ ծանոթանում ես գործընթացին, բաց է մնում հարցը՝ Արցախի քաղաքացիներին տրված «կապույտ անձնագրերն» արդյո՞ք չեն հավաստում իրենց քաղաքացիությունը: Ապա նաև՝ որքանո՞վ է հիմնավոր տարբեր պաշտոնական շրջանակների հավաստիացումը, թե «Կապույտ անձնագրերը, թե՛ տարբեր միջազգային հարթակներում, թե՛ ներպետական ընթացակարգերում նշվել է, որ ԼՂ մեր հայրենակիցներին տրամադրվել են՝ որպես ճամփորդական փաստաթղթեր, որպեսզի տարածքից դուրս գալուց հետո խնդիրներ չառաջանան»:

Նկատենք՝ այդ, այսպես կոչված, «ճամփորդական փաստաթղթերով» Արցախից մեր հայրենակիցները ՀՀ-ում նախկինում ընդունվել են աշխատանքի, և, ինչպես նշում է իրավաբան Հովհաննես Խուդոյանը, մասնակցել ընտրությունների:

«ՀՀ դատարաններն արձանագրել են, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովհաննես Խուդոյանը, ապա մանրամասնեց,- Եթե ՀՀ դատարաններն արցախցուն հնարավորություն են տվել մասնակցել համապետական ընտրությունների, ուրեմն ՀՀ-ն ճանաչում է նրանց ՀՀ քաղաքացիներ: Բարդ իրավաբանության կարիք չկա»:

Իրավաբանը չգիտի, թե ի՞նչ շարժառիթներ կան իշխանությունների կողմից արցախցիներին «պարտադրվող» ՀՀ քաղաքացիություն ստանալու ուղղորդման համար:

«Արդյո՞ք դա պայմանավորված է վախերով, Ադրբեջանի հետ համաձայնությամբ, կամ՝ քաղաքական շարժառիթներով՝ չգիտեմ: Գուցե ինչ-որ ադեկվատ պատճառաբանություններ էլ հնչեն, բայց դա հարցի իրավական կողմը չի փոխում,- նկատեց նա, ապա անդրադառնալով պաշտոնական հիմնական պարզաբանմանը, թե դա տրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ՝ արձագանքեց,- Իսկ այլ պետությունները, երբ այդ անձանց ընդունել են, այդ փաստաթղթերն ընդունել են՝ որպես «ճամփորդական փաստաթո՞ւղթ», թե՞ որպես «ՀՀ անձնագիր»։ Անկախ նրանից՝ ինչ պատճառաբանությամբ է տրվել՝ կա փաստ, որ գրված է՝ ՀՀ անձնագիր ու ՀՀ քաղաքացի: Այսինքն՝ արցախցին, որն այդ անձնագրով գնացել է օտար պետություն, իրեն չեն ընկալել՝ որպես չճանաչված պետության քաղաքացի, այլ ընդունել են՝ որպես ՀՀ քաղաքացի»:
Մեր զրուցակիցն արձանագրեց՝ այս եղանակով իշխանությունները մարդկանց երկընտրանքի առաջ են կանգնեցնելու՝«կամ ձեզ օգնություն ընդհանրապես չենք տրամադրելու, կամ՝ ընտրեք «փախստականի կարգավիճակ», որ ստանաք օգնությունը»:

Ըստ նրա՝ այս կերպ նաև փորձ է արվում տարրալուծել արցախահայությանը. «Միայն դա չէ. վերջին մեկ ամսվա բոլոր գործողությունները տանում են դրան, օրինակ, Արցախի պետական համալսարանը, որ չեն ցանկանում որևէ ֆորմատով պահպանել:

Ամեն ինչ մերժում են, իսկ նպատակը՝ չթողնել, որպեսզի կուռ համայնք մնա էստեղ, չթողնել, որպեսզի քաղաքական դաշտում ակտիվություն ունենան: Ամեն տեղ տարրալուծել, ատելության խոսք տարածել արցախցիների ուղղությամբ, իրենց համար գլխացավանքից հնարավորինս շուտ  բոլոր գործիքակազմերով ազատվել»,- ամփոփեց Հովհաննես Խուդոյանը:

Նշենք, որ իրավաբանն այս առնչությամբ արդեն մեկնարկել է տարաբնույթ տեղեկությունների հավաքագրում, որոնք ավելի ուշ կամփոփի: Իսկ պահանջվող տեղեկությունները հետևյալն են. «Դեպքեր, երբ  արցախցին իր 070 կոդով անձնագրով ծառայության է ընդունվել ՀՀ զինված ուժերում, այլ ուժային կառույցներում,

– մասնակցել է համապետական ընտրությունների

– նշանակվել է ՀՀ քաղաքացիություն պահանջող պաշտոնի

– ստացել է ՀՀ քաղաքացուն տրվող արտոնություն

– ենթարկվել է ՀՀ քաղաքացուն բնորոշ տույժի /օրինակ, հետապնդվել է պետական դավաճանության մեղադրանքով/»:

Տեսանյութեր

Լրահոս